ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԸ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 34-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման հավելվածի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. |
1. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2022 թվականի մարտի 13-ի Ազգային ժողովի հատուկ նիստը գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին: |
2. Ազգային ժողովի պատգամավորների գրանցման կարգը սահմանում եւ գրանցումը կազմակերպում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը: |
3. Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը: |
4. Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը: |
5. Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին եւ Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս նորընտիր Հանրապետության նախագահը: |
6. Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ նորընտիր Հանրապետության նախագահը: |
7. Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված: |