National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 



Հավելված
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի խորհրդի
2017 թվականի մայիսի 26-ի թիվ 1 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

  1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված իր լիազորություններն իրականացնելիս գործում է Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին և սույն աշխատակարգին համապատասխան:
  2. Խորհրդի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում Խորհրդի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ Խորհրդի որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:
  3. Խորհրդի արտահերթ նիստ գումարելու մասին Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են արտահերթ նիստի օրակարգը և անցկացման ժամկետը: Գրությանը կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Եթե գրությունը կամ օրակարգային որևէ հարց սահմանված պահանջներին՝
    • 1) չի համապատասխանում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.
    • 2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում հրավիրում է Խորհրդի արտահերթ նիստ:
  4. Խորհրդի անդամները Խորհրդի հերթական նիստի հրավիրման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի հրավիրման մասին՝ ոչ ուշ, քան երեք ժամ առաջ: Այլ վայրում Խորհրդի նիստ անցկացնելու մասին Խորհրդի անդամները տեղեկացվում են նիստից առնվազն մեկ օր առաջ: Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) Խորհրդի նիստերի հրավիրման մասին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Խորհդրի անդամներին:
  5. Խորհրդի նիստին ներկա Խորհրդի անդամներին գրանցում է Աշխատակազմը:
  6. Խորհրդի նիստի սկզբում իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված: Եթե Խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով Խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝
    • 1) ապահովման դեպքում նիստը նախագահողը Խորհրդի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.
    • 2) չապահովման դեպքում Խորհրդի նիստը համարվում է չկայացած:
  7. Ազգային ժողովի նախագահը Խորհրդի քննարկմանը ներկայացնում է Կանոնակարգի 28-րդ հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 9-րդ կետի, սահմանված Խորհրդի լիազորությունների իրականացման վերաբերյալ որոշման նախագծեր: Խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն Խորհրդի քննարկմանը ներկայացնելու Կանոնակարգի 28-րդ հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 1-ին, 9-րդ, 13-րդ և 14-րդ կետերի, սահմանված լիազորությունների իրականացման վերաբերյալ որոշման նախագծեր:
  8. Կանոնակարգի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով, 44-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով, 49-րդ հոդվածի 3-րդ մասով, 52-րդ հոդվածի 6-րդ մասով, 58-րդ հոդվածի 5-րդ մասով և 162-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերը Խորհրդի քննարկմանը կարող է ներկայացնել իրավասու անձը կամ մարմինը:
  9. Խորհրդի անդամներն իրավունք ունեն Խորհրդի քննարկմանը ներկայացնելու Խորհրդի որոշման փոփոխության մասին նախագիծ:
  10. Խորհրդի հերթական նիստի, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝  այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:
  11. Խորհրդի նիստը նախագահողն ունի Կանոնակարգի 52-րդ հոդվածով  սահմանված լիազորություններ՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Խորհրդի նիստը նախագահելու համար:
  12. Խորհրդի հերթական նիստում, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է նիստը նախագահողը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:
  13. Խորհրդի նիստում հարցերը քննարկվում են Կանոնակարգի 55-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան: Հարակից զեկուցում չի լինում:
  14. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են Խորհրդի նիստը նախագահողին։ Հարցերը տրվում են, ինչպես նաև ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ, որով հիշեցվում է հաջորդ հարց տվողի կամ ելույթ ունեցողի անուն-ազգանունը:
  15. Հարցի քննարկման ընթացքում՝
    • 1) զեկուցման համար հատկացվում է մինչև տասը րոպե.
    • 2) հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաև արձագանքելու համար հատկացվում է մինչև երկուական րոպե.
    • 3) ելույթների համար հատկացվում է  մինչև հինգական րոպե.
    • 4) նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հատկացվում է մինչև մեկական րոպե:
  16. Խորհրդի նիստը նախագահողի զեկուցման, հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաև արձագանքելու ժամանակը չի սահմանափակվում:
  17. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Խորհրդի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը։ Քվեարկության պահին նիստը նախագահողին դիմելն արգելվում է:
  18. Եթե Խորհրդի նիստում քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացվել է մեկից ավելի նախագիծ կամ առաջարկ, ապա դրանք քվեարկության են դրվում Կանոնակարգի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-7-րդ կետերին համապատասխան:
  19. Խորհրդի նիստերը ձայնագրում և արձանագրում է Աշխատակազմը: Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում է նիստը նախագահողը:
  20. Ազգային ժողովի նախագահի կամ Խորհրդի նիստի օրակարգային հարցի հեղինակի առաջարկությամբ Խորհուրդը կարող է սահմանել հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչև հարցի քննարկումն սկսելը: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, կամ չեն կարող կրճատվել սույն աշխատակարգի 15-րդ կետով սահմանված ժամկետները:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS