Տպել

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 Բյուջետային գրասենյակի գործառույթներն են`

1)  պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և (կամ) այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

2) ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը.

3)  պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը, ինչպես նաև ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.

4) պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպմանն աջակցությունը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.

5) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Այդ նպատակով Բյուջետային գրասենյակն իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև  պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում`  տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով.

6)  պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտա­բյու­ջե­տա­յին միջոց­ների), ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող, հատկացված մի­ջոց­նե­րի (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

7)  Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

8) պետական բյուջեի նախագծի և պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի), դրա  ֆինանսավորման աղբյուրների, պետական բյուջեի պարտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանն  աջակցությունը.

9)  պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.

10) պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրի պատրաստումը.

11) Վերահսկիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների և եզրակացությունների վերաբերյալ տեղեկանքների  տրամադրումը.

12)  իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելը: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

     

Բյուջետային գրասենյակի գործառույթների իրականացումը

 Բյուջետային  գրասենյակն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով  է ներկայացնում՝

1) պետական բյուջեի նախագծի և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրերը (Պատրաստվում և ներկայացվում են պետական բյուջեի նախագիծը և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում).

2) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը(Պատրաստվում և ներկայացվում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը ստանալուց հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում):

 

Բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին`

1) տրամադրում է (գործառույթներն իրականացվում են համապատասխան  հարցման ներկայացմանը հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում)՝

ա. տեղեկանքներ՝ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և (կամ) այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,

բ. պետական բյուջեի նախագծի  ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ,

գ. տեղեկանքներ՝ պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտա­բյու­ջե­տա­յին միջոցների), ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող, հատկացված մի­ջոց­նե­րի (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ,

դ. տեղեկանքներ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ,

ե. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ,

զ. տեղեկանքներ Վերահսկիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների և եզրակացությունների վերաբերյալ,

է. տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,

ը. այլ տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ.

2) աջակցում է (նշված գործառույթներն իրականացվում են հարցման ներկայացմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում)՝

ա. պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպման գործում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ,

բ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպման գործում:

 Բյուջետային գրասենյակ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի հարցումը (այսուհետ` հարցում) ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

  1. հարցումը ներկայացնող մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լրիվ անվանումը, պատգամավորի դեպքում` նրա անունը, ազգանունը և պատգամավորական մանդատի համարը.
  2. պետական կառավարման մարմնի անվանումը, որին Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացվում է հարցումը (եթե այդպիսին ներկայացվում է).
  3. հարցման բովանդակությունը (առարկան).
  4. հարցմանը կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
  5. հարցումը ներկայացնողի (իրավասու անձի) ստորագրությունը.
  6. հարցումը հանձնելու տարին, ամիսը և ամսաթիվը:

 Բյուջետային գրասենյակը պատգամավորների և մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է դասընթացներ` ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ (Նշված գործառույթն իրականացվում է առնվազն 10 պատգամավորի կամ մշտական հանձնաժողովների առնվազն 10 փորձագետի գրավոր հայտերի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ ըստ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված ժամանակացույցի):

Բյուջետային գրասենյակն իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով:

Տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում (Եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում):