Ապրիլի 23-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի նախադպրոցական հաստատությունների տնօրեններին: Նշելով, որ առողջ ու դաստիարակված սերունդ ունենալու հեռանկարով երեխաների նախադպրոցական կրթության նկատմամբ անհրաժեշտ է սահմանել պետական հոգածություն, խորհրդարանի նախագահը բաց ու անկեղծ խոսակցության կոչ արեց:
1993թ-ի տվյալներով Երեւանում գործել է 229 մանկապարտեզ: 2005 թվականի դրությամբ չի գործում դրանցից 57-ը, ընդ որում` 41-ը օտարվել են, մյուսները ծառայեցվել են այլ նպատակների: Ըստ խորհրդարանի նախագահի, եթե այսօր չձեռնարկվեն լուրջ քայլեր, ոլորտի խնդիրները հետագայում ավելի կբարդանան: Այժմ խորհրդարանի քննարկմանն է ներկայացված «Նախադպրոցական հաստատությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն ոլորտում լրջագույն շրջադարձի հնարավորություն է տալիս: «Պետք է այս հարցում ամրագրել պետական քաղաքականություն», - ասաց խորհրդարանի նախագահը: Արթուր Բաղդասարյանն առանձնացրեց ոլորտի մի քանի կարեւորագույն խնդիրներ` անհրաժեշտ է օրենքով արգելել մանկապարտեզների փակումը կամ մանկապարտեզների շենքների օտարումը, անկախ դրա ենթակայությունից, նախադպրոցական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը պետք է հավասարեցվի վերջին ռեֆորմի արդյունքում ուսուցիչների բարձրացված աշխատավարձի չափին, ոլորտում հարկ է սահմանել միասնական չափորոշիչներ:
Կարեւորելով խորհրդարանի նախագահի` մանկապարտեզների տնօրեններին հանդիպման հրավիրելու նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա ոլորտի խնդիրները քննարկել հենց ոլորտի պատասխանատուների հետ, ելույթ ունեցողները հնչեցրին բազմաթիվ առաջարկություններ, կապված մասնավորապես նախադպրոցական հաստատություններում միասնական չափորոշիչների, «Նախադպրոցական հաստատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի, տեղական ինքնակառավարման եւ համայնքների ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների չլուծված խնդիրների հետ:
Ինչպես նշեց խորհրդարանի նախագահը, պետությունը համայնքներին տալիս է դոտացիոն գումարներ, ամեն տարի այդ գումարների չափը մեծացվում է, եւ անհրաժեշտ է վերահսկել ֆինանսական կարգապահությունը, որպեսզի տրամադրվող գումարներն առաջին հերթին ծառայեցվեն համայնքային ենթակայության տակ գտնվող նախադպրոցական հիմնարկների կարիքներին ու պահանջներին:
Հանդիպման մաս նակիցների մտահոգությունը` կապված երեխաներին 5 տարեկանից պարտադիր դպրոցական կրթության տալու հարցի հետ, խորհրդարանի նախագահը փարատեց, հղում կատարելով «Նախադպրոցական հաստատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի համապատասխան հոդվածին, որով սահմանվում է, որ նախադպրոցական հաստատությունները նախատեսված են երկու ամսականից մինչեւ 6 տարեկան երեխաների համար:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնացրեց քննարկված ավելի քան 20 հարցեր, որոնց անհրաժեշտ է տալ հրատապ լուծումներ: Խորհրդարանի նախագահը վստահեցրեց, որ հնչած բոլոր առաջարկություններն ամենայն մանրամասնությամբ կքննարկվեն, կարեւորագույնները կընդգրկվեն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում: