Փետրվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությունը,
որի կազմում են խորհրդարանի փոխնախագահներ Միխեիլ Մաճավարիանին, Լեւան Վեպխվաձեն, պատգամավորներ:
Ազգային ժողովում պարոն Բաքրաձեին եւ իր գլխավորած պատվիրակության անդամներին ընդունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արեւիկ Պետրոսյանը, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, երկու երկրների դեսպանները:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը` համոզմունք հայտնեց, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացմանը եւ ամրապնդմանը:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վստահություն հայտնեց, որ իր առաջին պաշտոնական այցը Հայաստան կարեւոր քայլ կհանդիսանա երկու բարեկամ պետությունների խորհրդարանների միջեւ փոխգործակցության զարգացման գործում: Նա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխադարձ այցով հրավիրեց Վրաստան:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով հրավերի համար` կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը բոլոր մակարդակներում` համոզմունք հայտնելով, որ շփումները, փոխգործակցությունը հանձնաժողովների, խորհրդարանականների միջեւ կնպաստեն հարաբերությունների սերտացմանը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը հետեւողականորեն փորձում է բարելավել հարաբերությունները իր անմիջական հարեւան Թուրքիայի հետ եւ կարեւորում հայ-թուրքական սահմանի բացումը: Նշվեց, որ հայկական կողմը պահպանում է չեզոք դիրքորոշում աբխազական ու հարավօսեթական հակամարտությունների կարգավորման հարցում` վրացական կողմից ակնկալելով նույն հավասարակշռված մոտեցումը ԼՂՀ հարցում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը ընդգծեց տարածաշրջանում տրանսպորտային
ենթակառուցվածքների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` այս համատեքստում կարեւորելով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հատված հանդիսացող Երեւան-Գյումրի-Նինոցմինդա-Ախալցխա-Բաթումի ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը:
Անդրադառնալով Վրաստանում դարեր շարունակ գործող Հայ առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցիների խնդրին` պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի իրավաբանական կարգավիճակի հարցի լուծումից հետո կկարգավորվեն նաեւ եկեղեցիների վերադարձման հետ առնչվող հարցերը:
Վրաստանի խորհրդարանի նախագահը եւս անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, այս համատեքստում կարեւորելով համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Կարեւորվեց տնտեսական կապերի ակտիվացումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը: Նշվեց, որ հինգ տարվա ընթացքում 50 անգամ ավելացել է Վրաստան այցելող հայ զբոսաշրջիկների թիվը: Պարոն Բաքրաձեն բարձր գնահատեց հայկական կողմի դիրքորոշումը Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցերում: Վրաստանի խորհրդարանի նախագահի համոզմամբ Կովկասյան տարածաշրջանի զարգացումը, կայունությունը եւ անվտանգությունը պայմանավորված է նաեւ հայ-վրացական հարաբերություններով: Անդրադառնալով հայկական եկեղեցիների խնդրին, նա հավաստիացրեց, որ Վրաստանի իշխանությունները իրենց իրավասությունների սահմաններում ամեն ինչ կանեն խնդիրը կարգավորելու համար, քանի որ հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ազգային ժողովի նիստին: Նիստում Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդես եկավ ելույթով:
Խորհրդարանական հանդիպումներից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակին, եղան հայոց ցեղասպանության թանգարանում: