Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ վերապատվելի Ռընե Լեւոնյանին:
Զրուցակիցները քննարկեցին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին վերաբերող հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց իր զրուցակցին, որ օրինագիծն ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ` նրանց համատեղ փորձագիտական եզրակացությունը ստանալու համար: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենսդրությունը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին:
Վերապատվելի Լեւոնյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին` օրինագծի շուրջ խորհրդարանում կրոնական կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպելու առթիվ: Երկուստեք կարեւորվեց Հայաստանյայց Առաքելական մայր եկեղեցու դերն ու տեղը հայ հասարակության կյանքում, ինչպես նաեւ դատապարտվեցին բարեգործության շղարշի տակ հոգեորսություն իրականացնելու փորձերը:
Զրույցի ընթացքում վերապատվելի Լեւոնյանը խորհրդարանի նախագահին նաեւ ներկայացրեց Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն ինչպես սփյուռքում, այդպես էլ մայր Հայաստանում` ներկայացնելով կազմակերպության ծրագրերը բարեգործական, հանրակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում: