Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց լուսահոգի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի դերը մերձավորարեւելյան քաղաքականության պատմության մեջ: Նա շեշտեց, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որը սիրիացի ժողովուրդը ցուցաբերեց բռնագաղթված հայերին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց իր բարձրաստիճան հյուրին, որ այդ կապակցությամբ սիրիահայերի նախաձեռնությամբ Երեւանում կառուցվում է արաբ ժողովրդին երախտիքի հուշարձան:
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների միջեւ առկա է փոխադարձ անկեղծ համակրանք, որն ամրապնդում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նախագահ ալ-Ասադը բարձր գնահատեց սիրիահայ համայնքի դերակատարումը ինչպես իրենց երկրի կյանքում, այդպես էլ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացման գործում: Կողմերը համաձայնեցին, որ հայ-սիրիական հարաբերությունների ներուժն ամբողջությամբiիիրացնելու գործում յուրահատուկ ներդրում կարող են կատարել երկու երկրների խորհրդարանականները:
Զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը եւ նախագահ Բաշար ալ-Ասադը նաեւ քննարկեցին հայ-թուրքական եւ սիրիա-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանների կայունությանն ու անվտանգությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: