Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Սեուլում հանդիպեց Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ Օի հետ:
Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Կորեա այցելելու հրավերի եւ պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար:
Ողջունելով գործընկերոջը եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ ԿՀ այցելելու կապակցությամբ` Կորեայի խորհրդարանի նախագահ Կիմ Հյունգ Օն բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի այցը Կորեա եւ նշեց, որ այն կարեւոր խթան կհանդիսանա հայ-կորեական բարեկամական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու ոչ միայն խորհրդարանների մակարդակով, այլեւ բոլոր ուղղություններով: Նա Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը կարեւորեց նաեւ տնտեսական, գիտակրթական, մշակութային փոխգործակցությունը ակտիվացնելու առումով:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը` նշեց, որ Հայաստանի եւ Կորեայի Հանրապետության խորհրդարաններում ձեւավորված միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերը իրենց զգալի ներդրումը կարող են ունենալ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխճանաչելիության մակարդակի բարձրացման, համագործակցության նոր ոլորտների բացահայտման գործում: Նշվեց, սակայն, որ առկա է դեռեւս չօգտագործված հսկայական ներուժ` զարգացնելու եւ ամրապնդելու համար հայ-կորեական փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Նա պատրաստակամություն հայտնեց իր ջանքերը գործադրելու հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ: Տնտեսական համագործակցության մեծ ներուժի օգտագործման տեսակետից` պարոն Աբրահամյանը ընդգծեց Հայաստանի տնտեսությունում հարավկորեական ընկերությունների ներդրումների խրախուսումը` նշելով, որ այս ուղղությամբ արդյունավետ հնգամյա գործունեություն է ծավալել Երեւանում ԿՀ Գլխավոր հյուպատոսությունը, ի դեմս ՀՀ-ում ԿՀ պատվո հյուպատոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբրահամյանի: Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ իրականացվել են մի շարք միջոցառումներ տարբեր ոլորտներում: Համագործակցության արդյունքում Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կորեերեն լեզուն ուսուցանվում է որպես երկրորդ լեզու եւ շուրջ 200 հայ ուսանողներ ուսուցանում են այն: Հրատարակվել է առաջին հայ-կորեերեն բառարանը: Տնտեսական համագործակցության առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:
Կորեական կողմի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց ԱԺ կառուցվածքը, ծանոթացրեց օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, խորհրդարանի ձեւավորման կարգին, ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացվածությանը:
Պարոն Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի եւ Կորեայի միջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձեւավորվել է հաջող համագործակցություն, որը պայմանավորված է փոխադարձ աջակցությամբ: Նա նշեց, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ երկրների մոտեցումները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ հույս հայտնեց, որ Հարավային Կորեան կպահպանի իր հավասարակշիռ դիրքորոշումը: Կորեան մշտապես ցուցաբերել է անկողմնակալ դիրքորոշում ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումների ժամանակ` «ձեռնպահ» քվեարկելով Ադրբեջանի կողմից արված առաջարկություններին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մենք կիսում ենք Կորեայի մտահոգությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության հաստատման կապակցությամբ` շեշտելով, որ Հայաստանը նույնպես կողմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ այս համատեքստում եւս մեկ անգամ ընդգծեց, որ ԼՂ խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծումը այլընտրանք չունի:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հարավային Կորեայի ԱԺ նախագահը նշեց, որ Հյուսիային Կորեայի կողմից միջուկային ծրագրի սառեցման գործընթացի ձախողումը, ինչպես նաեւ այս տարի իրականացրած միջուկային փորձարկումները խոչընդոտում են տարածաշրջանի անվտանգությանն ու կայուն զարգացմանը: Նա հույս հայտնեց, որ եղած խնդիրները կկարգավորվեն վեցակողմ բանակցությունների միջոցով:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ կորեական կողմը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի խորհրդարանին եւ նիստերի դահլիճը նոր տեխնիկայով կվերազինի:
Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահը ԿՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյոնգ-Օն երկու խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման նպատակով ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրում մասնավորապես նշված է, որ կողմերը համակարծիք են, որ Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահից ի վեր` 17 տարի շարունակ, բարեկամության եւ համագործակցության երկկողմ հարաբերությունները էլ ավելի խորանալու են հետեւողական, հաստատուն եւ կայուն հիմքերի վրա: Նրանք հաստատում են իրենց ձգտումը` իրագործելու երկու երկրների խորհրդարանների միջեւ պայմանավորվածությունները` հանուն հայ-կորեական բարեկամության եւ համագործակցության նոր ձեռքբերումների: Կողմերը համամիտ են, որ միջխորհրդարանական կապերը հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչը եւ խորհրդարանների գծով շփումների ակտիվացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով, նպաստում է փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը եւ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը` խորհրդարանների երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հարցերի շուրջ իրենց դիրքորոշումների համաձայնեցումներն իրականացնել խորհրդատվությունների միջոցով:
Հուշագրով պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ ջանքերով աջակցել եւ նպաստել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ բազմակողմանի, բազմամակարդակ եւ բազմազան համագործակցությանը, խորհրդարանների միջեւ բարձր մակարդակով շփումներին, խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցությանը, պետաիրավական, մարդու իրավունքների, առեւտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, կրթական, մշակութային, բնապահպանության եւ այլ ոլորտներում օրինաստեղծ փորձի փոխանակմանը:
Հուշագրում նշված է, որ ստորագրող կողմերը համակարծիք են ուժեղացնելու երկու խորհրդարանների փոխգործակցությունը երկուստեք կարեւոր համարվող միջազգային հարցերի շուրջ, անցկացնելու կողմերի պատվիրակությունների հաճախակի հանդիպումներ եւ խորհրդատվություններ միջազգային խորհրդաժողովների եւ այլ միջոցառումների ընթացքում:
Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԿՀ ԱԺ նախագահ Կիմ Հյունգ Օն ճեպազրույց տվեցին լրագրողների համար:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին հյուընկալեց «GS Group» ընկերության նախագահ Հո Ջան Սուն:
«GS Group» ընկերությունը հսկայական կազմակերպություն է, որը կազմված է բազմաթիվ մեծ, միջին եւ փոքր ընկերություններից: Ընկերությունն ունի 48 տարբեր մասնաճյուղեր, այն ունի բազմաթիվ ներկայացուցչություններ աշխարհի շատ երկրներում: Տարեցտարի «GS Group» ընկերությունն էլ ավելի է զարգանում եւ աշխարհի արդյունաբերության ու առեւտրի բնագավառում զբաղեցնում է ավելի առաջատար դիրքեր: «GS Group» ընկերության մասնաճյուղ հանդիսացող «GS Engineering and Construction» ընկերությունը Երեւանում իրականացնում է Երեւան ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքները: Նախատեսվում է, որ էլէկտրակայանի կառուցման ավարտը եւ գործարկումը կլինի 2010 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ նախագծի իրականացման համար կտրամադրվի 240-250 մլն ԱՄՆ դոլար:
Ողջունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը` «GS Group» ընկերության նախագահը բարձր գնահատեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը եւ նշեց, որ տեղյակ է ստորագրված հուշագրի կապակցությամբ` շեշտելով, որ այն կարեւոր քայլ է երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու ուղղությամբ: Նա շնորհակալություն հայտնեց պարոն Աբրահամյանին Հայաստան իրենց ընկերության մուտքը աջակցելու համար եւ համոզմունք հայտնեց, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության ընդլայնմանը, եւ այդ համատեքստում կարեւորեց Հարավային Կորեայի ամենախոշոր մասնավոր ընկերություններից մեկը հանդիսացող «GS Group» ընկերության հետ փոխգործակցությունը: Բարձր գնահատելով ընկերության արդյունավետ գործունեությունը Հայաստանում` նա հույս հայտնեց, որ Հայաստանի եւ «GS Group» ընկերության համագործակցությունը շարունակական կլինի եւ իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել փոխգործակցությունը զարգացնելու հարցում: Այդ նպատակով նա անհրաժեշտ համարեց գործարարների անմիջական շփումների հաստատումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: