ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 2-ին ժամանեց Բրյուսել` մասնակցելու ԵՄ Արեւելյան գործընկերության` ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի մայիսի 3-ին կայանալիք հիմնադիր նիստին:
Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:
Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու համար` Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը անհրաժեշտ համարեց Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով եւ այս համատեքստում կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը Բրյուսել եւ մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի մեկնարկին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանի նախագահին Հայաստանի հանդեպ նրա ղեկավարած կառույցի ցուցաբերած հետաքրքրության համար, հատկապես Եվրոպական հարեւանության արեւելյան քաղաքականության զեկույցի կապակցությամբ, որը որակական նոր աստիճանի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մակարդակը: ԱԺ նախագահը ընդգծեց, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է եւ պատահական չէ, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության հաստատման եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման աջակիցն է եւ առաջինն էր, որ ողջունեց Եվրամիության հետ այս ձեւաչափով համագործակցության գաղափարը:
ԱԺ նախագահը կարեւորեց Եվրախորհրդարանի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ այս տարի ստորագրված Վերապատրաստման ծրագիրը, որը` Եվրոպական հեղինակավոր կառույցի հարուստ փորձին ծանոթանալու միջոցով մեծապես կնպաստի երկու կառույցների միջեւ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ մայիսի 18-ին Եժի Բուզեկի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ հետզհետե ամրապնդվող հարաբերություններին:
Եժի Բուզեկը նշեց, որ Հայաստանը առանցքային տեղ է գրավում ԵՄ Արեւելյան գործընկեր երկրների փոխգործակցության մեջ: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, բարձր գնահատեց նկատելի առաջընթացը այս ուղղությամբ` նշելով, որ ԵՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ ընդլայնել համագործակցությունը: Անհրաժեշտ համարվեց տնտեսական փոխգործակցության ակտիվացումը, ներդրումային ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք շեշտեցին տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ համագործակցության կարեւորությունը: Զրուցակիցները անդրադարձան նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին` կարեւորելով ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը:
Մայիսի 3-ին ԱԺ նախագահը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին, որին կմասնակցեն նաեւ Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով: Նախատեսվում է ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում: