National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
01.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթն Ազգային ժողովի հատուկ նիստում
1 / 1

Հարգելի գործընկերներ,

նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել չնայած բավականին էմոցիոնալ, բայց մյուս կողմից շահագրգիռ եւ կառուցողական քննարկումների համար:

Վերստին ուզում եմ կրկնել, որ ակնհայտ է մի բան` մենք մեր տեսակետներում ու կարծիքներում ելնում ենք երկրի կայունությունից եւ անվտանգությունից:

Վստահ եմ` բոլորիս ցանկությունն է, որ այն փոփոխությունները, որոնք միանշանակ անհրաժեշտ են, տեղի ունենան սահուն եւ անցնցում:

Քաղաքական ուժերի թե՛ երեկվա եւ թե՛ այսօրվա քննարկումների ժամանակ ի հայտ եկան երկրում առկա ինչպես դրական իրողությունները, այնպես էլ բացասական երեւույթները:

Միեւնույն ժամանակ այն բոլոր քննադատությունները, որոնք հնչեցին ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաեւ հենց իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից, վկայում են, որ անհնար է առանց այդ թերությունները վերացնելու իրավիճակը բարելավել եւ երկրի առաջընթացն ապահովել:

Հարգելի գործընկերներ,

փաստ է, որ այս պահին գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ, եւ այն հարկավոր է հանգուցալուծել խաղաղ եւ բոլորի համար ընդունելի ճանապարհով:

Հարգելի պարոն Փաշինյան, թեպետ մենք այժմ մեր երկրի ապագային վերաբերող հարց ենք քննարկում, այդուհանդերձ, ես ուզում եմ մի քանի օր հետ գնալ:

Երբ Դուք կարճատեւ անազատության մեջ էիք, ես, Հայաստան վերադառնալով օդանավակայանից գիշերը միանգամից այցելեցի Ձեզ: Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, որի ընթացքում Դուք ներկայացրեցիք իրավիճակի հանգուցալուծման շուրջ Ձեր մոտեցումները, ես` իմ պատկերացումները:

Վստահ եմ` հիշում եք, որ ես ասացի, որ առնվազն հասկանալի չէ խոսել ժողովրդավարության մասին եւ միեւնույն ժամանակ վերջնագիր ներկայացնել ընդդիմախոսին: Ես առաջարկեցի երկխոսել, ինչին պատասխանեցիք, թե ազատազրկված վիճակով չեք կարող երկխոսել: Դուք ազատ արձակվեցիք առավոտյան, սակայն մինչ օրս այդպես էլ չեք ցանկանում երկխոսել:

Երկխոսելու փոխարեն Դուք ցանկանում եք պարզապես նշել ու պարտության մատնել խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին: Մինչդեռ մեր հիմնական նպատակը պետք է լինի ոչ թե կողմերից մեկին պարտության մատնել, այլ սահուն եւ անցնցում փոփոխություններ իրականացնելը համատեղ ուժերով:

Որպես հմուտ քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք պատկերացնում ձայներ ստանալ առանց երկխոսության, առավել եւս` ժամանակավոր կառավարություն ձեւավորել եւ գործողություն ծավալել, երբ Ձեր ընտրվելու պարագայում Ազգային ժողովում ունենալու եք մեծամասնություն կազմող ընդդիմություն:

Իմ համոզմամբ՝ մենք պետք է շարունակենք առաջ գնալ քաղաքական խորհրդակցությունների, բանակցությունների ճանապարհով` ուրվագծելով մեր վաղվա օրը առանց ցնցումների եւ ինչպես Դուք ասում եք՝ ցունամիների:

Հարգելի գործընկերներ,

հարգելի հայրենակիցներ,

սիրելի իմ բարեկամներ,

որպես մարդ, ով ողջ կյանքը նվիրել է երեխաների առողջության պահպանմանը՝ առանձնահատուկ ցանկանում եմ դիմել հավաքների մասնակից անչափահասների եւ դեռահասների ծնողներին. չէի ցանկանա, որ այն խնդիրների լուծմանը, որոնք պարտավոր են կարգավորել քաղաքական ուժերն ու մեծերը, ներգրավվեին երեխաները, ընդ որում, ցավոք, երբեմն նաեւ ոչ սեփական կամքով:

Հիշեցնում եմ ծնողներին, որ ձեր դժգոհություններն արտահայտելիս զերծ մնացեք երեխաների՝ դպրոց գնալու, կրթություն ստանալու իրավունքի ոտնահարումից:

Հարգելի գործընկերներ,

անկախ այսօրվա քվեարկությունից, անկախ այսօրվա քվեարկության արդյունքներից, մենք պարտավոր ենք շարժվել ողջամտության ճանապարհով:

Սիրելի Նիկոլ, այդքան քայլեր ես կատարել, ամբողջ Հայաստանն ես անցել, քեզ հարկավոր է եւս մեկ քայլ անել եւ հարցի հանգուցալուծումը տալ:

Շնորհակալություն:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS