Տպել
13.10.2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մենք ավանդույթի ուժով նշում ենք մեր ազգային-եկեղեցական նվիրական տոներից մեկը` Թարգմանչաց տոնը, եւ արժանին ենք մատուցում առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթեւին ու Վռամշապուհ արքային, որոնց պարտական ենք Հայոց գրերի ստեղծման եւ Հայաստանի բոլոր կողմերում ու նաեւ Արցախում դպրոցներ բացելու համար:

Մեսրոպ Մաշտոցն էր, որ անցնելով աշխարհից աշխարհ՝ ստեղծեց եւ Հայաստան բերեց Հայոց այբուբենը, որն այլեւս դարձավ մեր ազգային ու հոգեւոր ինքնության պահպանման ամենամեծ գրավականը: Բայց նա Հայաստան բերեց նաեւ ժամանակի գիտության ջահը, որն իր աշակերտները, բորբոքելով եւ ավելի պայծառ լույս տալով, վերադարձրին աշխարհին:

Այդ նրանք ու իրենց աշակերտներն էին, որ ստեղծեցին Հայոց մշակույթի Ոսկեդարը, նրանք էին, որ Հայաստանում սկզբնավորեցին Թարգմանչաց շարժումը եւ հայերեն թարգմանեցին ու Մաշտոցյան այբուբենով հավերժացրեցին ժամանակի մեծ մտածողների գործերը: Իսկ նրանց ստեղծած մարդկային մտքի գրավոր հուշարձանները աշխարհի համար առ այսօր համարվում են գիտական մանրակրկիտ ուսումնասիրության առարկա ու անընդհատ թարգմանվում են ամենատարբեր լեզուներով:

Եվ հիմա խոսքս ձեզ եմ ուղղում, սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, այսօր աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատությունների լսարանները ձեզ են սպասում: Գնացե՛ք, սովորե՛ք, յուրացրե՛ք ժամանակակից գիտության վերջին նվաճումները: Բայց միշտ հիշե՛ք, որ Թարգմանչաց շարժման ամենամեծ խորհուրդը զարգացած Հայաստանի տեսլականն էր, եւ այդ շարժումը սկզբնավորեցին նրանք, ովքեր այն դժվարին ժամանակներում տեսնում էին վաղվա Հայաստանը:

Նրանք ժամանակի մտքի հսկաներից էին, աշխարհը կանչում էր նրանց, խոստանում էր ամեն ինչ, բայց գնում ու սովորում էին՝ աչքերի առջեւ ունենալով Հայաստանի պատկերը եւ շտապում վերադառնալ: Որովհետեւ Թարգմանչաց շարժումը Հայաստանին նվիրվելու անդրժելի խոստում էր: Ու Հայաստանում էլ ստեղծեցին այն իսկապես մեծ արժեքները, որոնք օտարության մեջ հաստատապես չէին ստեղծվելու:

Այսօր մենք ունենք պաշտպանված եւ զարգացող Հայաստան ու Արցախ, իրականացնում ենք կրթական ոլորտի հիմնարար բարեփոխումներ, որոնք նոր ու լայն ճանապարհ են բացելու ձեր առջեւ: Բարի երթ ձեզ: Միայն հիշեք, որ վաղը պիտի այդ ճանապարհով էլ վերադառնաք Հայրենիք եւ ձեր գիտելիքներն այստեղից ի սպաս դնեք Հայաստանի, Արցախի ու աշխարհի զարգացմանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Թարգմանչաց տոնի առթիվ, մաղթում առողջություն, խաղաղություն եւ բարօրություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...