Տպել
21.10.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ Երեւանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ: Երեւանը բերդաքաղաքից վաղուց դարձել է Արարատի հայացքի ներքո տարածված եւ արագ զարգացող մեծ ու գեղեցիկ քաղաք, ռազմապաշտպանական կառույցից վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի, ձեռք է բերել թամանյանական եզակի ճարտարապետական դիմագիծ, ստեղծել է իր յուրահատուկ՝ երեւանյան միջավայրը, եւ ի վերջո, այն այլեւս համայն հայության մայրաքաղաքն է: Ու նաեւ դարձել է բոլորիս սիրո, հոգատարության եւ հպարտության առարկան, որի զարգացումը խորհրդանշեց Հայաստանի ու հայության վերազարթոնքը:

Երեւանն այսօր ո՛չ միայն Հայաստանի վարչական կենտրոնն է, այլեւ տնտեսական, գիտական, կրթական ու մշակութային մայրաքաղաքը, ուր միաձուլվել են պատմության բազմաթիվ շերտեր, եւ ուր, գոնե վերջին հարյուրամյակում, զարգացել է հայ հասարակական-քաղաքական միտքը, ձեւակերպել է համահայկական ընդգրկում ունեցող նորանոր գաղափարներ եւ իրականություն դարձրել դրանք:

Երեւանն այսօր աշխարհի շատ ու շատ պետությունների կայուն զարգացման ճանապարհով ընթացող մայրաքաղաքների շարքում է, ապրում է նոր ժամանակների շնչով, միշտ զարմացնում է իր դասական գեղեցկությամբ ու կոլորիտով:

Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երեւանի անցած քսանութ դարերին եւ երախտագիտությամբ հիշելով մեր քաղաքը կառուցողներին ու շենացնողներին` շնորհակալության առանձնահատուկ խոսքեր պիտի ուղղենք նաեւ բոլոր ա՛յն մարդկանց, ովքեր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մայրաքաղաքի զարգացման ու գեղեցկացման, Երեւանը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում ու համայնքային կառավարման ասպարեզում նորարարական մոտեցումների կենտրոն դարձնելու եւ դրանք Հայաստանի մյուս բնակավայրերում կյանքի կոչելու համար:

Երեւանի ծաղկման համար Հայաստանը շատ բան է արել, բայց Երեւանն էլ շռայլորեն փոխհատուցել է այն, եւ որպես մայրաքաղաք՝ ուղենիշ է դարձել ողջ երկրի զարգացման համար` իր կրթական, բժշկական, գիտական, արդյունաբերական եւ մյուս ասպարեզների մեծ հնարավորությունները ծառայեցնելով հեռու ու մոտիկ, մեծ ու փոքր բնակավայրերի զարգացմանը:

Սիրելի հայրենակիցներ,

այսօր բոլորիս տոնն է եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու իմ անունից կրկին շնորհավորում եմ Երեւանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ:

Հպարտանանք մեր մայրաքաղաքի պատմությամբ, գնահատենք ու պահպանենք ներկան եւ կերտենք Երեւանի վաղվա օրը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...