Տպել
07.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսին
1 / 1

«Հարգելի գործընկերներ, ընկերներ,

Այս տարի մայիսի 9-ին մենք նշում ենք Մեծ հաղթանակի 75-ամյակը, որը մաս է մեր ժողովուրդների պատմական տարեգրության: Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կարեւորագույն իրադարձություն էին ամբողջ աշխարհի համար: Երկրորդ աշխարհամարտը մարդկությանը բերեց անթիվ աղետներ եւ տառապանքներ: Այն խլեց տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր, հարյուրավոր քաղաքներ, հազարավոր բնակավայրեր ոչնչացվեցին երկրի երեսից: Աննախադեպ լարված եւ դաժան պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդները պաշտպանեցին իրենց հայրենիքի ազատությունն ու անկախությունը:

Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից սկսած՝ այլ ազգերի հետ միասին հայ ժողովուրդը պաշտպանեց հայրենիքը եւ կիսեց պատերազմի բոլոր ծանրություններն ու դժվարությունները: Մեծ հաղթանակին հաջողվեց հասնել նաեւ ավելի քան 600 հազար հայերի նվիրվածության եւ քաջության շնորհիվ: Հանուն հաղթանակի հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ ընկան Հայրենական մեծ պատերազմի ճակատներում, եւ այդ ցուցանիշը բավականին տպավորիչ է՝ հաշվի առնելով մեր ժողովրդի եւ զոհերի քանակի հարաբերակցությունը: Մեր ժողովրդի ավելի քան 100 որդի ստացավ Խորհրդային Միության հերոսի կոչում: Նրանց թվում կան այնպիսի ականավոր հրամանատարներ, ինչպիսիք են՝ մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Արմենակ Խանփերյանցը, Համազասպ Բաբաջանյանը, ծովակալ Հովհաննես Իսակովը: Հաղթանակում մեծ էր հայ հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների ներդրումը»,-ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:

Ի պատասխան Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի՝ Արարատ Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ Գարեգին Նժդեհի գործունեությանը՝ նշելով.

«Գարեգին Նժդեհի նկատմամբ անընդունելի հարձակումների վերաբերյալ ցանկանում եմ նշել հետեւյալը. նախորդ տարվա հոկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Աշգաբադում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը սատարում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանն ուղղված ցանկացած կառուցողական քայլ եւ դեմ է դրանք սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Տեղին չենք համարում զուգահեռներ անցկացնել նացիստների եւ Գարեգին Նժդեհի միջեւ: Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում մանրամասն ծանոթանալ Նժդեհի կենսագրությանը եւ հասկանալ նրա կարեւորությունը հայ ժողովրդի համար:

Գարեգին Տեր-Հարությունյանը (Նժդեհ) Հայաստանի քաղաքական գործիչ եւ հերոս է, ով իր կյանքը նվիրել է Հայաստանի անկախության եւ ազատության պայքարին: Նա պայքարում էր լուծելու հայկական հարցը՝ կապված Հայաստանի պատմական տարածքների ազատագրման եւ հայերի պատմական հայրենիք վերադարձի հետ: 20-րդ դարի սկզբին նա պայքարեց թուրքական օկուպացիայի դեմ՝ բուլղարական բանակի կազմում բալկանյան պատերազմի ընթացքում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ ռուսական բանակի կազմում, որի համար արժանացավ բազմաթիվ պարգեւների (ցարական բանակի կողմից պարգեւատրվեց Սուրբ Գեորգիի խաչով):

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Գարեգին Նժդեհի հիմնական նպատակն էր կանխել հնարավոր թուրքական արշավանքը Խորհրդային Հայաստան, եթե գերմանացիները գրավեին Անդրկովկասը:
Այնպես որ եւս մեկ անգամ կոչ եմ անում մանրամասն ծանոթանալ պատմական փաստերին եւ այլեւս նման բան թույլ չտալ:

Մեր ընդհանուր հաղթանակը դարձել է նաեւ կանխարգելիչ գործոն պատերազմների եւ ագրեսիայի, ահաբեկչության տարբեր ձեւերի, ագրեսիվ ազգայնամոլության, անհատական ազատության դեմ ուղղված գործողությունների եւ մարդու կյանքի իրավունքի դեմ:

Ցանկացած պատերազմ միշտ ողբերգություն է: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը միլիոնավոր կյանքեր խլեց, պատմության մեջ ամենասարսափելի եւ կործանարարներից էր: Հայրենական մեծ պատերազմը պետք է ծառայի որպես տարբեր ժողովուրդների եւ ազգությունների միասնական զարթոնքի օրինակ՝ պաշտպանելու արժանապատվությունն ու ազատությունը: Մենք պետք է պահպանենք այս պատերազմի մասին հիշողությունը եւ վճռականորեն դիմակայենք դրա նշանակությունը թուլացնելու եւ դրա արդյունքները վերանայելու ցանկացած փորձին: Մեծ հաղթանակն արժանի է, որ նրանով հպարտանան բազմաթիվ սերունդներ, քանզի դա բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է չարի դեմ: Այս հաղթանակի հիշողությունը պետք է համախմբի ժողովուրդներին ավելի լավ ապագայի ճանապարհին, ինչին պատերազմի մասնակիցներն այդքան հույս ունեին:

Համաշխարհային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձություններն այլեւս չկրկնվեն, որպեսզի ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության եւ ներդաշնակության մեջ՝ չիմանալով սարսափներ, չհրահրելով ատելություն, ազգայնականություն եւ այլատյացություն: Ժամանակակից իրողություններում մենք պետք է մշակենք նոր մոտեցումներ, ինչպես նաեւ բարձրացնենք փոխգործակցության եւ միջխորհրդարանական համագործակցության աստիճանը, հատկապես խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցերում: Անհրաժեշտ է համատեղել ջանքերը ահաբեկչության դեմ վճռական պայքարի համար, անհրաժեշտ է կանխարգելել եւ սահմանել այն միջոցառումները, որոնք կարող են մեղմել ահաբեկչական սպառնալիքները:

Եզրափակելով՝  ցանկանում եմ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, շնորհավորել բոլոր նրանց, ում հարազատներն ու մտերիմներն իրենց կյանքի գնով դարբնել են այդ հաղթանակը, ինչը նշանակում է, որ շնորհավորում ենք բոլորիս, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրն առանձնահատուկ թելերով կապված է այս հաղթանակին:

Շնորհակալություն ուշադրության համար»: