Տպել
12.12.2013
«Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով եռօրյա միջոցառումների շարքը եզրափակվեց խորհրդարանական լսումներով
1 / 4

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով եռօրյա միջոցառումների շարքը դեկտեմբերի 12-ին եզրափակվեց խորհրդարանական լսումներով, որին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը.
 
«Հարգելի գործընկերներ,

Հարգելի պարոն նախարար,

Լսումների հարգելի մասնակիցներ, հյուրեր

Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են: Այդ արժեքի ապահովմանն է նպատակաուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ողջ գործունեությունը: Իսկ զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը ոչ միայն մեր երկրի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորություն է, այլեւ, առաջին հերթին, իրավական եւ բարոյական պարտականություն, որի լիարժեք կատարումը անմիջականորեն բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ակտիվորեն փոխգործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Այդ արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի գործունեությունը հանուն երկրի առաջընթացի:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ նրա սահմանների անձեռնմխելիությունը՝ ուստի, ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի շարունակական բարելավումը եւ պաշտպանական ներուժը արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության եւ վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխանեցնելը մեր համատեղ գործունեության գերակա ուղղությունն է:

Այսօրվա լսումները պատեհ առիթ են անդրադառնալու ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կիրառման հարցերին, արձանագրելու ինչպես դրական արդյունքները, այնպես էլ բացահայտելու առկա խնդիրները:

Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Ազգային ժողովը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունն ունենալ զինված ուժեր-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման գործում, ինչը կապահովի զինված ուժերի թափանցիկության եւ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտ մակարդակը:

Ազգային ժողովի ղեկավարության, պատգամավորների պարբերական այցերը զորամասեր, զինվորական հաստատություններ, հանդիպումներն ու զրույցները զինծառայողների եւ հրամանատարների հետ նույնպես դրական ազդեցություն են ունենում զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման եւ, ընդհանուր առմամբ, զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման հարցում:

Կարեւորում եմ միջազգային կառույցների ներգրավվածությունը խորհրդարանական լսումներին: Այսօրվա լսումների անցկացմանն իրենց աջակցություն են ցուցաբերել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնը, որոնց հետ Հայաստանի Ազգային ժողովի, մասնավորապես, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի համագործակցությունը բարձր եմ գնահատում: Վստահ եմ, ապագայում եւս Հայաստանի Ազգային ժողովի ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ տալու է իր դրական արդյունքները:

Կրկին ողջունում եմ լսումների բոլոր մասնակիցներին եւ մաղթում արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բացման խոսքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եռօրյա միջոցառումների շարքը եզրափակող խորհրդարանական լսումների նպատակը համարեց քննարկումների միջոցով զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների ու մարտահրավերների վերհանումը, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման եւ օրենքների կիրառման կոնկրետ թերացումները շտկելու նպատակով առաջարկներ ներկայացնելը: Նրա գնահատմամբ՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը կարեւորագույն խնդիր է, որի արդյունավետ իրականացումը պահանջում է թափանցիկություն եւ հաշվետվողականություն, շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ օրենսդիր մարմնի, պաշտպանության նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ակտիվ համագործակցություն, ինչպես նաեւ՝ խորհրդարանական վերահսկողություն: Խորհրդարանական լսումների մասնակիցներին նա հորդորեց ակտիվորեն մասնակցել քննարկումներին եւ ներկայացնել իրենց տեսակետները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրեց, որ սրանք ընթացիկ տարում ոլորտին վերաբերող երրորդ խորհրդարանական լսումներն են, որ նախաձեռնում է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը: Նրա գնահատմամբ՝ զինված ուժերում մարդու իրավունքը, նրա ազատությունն ու անվտանգությունը պետության համար անկյունաքարային նշանակություն ունեն եւ դրանց արդյունավետ լուծումը պայմանավորված է բանակ-խորհրդարան-հասարակություն համագործակցությամբ: Նա անընդունելի համարեց բանակում առկա հիմնախնդիրները հասարակական իրողություններով պայմանավորելու մտայնությունը, ինչը սեփական անկարողությունն արդարացնելու նպատակ ունի, բայց եւ միաժամանակ արատավոր երեւույթ համարեց ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումները, ուսուցման եւ իրազեկման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու դրանց նկատելի արդյունքները չտեսնելը:

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանն արձանագրեց, որ մարդու իրավունքի խնդիրը միշտ խոցելի է եղել եւ այն գնահատելիս պետք է ողջամիտ ու իրատեսական լինել: Ըստ պատգամավորի՝ նկատելի առաջընթաց կա ոլորտում, եւ ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ ավելի թափանցիկ ու հրապարակային է աշխատում, բայց դեռ կան կարգավորման արժանի խնդիրներ, որոնց արդյունավետ լուծումը համակարգային մոտեցում է պահանջում: Դա պետք է արվի ոչ թե նրա համար, որ մեր երկիրը միջազգային պարտավորություններ է ստանձնել, այլ խնդիրը պետք է կարգավորվի մեր ժողովրդի ու սերունդների հանդեպ պարտքի գիտակցությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանն անդրադարձավ զինված ուժերում մարդու իրավունքների խախտման երեւույթներին, մասնավորապես՝ մահացության, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին զորակոչելու դեպքերին, տեղեկատվության բացակայության, զինծառայողների սոցիալական ապահովության, կենցաղային ու բուժսպասարկման խնդիրներին:

«Զինվոր» ՀԿ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը կարեւորեց բանակ-հասարակություն փոխվստահության ամրապնդման խնդիրը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուրն իր նպաստը պետք է բերի բանակի բնականոն գործունեությունն ապահովելու, զինվորի իրավունքները պաշտպանելու եւ նրա բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու համար:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին խնդրի կարգավորման արդյունավետությունը պայմանավորեց ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործմամբ, խորհրդարանի, զինված ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ օմբուդսմենի ակտիվ համագործակցությամբ, իրավասու մարմինների գործունեության թափանցիկությամբ ու հաշվետվողականությամբ:

Խորհրդարանական լսումների ընթացքում եղան այլ ելույթներ, եւ հիմնական զեկուցողները պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Եզրափակիչ խոսքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ հնչած կառուցողական առաջարկները օգտակար էին խորհրդարանի համար թե՛ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման, թե՛ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու եւ թե՛ արդյունավետ համագործակցություն ծավալելու առումներով:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...

22.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...

07.04.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:   Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...

30.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,   Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...

24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...