Տպել
25.10.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Իրավունք» թերթի 25-ամյակի առթիվ
1 / 1

Ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ «Իրավունք» թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին՝ թերթի հիմնադրման 25-ամյակի առթիվ:

«Իրավունքը» ստեղծվեց մի ժամանակահատվածում, երբ մեր ժողովուրդը միասնության, արդարության ուժով վերստին սկսել էր պայքարել ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի համար, գործընթաց, որի արդյունքում ստեղծվեց Հայաստանի անկախ ու ինքնիշխան հանրապետությունը: Այդ ժամանակ տարիքի առումով «Իրավունքը» դեռ մանուկ էր, սակայն հաշվի առնելով ժամանակաշրջանը, որը համընկել էր թերթի առաջին քայլերի հետ, կարող ենք ասել, որ նա հասունացավ շատ կարճ ժամանակում: «Իրավունքն» անկախության ուղեկիցն է եւ ինչ-որ տեղ նաեւ անկախության խորհրդանիշերից մեկը:

Ավելի քան քառորդ դար «Իրավունք» թերթը լրագրողական տարբեր ժանրերի միջոցով տարեգրում է Հայաստանի նորօրյա պատմությունը՝ իրացնելով ազատ խոսքի սահմանադրական իրավունքը, հասարակությանը իրական հնարավորություն տալով օգտվել տեղեկացված եւ իրազեկված լինելու՝ կրկին սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից: «Իրավունքի» սեփական պատմությունն ամփոփող էջերում լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացված է հայոց արդի պետականության կայացման ընթացքը, պետականություն, որի առաջին պտուղներից է նաեւ ժամանակակից հայ մամուլի ընտանիքը: Իսկ «Իրավունքը» վերջինիս հիմնադիր ու հաստատուն քայլերով առաջ շարժվող անդամներից է:

Ի դեպ, օրեր առաջ լրացավ այդ ընտանիքի հիմքը ավելի քան 200 տարի առաջ դրած մեր մամուլի առաջնեկի՝ «Ազդարարի» 220-ամյակը: Սկսելով լույս տեսնել «Ազդարարից» շուրջ երկու դար անց՝ «Իրավունքը», ինչպես «Ազդարարը», լուսավորչական պայքար հայտարարեց ընդդեմ խավարի, սակայն դա պայքար չէր լուսավորչականության ուղղակի եւ ազդարարյան իմաստով: «Իրավունքը» հասարակության համար լրատու էր եւ լրաքաղ, ուղեցույց եւ գործընկեր, ուղեկցող եւ իր հետեւից տանող: Նրա համայնապատկերում բոլոր ոլորտներն էին՝ որպես այդպիսին դիտարկելով նորանկախ պետության առջեւ կանգնած թե արտաքին, թե ներքին խնդիրները քաղաքական ու սոցիալական դաշտում, մշակույթի ու կրթության ոլորտում, մի խոսքով այնտեղ, որտեղ աչալուրջ աչքի, անկեղծ աջակցի եւ ազատ ու ճշմարիտ խոսքի միջամտության անհրաժեշտություն կար: Պատահական չէ, որ որոշակի մի ժամանակահատվածում այն առավելագույն տպաքանակն ուներ հայրենական մամուլի շուկայում, ինչն ընթերցողների գնահատականի լավագույն արտահայտությունն էր:

«Իրավունքն» իր պահանջարկված առաքելությունը արժանապատվորեն շարունակում է նաեւ այսօր, որովհետեւ պետության կայացմանն ու զարգացմանը զուգընթաց՝ մշտապես առկա են խնդիրներ, որոնք առանձնահատուկ լինելով որեւէ երկրի համար, միաժամանակ, համընդհանուր են բոլոր երկրների համար՝ նկատի ունենալով, որ մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է միջազգային գործընթացներում եւ միջազգային հանրության լիարժեք անդամ է: Նրա պատմությունը լրատվական-հրատարակչական հաջողված գործունեության ակնառու օրինակ է:
25 տարին լուրջ ժամանակ է մի լրատվամիջոցի համար, որը մշտապես իրադարձությունների կիզակետում է իր քաղաքական ու քաղաքացիական ակտիվ եւ հետք ու կնիք թողնող գործունեությամբ, քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացին ծանրակշիռ մասնակցությամբ: Որախալի է, որ «Իրավունքին» հաջողվել է պահպանել արդիականության սթափ զգացողությունը, իրականության ողջամիտ ընկալումը, իրավիճակը խորը վերլուծելու ձգտումը եւ միտումը:

Եւս մեկ անգամ շնորհավորելով «Իրավունք» թերթին հոբելյանի առթիվ՝ ցանկանում եմ հաջողություններ, չնվազող եռանդ եւ շարունակական հաստատակամություն: Մաղթում եմ, որ թերթը պահպանի իր դեմքը, մշտապես պահանջարկ ունենա, իսկ նրա բովանդակությունից բավականություն ստանան եւ ընթերցողները, եւ նրանք, ովքեր ստեղծում են թերթը»:


07.04.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:   Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...

30.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,   Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...

24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...