Տպել
24.04.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
1 / 1

ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ամեն տարվա այս օրն առանձնահատուկ է մեր հիշողության եւ ներաշխարհի համար, առանձնահատուկ՝ անցյալի` այսօր արդեն 100-ամյա ցավի եւ ապագային ուղղված ասելիքի տեսքով, ցավ՝ ծնված վաղեմության ժամկետ չունեցող ոճիրից եւ նույն ոճիրից ծնունդ առած ասելիք՝  առանց ժամկետային եւ աշխարհագրական սահմանափակման:

Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում մարդատյացությունը ձեռք բարձրացրեց մարդասիրության, մթագնած գիտակցությունը՝ բանականության, ազգայնամոլությունը՝ հանդուրժողականության վրա: Եվ ծնվեց դարի մեծագույն եւ առաջին հանցագործությունն ընդդեմ մարդկության՝ Հայոց ցեղասպանությունը: Այն իրականացվեց որպես պետական քաղաքականություն, որպես բնիկ ժողովրդին բռնությամբ հայրենիքից եւ ինչքից զրկելու, նրա գենոֆոնդի ներկան ու ապագան ոչնչացնելու մանրամասն մտահղացված ծրագիր: Մի ողջ ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին հայ լինելու պատճառով, բայց արմատազրկել այդ ժողովրդին չհաջողվեց հայ լինելու շնորհիվ:

Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է հիշողություն ցեղասպանված նահատակների ու կորուսյալ հայրենիքի հանդեպ՝ պարտադրելով պայքար ու պահանջ, արդարության վերականգնում եւ ճանաչում: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է երախտիք՝ այն ընկալողների ու կիսողների, հանցագործությունը դատապարտողների եւ պատիժ պահանջողների հանդեպ՝ մղելով ժխտողականության դեմ պայքարի: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է ապրելու կամք եւ կորով՝  մղելով վերապրելու, արարման, վերածննդի:

Հայոց ցեղասպանությունն այն հանցանքն է, որի պատիժն արձանագրված է գրված ու չգրված օրենսգրքերում, որի պատիժն անխուսափելի է՝ անկախ ժամանակացույցի պտույտներից, որի համար պատժելը ժողովրդավար հասարակարգերի, իրավական պետությունների, պարզապես բարոյական հասարակությունների եւ արդարամիտ առաջնորդների պարտքն է ցեղասպանության ենթարկված ժողովրդի, ցեղասպանությունների չվերացած վտանգի առջեւ կանգնած ողջ մարդկության հանդեպ՝ պատմականորեն եւ իրավական նորմերով արձանագրված պարտք, հոգու եւ սրտի պարտք: Եւ որքան հետաձգվի այդ պարտքի ժամկետը, այնքան ավելի մեծ կլինի հնարավոր ցեղասպանությունների հավանականությունը:

Սիրելի հայրենակիցներ, 100 տարի Ցեղասպանության վերքի ցավը մեր հոգու եւ մեր ապրումների մեջ է, Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների հիշողությունների ու պատմությունների մեջ, Ցեղասպանությունը դատապարտած պետությունների, կառույցերի եւ գործիչների գործելակերպի մեջ: Սակայն մեր 100-ամյա ցավի խորհրդանիշը ոչ միայն անմոռուկն է, այլեւ անմեռուկը, եւ այս երկուսի համադրությունը մեր ժողովրդի հաստատուն լավատեսության գրավականն է: Հետեւաբար, 100-ամյակը ողբերգության տարելիցն է, բայց ոչ ողբասացության, որովհետեւ 100 տարվա ընթացքում բազմիցս ենք ապացուցել, որ ողբերգությունից կարողանում ենք հասնել հաղթանակների, մինչդեռ ողբասացությունը կործանարար է ներկայի եւ պարարտ հող՝ անհեռանկար ապագայի համար: Ուստի պարտավոր ենք շարունակել ապրել ու ստեղծել, հզորանալ նաեւ 100-ամյակի սահմանից անդին՝ վերստին փաստելու վերածնվելու մեր գենետիկ կարողությունը, որը մեզ ուժ է տվել եւ 100 տարի առաջ, եւ 100 տարվա ընթացքում, եւ ուժ կտա հարյուրավոր ու միլիոնավոր տարիներ: Պարտավոր ենք ի հեճուկս ողբերգությունների եւ ողբերգակների, ոճիրների եւ ոճրագործների, ի հեճուկս 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը 21-րդ դարի ժխտողականությամբ շարունակելու փորձերի, հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի հայոց պետականության, հայկական սփյուռքի եւ հանուն այն միասնական հայկականության, որն ի զորու է պարտքը դարձնել պահանջ, հիշատակը՝ արդարության գործիք եւ դրանց միջոցով տեսլական հայրենիքը՝ առարկայական գոյություն»:


07.04.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:   Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...

30.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,   Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...

24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...