National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
30.12.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

միասին գրեցինք ու միասին էլ փակում ենք մեր պատմության եւս մեկ էջ՝ հաջորդին անցնելու վճռականությամբ, համոզված, որ այն ավելի լավն ու ավելի հաջողված է լինելու:

Անցնող տարին փորձության տարի էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար, քաղաքական ու տնտեսական, խաղաղության ու ոգու փորձության տարի: Մենք արժանապատվորեն դիմակայեցինք այդ փորձություններին՝ դժվարություններն ընդունելով որպես գոտեպնդվելու, ավելի համախմբվելու եւ ավելի ակտիվ աշխատելու խթան: Դիմակայեցինք, ցավոք, նաեւ մեր խաղաղությունը պաշտպանող եւ անվտանգությունն ապահովող զինվորների կյանքի գնով: Նրանք ապրողներիս պարտավորեցնում են ավելի հանդուրժող ու բարյացկամ լինել միմյանց հանդեպ, ավելի հոգատար ու սրտացավ` հայրենիքի նկատմամբ, եւ այդ ամենն ամրապնդել նոր ձեռքբերումներով ու հաղթանակներով:

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով վերստին փաստեցինք, որ արցունքը եւ ցավը հիշողությանն ի պահ տված՝ մենք ձգտել ու հասել ենք, հասնում ենք ու հասնելու ենք այնպիսի արդյունքի, որը հաղթանակաբեր է մեզ եւ արցունքաբեր՝ նրանց համար, ովքեր փորձում են ցավ ու վերք պատճառել մեզ:

Սիրելի հայրենակիցներ,

2016 թվականին լրանում է մեր անկախ պետականության 25-ամյակը: Հայաստանի խորհրդարանը կանգնած է այդ գործընթացի ակունքներում: Իսկ անցնող տարում խորհրդարանը` ի դեմս Ազգային ժողովի, վճռորոշ մասնակիցը դարձավ պետության կյանքում առանցքային եւս մեկ գործընթացի` Սահմանադրության փոփոխություններին: Հայաստանն անցնում է պետության կառավարման խորհրդարանական մոդելի:

2016 թվականը նախընտրական տարի է: Ընտրություններին նախորդող ժամանակաշրջանը ենթադրում է քաղաքական գործիչների ու ընտրողների ավելի ակտիվ երկխոսություն: Չափազանց կարեւոր ու անհրաժեշտ է, որ այն օգտակար ու արդյունավետ լինի պետության ու հասարակության համար:

Ոտք դնելով հերթական տարվա տիրույթ՝ մենք չպետք է մոռանանք, որ անկախությունը նվաճել ենք թանկ գնով, եւ այսօր մեր պարտքն է ակտիվորեն շարունակելու միջազգային ավելի մեծ կշիռ ունեցող, զարգացած պետության կառուցումը, որտեղ բարեկեցիկ ապրեն ու աշխատեն թե այսօր, թե վաղը: Դա լավագույն հարգանքի տուրքն է նրանց, ովքեր կերտեցին անկախությունը, ովքեր զոհվեցին հանուն դրա:

Սիրելի հայրենակիցներ,

Նոր տարվա շեմին մեր բարի մտքերն ու մաղթանքները կիսենք ոչ միայն մեր ընտանիքների, հարազատների ու մտերիմների, այլեւ այն մարդկանց հետ, ովքեր տարբեր հանգամանքների բերումով զրկված են ընտանեկան օջախից ու ընտանեկան ջերմությունից, ովքեր այս պահին ապահովում են մեր անվտանգությունն ուխաղաղությունը, ովքեր բարձր են պահում մեր պետության վարկը դրսում որպես խաղաղապահներ, մեր այն հայրենակիցների հետ, ովքեր ապրում կամ ժամանակավորապես գտնվում են արտերկրում:

Թող Ամանորի բարի տրամադրությունը ձեզ հետ լինի ողջ տարվա ընթացքում, իսկ ձեր օջախներում միշտ ջերմություն, սեր ու համերաշխություն տիրի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: