Տպել
01.08.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի ուղերձը Համահայկական կրթական 7-րդ համաժողովի մասնակիցներին
1 / 1

Ողջույնի ուղերձն ընթերցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը:

Ուղերձում ասված էր.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի մանկավարժներ, ուրախությամբ ողջունում եմ բոլորիդ` այս խորհրդաժողովը դիտարկելով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու հայապահպանությանն ուղղված եւս մեկ կարեւոր քայլ: Խորհրդանշական է, որ Համահայկական կրթական 7-րդ համաժողովը տեղի է ունենում մեր միասնական հայրենիքի` Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի նախաշեմին:

Արտերկրի յուրաքանչյուր հայկական կրթօջախում ի պահ են հանձնված հայ լեզուն, հայ միտքն ու հայ խոսքը` գրավոր ու բանավոր վիճակով, ի պահ են հանձնված վստահությամբ ու հավատով: Դրանցում հոգին ու հոգեւորը ոչ միայն երբեւիցե չեն կորսվում, այլեւ հարստանում ու ծավալվում են: Սփյուռքի հայկական դպրոցում յուրաքանչյուր աշակերտ գտնում է մի կտոր Հայաստանից ու հայի ներաշխարհից:

Սիրելի հայրենակիցներ, հայեցի դաստիարակությունը պետք է լինի ոչ թե սոսկ խոսք, այլ` երեւույթ, որից ծնվում են հայրենասիրությունն ու մարդասիրությունը, ազգասիրությունն ու խիզախությունը: Նաեւ այդ դաստիարակությունն էր, որ ինքնազոհաբերման էր մղում ապրիլյան վերջին պատերազմական իրադարձությությունների հերոսներին, որոնց զգալի մասը մեկ-երկու տարի առաջ էր հրաժեշտ տվել դպրոցին: Նաեւ այդ դաստիարակության շնորհիվ էր, որ արցախյան ազատամարտին մասնակցեցին սփյուռքից արյան կանչով Արցախին օգնության հասած մեր բազմաթիվ հայրենակիցներ: Սա դաստիարակության` կրթական գործընթացի անբաժանելի բաղադրիչի ամենատեսանելի արդյունքներից մեկն է:

Սփյուռքում դաստիարակություն ասվածը անվերապահորեն շաղկապված է ազգապահպանության հետ, որովհետեւ միայն հայրենասիրությամբ ու ազգասիրության ոգով, սեփական ժողովրդի պատմության լավագույն դրվագներով դաստիարակված հայորդին ու հայուհին են, որ վստահորեն կարող են իրենց վրա վերցնել ոչ միայն հայ մնալու, այլեւ հայապահպանության մեջ իրենց ավանդը ներդնելու պատասխանատվությունը: Այս առումով սփյուռքի դպրոցներն ու ուսուցիչներն ունեն այնպիսի մի առաքելություն, որն իր մեջ փառք ու պատիվ բովանդակելուց բացի նաեւ պարտք ու պատասխանատվություն է թե՛ ազգի, թե՛ նրա անցյալի ու ապագայի պատմության առաջ:

Սիրելի հայրենակիցներ, մեր փոխարեն ոչ ոք մեզ չի հարգելու եւ սիրելու, ոչ ոք մեր արժեքները մեզ չի մատուցելու, ոչ ոք մեր լեզուն մեզ ավելի հարազատ չի դարձնելու, քան մենք ինքներս: Դուք եւ ի դեմս ձեզ` սփյուռքի մեր կրթօջախները, դրանց կոլեկտիվները, սաները, թե՛ նյութապես, թե՛ հոգեպես սատարողներն ու աջակցողներն ազգ ու հայրենիք, լեզու եւ ոգի կրողներն եք: Դուք դա անում եք արժանապատվորեն` գիտակցելով այդ ամենը պահպանելու եւ յուրաքանչյուր հաջորդ սերնդին փոխանցելու կենսական անհրաժեշտությունը: Առանց կրթության, առանց կրթված ազգ լինելու մենք լավագույն դեպքում կարող ենք հավակնել պատմության մեջ խորհրդանշական կամ լուսանցքային դերի ու աննշան հետքի, այն էլ միգուցե ոչ մեր անվամբ: Այդ դեպքում պատմությունը չի ների ոչ մեկին:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր այն հոգեւոր ու աշխարհիկ այրերին, բոլոր այն ուսուցիչներին ու բարերարներին, ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ պահպանվում եւ միշտ վառ է մնում հայ լեզուն ու լույսն աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների մեջ, հայ համայնքներում: Հայրենիքի ու սփյուռքի, նրանց կապի ամրությունը եւ հարատեւությունը, հայ մնալու երաշխիքը մեծապես պայմանավորված են նաեւ դպրոցի, ուսուցչի եւ աշակերտի գոյությամբ ու ներկայությամբ: Մենք բոլորս` հայրենիքում թե սփյուռքում, պետություն թե մասնավոր հատված, անհատ թե մարդկանց խումբ, պարտավոր ենք միասին ամեն ինչ անել` նրանց աջակցելու եւ սատարելու համար: Այս խորհրդաժողովը, որի` արդեն յոթերորդ անգամ անցկացվելը նրա արդյունավետ շարունակականության վկայությունն է, այդպիսի քայլերից մեկն է: Համոզված եմ, որ խորհրդաժողովի հագեցած օրակարգի շուրջ քննարկումներում բազմաթիվ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Եւս մեկ անգամ ողջունելով բոլորիդ` մաղթում եմ արդյունավետ աշխատանք` ի շահ հայ դպրոցի, հայ լեզվի ու հայ ինքնության»:


26.05.2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արարա...

08.05.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ: Փառք նրանց, ովքեր կերտեցին այս հաղթանակը: Այս հաղթանակը երբե...

07.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսին
«Հարգելի գործընկերներ, ընկերներ, Այս տարի մայիսի 9-ին մենք նշում ենք Մեծ հաղթանակի 75-ամյակը, որը մաս է մեր ժողովուրդների պատմական տարեգրության: Հայրե...

24.04.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Այսօր մենք ոգեկոչում ենք 105 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը: 1,5 միլիոն տղամարդ եւ կին, ծեր...

21.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողություն...

15.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հարգելի՛ պարոն Հարությունյան, Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետությ...

15.04.2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդի ժողովրդի Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը
Սիրելի՛ եզդի եղբայրներ եւ քույրեր, Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղա...