Տպել
19.10.2022
Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ խնդրանքով այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ
1 / 10

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ:

Հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների եւ խուլերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա: Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաեւ երիտասարդ խուլերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների ստեղծումը: Միավորման անդամները մատնանշել են նաեւ ժեստերի լեզվի թարգմանիչներ վերապատրաստելու հարցի կարեւորությունը եւ դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու շուրջ աջակցություն են խնդրել:

Ալեն Սիմոնյանը միավորման ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել շենքում, ծանոթացել պայմաններին: ԱԺ նախագահը ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:

ԱԺ նախագահը հանդիպման ավարտին միավորման շահառուներին տեղեկացրել է, որ առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել հայերեն ժեստերի լեզվով:

Վերջին տվյալներով Հայաստանում ապրում է լսողական խնդիրներ ունեցող 3000 մարդ: