Դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
Աժ նախագահը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ եւ բարձր գնահատելով դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ նախորդ դեսպանների գործունեությունը, նշեց, որ արդյունավետ համագործակցություն է ակնկալվում նաեւ պարոն Հեֆերնի հետ:
ԱՄՆ դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ շնորհավորեց Սամվել Նիկոյանին` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկուստեք կարեւորվեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը, դիտորդների հնարավորինս լայն շրջանակի մասնակցությունը դրանց եւ ընտրական գործընթացների ու ընտրական օրենսդրության վերաբերյալ հանրային իրազեկումը:
ԱԺ նախագահն անդրադառնալով նախընտրական գործընթացներին` նշեց, որ միջազգային մի շարք կառույցների հավանությանն արժանացած նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ստեղծում անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, ինչը կարեւորվում է նաեւ երկրի իշխանությունների կողմից:
Սամվել Նիկոյանը բարձր գնահատեց Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի գրասենյակի միջոցով իրականացված` Հայաստանի ընտրողների գրանցման համակարգի արդիականացումն ու կատարելագործումը, որոնք գործնականում արդեն իսկ տվել են իրենց դրական արդյունքները:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ:




