Դեկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:
ԱԺ նախագահը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ եւ կարեւորեց ԵՄ գրասենյակի հետ ստեղծված համագործակցությունն ավելի ակտիվ դարձնելը: Նա նշեց, որ շարունակելով ստեղծված ավանդույթները` համագործակցությունը պետք է լինի արդյունավետ ու գործնական` այդ գործընթացում ակնկալելով նաեւ Տրայան Հրիստեայի ջանքերը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը բարձ գնահատեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի պատրաստակամությունը` հնարավորինս արդյունավետ համատեղ աշխատանք իրականացնել: Նա ողջունեց խորհրդարանն ու մամուլի հետ աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու` ԱԺ նախագահի հայտարարություններն ու գործողությունները:
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ խորհրդարանը ժողովրդի ընտրած մարմինն է, չպետք է կտրված լինի նրանից եւ նրա համար պետք է լինի թափանցիկ: Տեղեկացնելով, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո իր առաջին կարգադրություններից մեկը եղել է լրագրողների մուտքը Ազգային ժողով ավելի ազատ դարձնելը, Սամվել Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց նաեւ ավելի սերտ աշխատել հասարակական կազմակերպությունների հետ:
Զրուցակիցները կարեւորեցին ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ դրանք որպես այդպիսին ընդունելը հասարակության ու միջազգային հանրության կողմից: ԵՄ ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու` իշխանությունների պատրաստակամության առթիվ եւ հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքները կընդունվեն բոլոր այն կուսակցությունների կողմից, որոնք կարեւոր դեր ունեն քաղաքական կյանքում:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԵՄ հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես Արեւելյան գործընկերությանն ու համագործակցությանը «Եվրանեսթ» ԽՎ շրջանակներում:




