Դեկտեմբերի 5-ին Հնդկաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առաջին օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: Նա գոհունակությամբ փաստեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական եւ աշխատանքային այցեր, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
«Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման կարեւորության մասին մատնանշում է այն փաստը, որ ՀՀ Նախագահը հատուկ հանձնարարականով դիմել է ՀՀ կառավարությանը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համալիր ծրագիր մշակելու վերաբերյալ: Հայաստանը շահագրգռված է ապահովելու լայնածավալ եւ բազմաշերտ համագործակցության շարունակականությունը», - նշեց ԱԺ նախագահը:
Հնդկաստանի արտգործնախարար Սալման Խուրշիդը բարձր գնահատեց Հայաստանի հետ հարաբերությունները եւ անհրաժեշտ համարեց շարունակել երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հետագա խորացումը: Նա կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, առեւտրատնտեսական կապերի զարգացումը, գործարար շրջանակների շփումները, փոխադարձ ներդրումների խրախուսումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը կարեւորեցին հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Հնդկաստանի արտգործնախարարը ողջունեց եւ բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը ուղղված տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու այս հարցում:
Կողմերը կարեւորեցին համագործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: