Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Կ-225-Ա ԵՎ Կ-226-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 26.08.2019թ.

Արձանագրելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝  2017 թվականի մայիսի 18-ից, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի կատարումը լիարժեք չի ապահովվել եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները հիմնականում չեն հրապարակվել,

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 2-րդ մասի 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածով,

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝

1) ապահովել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարումը՝ Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելով.

ա. 2017 թվականի մայիսի 18-ից հետո՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընդունած եւ սահմանված կարգով չհրապարակված կարգադրություններն ու որոշումները, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու մասին կարգադրությունները, դրանց հավելվածները, փոփոխությունները եւ լրացումները, բացառությամբ՝ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների.

բ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրությունների (այսուհետ՝ Կարգադրություններ) հավելվածները (այսուհետ՝ Հավելվածներ).

2) ընդունման պահից անվավեր ճանաչել Կարգադրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ընդունած հրամանները՝ օրենքով սահմանված կարգով լուծելով մինչեւ դրանց ընդունումը եղած իրավական վիճակի վերականգնման հետ կապված հարցերը.

3) Հավելվածների հրապարակմանը հաջորդող օրվանից` ապահովել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի պահանջների կատարումը:

2. Ընդունման պահից անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի Կ-225-Ա եւ Կ-226-Ա կարգադրությունները:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

26.08.2019
Կ-233-Ա