Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում`

1) 46.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«46.3 Իրավաբանական վարչությունը`

1) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերի, անհրաժեշտության դեպքում նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված նախագծերի մասնագիտական (իրավաբանական) փորձաքննությունը եւ համապատասխան եզրակացությունների պատրաստումը.

2) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայացնում է իր եզրակացությունները եւ պատգամավորներին տրամադրում է փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված համապատասխան խորհրդատվություն.

3) Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովների նախագահներին եւ պատգամավորներին ապահովում է իրավական խորհրդատվությամբ.

4) համագործակցում է այլ երկրների խորհրդարանների համապատասխան կառույցների, գիտական եւ այլ կազմակերպությունների հետ.

5) ՀՀ օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկելիս Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է վեճի առնչությամբ պատասխանների, բացատրությունների, հայտարարությունների եւ իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծեր.

6) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության դատարաններում Ազգային ժողովի կամ Աշխատակազմի շահերի պաշտպանությանն առնչվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծեր.

7) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում եւ նախապատրաստում է Ազգային ժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությունների, նամակների, առաջարկությունների պատասխանների նախագծեր.

8) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Աշխատակազմի գործունեության հետ կապված իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաեւ առաջադրված հարցերի վերաբերյալ տրամադրում է իրավական խորհրդատվություն.

9) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրական կարգավորում պահանջող ոլորտների եւ հարցերի վերաբերյալ:

46.3.1 Տնտեսագիտական վարչությունը`

1) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող սոցիալ-տնտեսական (անհրաժեշտության դեպքում` նաեւ այլ ոլորտների) օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերի, անհրաժեշտության դեպքում նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված նախագծերի մասնագիտական (տնտեսագիտական) փորձաքննությունը եւ համապատասխան եզրակացությունների պատրաստումը.

2) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայացնում է իր եզրակացությունները եւ պատգամավորներին տրամադրում է փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված համապատասխան խորհրդատվություն.

3) իրականացնում է Ազգային ժողովի նախագահին ներկայացվող տնտեսական, ֆինանսավարկային, բյուջետային, սոցիալական, առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության, ընդերքի օգտագործման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին առնչվող հայեցակարգերի եւ ծրագրային այլ փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը.

4) պատրաստում եւ ներկայացնում է տեղեկանքներ ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների, ինչպես նաեւ գործառութային անկախությամբ օժտված ՀՀ պետական մարմինների գործունեության ծրագրերի եւ հաշվետվությունների վերաբերյալ.

5) Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովների նախագահներին եւ պատգամավորներին ապահովում է մասնագիտական խորհրդատվությամբ.

6) համագործակցում է այլ երկրների խորհրդարանների համապատասխան կառույցների, գիտական եւ այլ կազմակերպությունների հետ.

7) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրական կարգավորում պահանջող ոլորտների եւ հարցերի վերաբերյալ:»:

2. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Իրավաբանական վարչություն (իրավական փորձաքննության բաժին, իրավախորհրդատվական բաժին)

12.1 Տնտեսագիտական վարչություն (տնտեսական փորձաքննության բաժին, սոցիալական փորձաքննության բաժին)»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

22.05.2014
ՆՈ-018-Ն