Օրենքը չի գործում:
Գործում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքը

Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ի» ենթակետը եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
2009 թ. օգոստոսի 21-ի
թիվ ՆՈ-003-4 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում (այսուհետ` Ազգային ժողով) լրագրողների (այսուհետ` լրագրող) հավատարմագրման կանոնները:

2. Լրագրողների հավատարմագրումն Ազգային ժողովում իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ սույն կարգին համապատասխան:

3. Հավատարմագրումը սկսելու մասին զանգվածային լրատվության միջոցներով (այսուհետ` լրատվության միջոցներ) տրվում է հայտարարություն:

4. Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման եւ հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հասարակայնության հետ կապերի վարչությունը (այսուհետ` Վարչություն):

5. Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանելու համար լրագրողների հավատարմագրման գործընթացը սկսելու մասին լրատվության միջոցներով հայտարարությունը տրվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը սկսվելուց առնվազն քսան օր առաջ:

6. Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է վարչության պետին, ներկայացնելով`

ա) լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը, իրավական կարգավիճակը, գտնվելու վայրը.

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը.

գ) երկու լուսանկար (3x4 չափսի).

դ) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):

7. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:

8. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի` ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:

9. Զանգվածային լրատվության յուրաքանչյուր միջոցից, բացառությամբ հեռուստաընկերությունների, հավատարմագրվում են ոչ ավելի, քան երկու լրագրող (այդ թվում` լուսանկարիչ կամ օպերատոր): Հեռուստաընկերություններից հավատարմագրվում են ոչ ավելի, քան երկու լրագրող եւ երկու օպերատոր:

10. Հավատարմագրվել կարող են ՀՀ արդարադատության նախարարությունում հաշվառված 1500 եւ ավելի տպաքանակ ունեցող թերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի, օրական 800 եւ ավելի այցելու ունեցող եւ շաբաթը մեկ թարմացվող ցանցային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւանում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները: Սույն կանոնը չի գործում ազգային փոքրամասնությունների տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտները լուսաբանող լրատվամիջոցների համար:

11. Հավատարմագրվել չեն կարող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական հաղորդաշարերի, Երեւանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների, Ազգային ժողովի աշխատանքները երկու ամսից ավելի չլուսաբանող թերթերի եւ ամսագրերի, հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների արտահաստիքային աշխատակիցները: Որպես ինքնուրույն լրատվության միջոց` հավատարմագրման ենթակա չեն նաեւ տպագիր թերթերի, ամսագրերի էլեկտրոնային տարբերակները:

12. Ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում ստեղծված զանգվածային նոր լրատվամիջոցի աշխատակիցները հավատարմագրվում են միայն հաջորդ նստաշրջանի համար:

13. Ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում լրացուցիչ հավատարմագրում կատարվում է, այն դեպքում, երբ լրատվության միջոցի հավատարմագրված որեւէ լրագրողի կողմից գործունեության իրականացումը դարձել է անհնարին:

14. Նստաշրջանի ընթացքում հավատարմագիրը կորցնելու դեպքում դրա փոխարեն տրվում է նոր հավատարմագիր` այդ մասին Վարչությանը տեղեկացնելուց հետո` յոթնօրյա ժամկետում:

15. Վարչությունը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան: Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Ազգային ժողովի Բաղրամյան պողոտայի անցագրային կետ (Բաղրամյան պողոտա N 5): Ցուցակում փոփոխությունները եւ լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:

16. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստացվելուց հետո` հնգօրյա ժամկետում, որոշում է ընդունվում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին: Հավատարմագիրը լրացնում է Վարչությունը, վավերացնում է Աշխատակազմի ղեկավարը:

17. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե`

ա) ներկայացված դիմումը չի պարունակում սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները.

բ) դիմումը ներկայացվել է հավատարմագրման համար սահմանված ժամկետից հետո.

գ) լրատվական գործունեություն իրականացնողը չի բավարարում սույն կարգի 10-րդ կետի պահանջները.

դ) առկա է սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

18. Լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցվում է, եթե`

ա) նա դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

գ) նա տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

դ) նա խախտել է օրենքների պահանջները կամ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վարչական շենքի եւ տարածքի պահպանության հրահանգի» կամ Ազգային ժողովում սահմանված աշխատակարգի կանոնների կամ սույն կարգի պահանջները.

ե) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

զ) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

է) զանգվածային լրատվության միջոցը նստաշրջանի ընթացքում դադարել է բավարարել սույն կարգի 10-րդ կետում նշված պահանջները կամ ի հայտ է եկել սույն կարգի 11-րդ կետում նշված հիմքերից որեւէ մեկը:

Լրատվական գործունեություն իրականացնողը զրկվում է այլ լրագրող հավատարմագրելու իրավունքից սույն կետի «գ» ենթակետով նախատեսված հիմքով լրագրողին հավատարմագրից զրկելու դեպքում: Սույն կետի այլ ենթակետերով նախատեսված հիմքերով հավատարմագրումից զրկելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը Ազգային ժողով հավատարմագրման է ներկայացնում այլ աշխատակցի:

19. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է նաեւ Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը կամ հավատարմագրումից զրկելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության կայացրած որոշումը:

20. Վարչությունը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

21. Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է Վարչությունը: Ազգային ժողովի նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին եւ Ազգային ժողովում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան:
(21-րդ կետը խմբ. 09.12.11 ՆՈ-014-Ն)

22. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվություն.

բ) նախապես տեղեկացված լինելու Ազգային ժողովի միջոցառումների անցկացման մասին, մասնակցելու այդ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի եւ ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.

գ) հավատարմագրված այլ լրագրողների հետ ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի ազատության եւ բազմակարծության սկզբունքների հիման վրա օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

դ) օգտվելու օրենքով լրագրողների համար սահմանված այլ իրավունքներից:

23. Հավատարմագրված լրագրողը պարտավոր է`

ա) մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների եւ Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը.

բ) իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց եւ Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը.

գ) Ազգային ժողովի տարածք մուտք գործելիս ներկայացնել հավատարմագիրը, կրել այն Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում, ինչպես նաեւ ենթարկվել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վարչական շենքի եւ տարածքի պահպանության հրահանգի» պահանջներին.

դ) կատարել օրենքով լրագրողների համար սահմանված այլ պարտականություններ` հաշվի առնելով Ազգային ժողովի եւ Աշխատակազմի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները:

24. Ազգային ժողովում`

ա) որեւէ ձեւով կամ եղանակով չի կարող գրաքննություն իրականացվել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ.

բ) ապահովվում են հավատարմագրված բոլոր լրագրողների համար ոչ խտրական պայմաններ.

գ) չի խոչընդոտվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

25. Խորհրդարանում չհավատարմագրված լրագրողներին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը կարող է տրամադրել ժամանակավոր անցագրեր:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

21.08.2009
ՆՈ-003-4-Ն