Հունվարի 14-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն անդրադարձան Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերություններին, տարածաշրջանային հիմնախնդիրներին, առաջիկա նախագահական ընտրություններին:
Պարոն Ադոնցն անհրաժեշտ համարեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը` նշելով, որ եվրաինտեգրումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Նա կարեւորեց տարածաշրջանային համագործակցությունը եւ փոխգործակցության զարգացումը: Պարոն Ադոնցը նշեց, որ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ է բացում: Ըստ նրա` եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը առաջիկայում պետք է դարձնել առավել կոնկրետ, պրագմատիկ եւ գործնական: Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա զարգացումից` պարոն Ադոնցը տեղեկացրեց, որ Հայաստանը կողմնակից է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը եւ առավել խորացմանը, նրա համոզմամբ` Հայաստանը հնարավորության սահմաններում պետք է օգտագործի ՆԱՏՕ-ի փորձն անվտանգության ոլորտում:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը կարեւորեց առաջիկա նախագահական ընտրությունների եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացումը: Նա գտնում է, որ որակյալ ընտրությունների անցկացմամբ պետք է շահագրգիռ լինեն եւ ընդդիմադիր, եւ իշխանական քաղաքական ուժերը:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին կարեւորեց նախագահական ընտրությունները երկրի հետագա զարգացման տեսանկյունից: Ըստ նրա` ընտրությունները հստակեցնում են հասարակական կյանքի որակը եւ հարաբերությունները գործընկեր պետությունների հետ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` պարոն Սեմնեբին կարեւորեց դրանց բարելավումը նաեւ տարածաշրջանային զարգացումների առումով եւ Եվրամիության աջակցության պատրաստակամությունը հայտնելով:
Ի պատասխան պարոն Սեմնեբիի հարցի` Ավետ Ադոնցը նշեց, որ եվրաինտեգրման խնդրում քաղաքական ուժերի մեջ չկան տարաձայնություններ, բոլորը գիտակցում են եվրաինտեգրման գործընթացի կարեւորությունը: Պարոն Ադոնցը վստահ է, որ ԵՄ-ն չի սպառել իր հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Նրա համոզմամբ` ԵՄ-ն կարող է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական հարաբերությունների հաստատմանը: Նրա կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է տարածաշրջանային կայուն զարգացման կարեւոր խթան հանդիսանալ:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս: