ՈՐՈՇՈՒՄԸ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին | ||||
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) իրականացնել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում (մոնիթորինգ) եւ արդյունքների մասին մինչեւ 4-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն: 2. Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2.1-րդ մասի, եթե քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ Հանձնաժողովի եզրակացությանը եւ դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում Հանձնաժողովի եզրակացության քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը: Եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը: 3. Մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ Հանձնաժողովի գրավոր եզրակացությունը եւ Ազգային ժողովի նիստում դրա քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի հերթական նստաշրջանի վերջին չորսօրյա նիստերից առնվազն 5 օր առաջ ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին եւ ընդգրկվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
|
2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը