National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ (համացանց), երիտասարդություն, սպորտ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-10) 513331




Կանոնակարգ

Հաստատված է
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,
երիտասարդության եւ սպորտի հարցերի
մշտական հանձնաժողովի

«22» հունիսի 2007թ. թիվ    որոշմամբ
արձանագրություն թիվ 01
 

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

1.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) համարվում է Ազգային ժողովի մարմիններից մեկը, որը ստեղծվում եւ գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» (այսուհետ՝ Օրենք),   «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ սույն Կանոնակարգի համաձայն:

1.2. Հանձնաժողովն ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով, ինչպես նաեւ իր գործունեության ոլորտներին վերաբերող հիմնահարցերի ուսումնասիրման, քննարկման եւ առաջարկությունների  ներկայացման  համար:

1.3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում եւ գործում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
 

Գլուխ 2. Հանձնաժողովի գործունեության ոլորտները, սկզբունքները եւ իրավասությունները

2.1. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի համաձայն Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ,  սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն,  երիտասարդություն, սպորտ:

2.2. Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են՝

ա) օրինականությունը.

բ) հրապարակայնությունը եւ տեղեկատվության մատչելիությունը.

գ) ժողովրդավարությունը.

դ) կարգապահությունը.

ե) մարդասիրությունը:

2.3. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի անդամների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի, Հանձնաժողովի քարտուղարության (աշխատակազմի) կողմից՝  նիստերի  միջոցով:

2.4. Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է Հանձնաժողովի որոշմամբ եւ  Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ հանդես գալ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը:

2.5. Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է մասնակցել՝

ա) Կառավարության դռնբաց նիստին, որի  անցկացման օրվա, ժամի, օրակարգի եւ դրան առնչվող փաստաթղթերի մասին  նախապես տեղյակ է պահվել Ազգային ժողովին,

բ) Վերահսկիչ պալատի խորհրդի նիստին, որի անցկացման օրվա, ժամի, օրակարգի եւ դրան առնչվող փաստաթղթերի մասին, առնվազն երեք օր առաջ, Վերահսկիչ պալատի նախագահը տեղեկացրել է Հանձնաժողովին։

2.6.  Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպում է Հանձնաժողովի նախագահը:

2.7.Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի եւ խորհրդարանական աշխատանքների լուսաբանման շրջանակում  կազմակերպվում են Հանձնաժողովնի ճեպազրույցները, մամուլի ասուլիսները եւ 3 րոպե տեւողությամբ հեռարձակվում «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով։

Հանձնաժողովին հատկացվող ժամանակահատվածի հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը՝ հարցը նախապես քննարկելով տվյալ հաղորդմանը նախորդող շաբաթվա Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում։

Հանձնաժողովի նախագահն իրավունք ունի Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկություն ներկայացնել։
 

Գլուխ 3. Հանձնաժողովի լիազորությունները՝  որպես գլխադասային հանձնաժողով

3.1.  Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, Հանձնաժողովը Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակվում է գլխադասային հանձնաժողով՝ իր գործունեության ոլորտների վերաբերյալ  օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար։

3.2. Հանձնաժողովը  30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության եւ Ազգային ժողովի աշխատակազմի (ԱԺ որոշման դեպքում՝ միայն աշխատակազմի)  եզրակացությունները ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի (իսկ ԱԺ որոշման  դեպքում՝  նախագծի) վերաբերյալ` Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին։

3.3. Եթե Օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա քննարկվող  օրենսդրական ակտը  հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ է ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ.

ա)  օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթը, կամ  Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ ոչ ուշ, քան շրջանառության մեջ դրվելուց հետո 30-օրյա ժամկետում,

բ)  Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը՝ 40-օրյա ժամկետում,

գ) պատգամավորի առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը՝  ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց 60-օր հետո ընդգրկվում է նաեւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում, եթե Ազգային ժողովի որոշումով այլ ժամկետ սահմանված չէ,

դ) Կառավարության առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է նաեւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում։

3.4. Հանձնաժողովի եզրակացությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ կարող է հետաձգվել օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում։

3.5. Հանձնաժողովի որոշմամբ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է այլընտրանքային համարվել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված ու դեռեւս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ:

3.6.Հանձնաժողովի ներկայացուցիչն Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով դրա վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը:

3.7. Հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ՝

ա) Ազգային ժողովի նիստում հարցի քննարկմանը  հրավիրված անձանց կարող է տրվել ելույթի իրավունք,

բ)  առանձին հարցի քննարկման համար կարող է սահմանվել հատուկ ընթացակարգ,

գ) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը կարող են քննարկվել երկու ընթերցմամբ։
 

Գլուխ 4. Հանձնաժողովի նիստերի անցկացումը

4.1. Հանձնաժողովի հերթական նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 11։00-ին։

4.2.Հանձնաժողովը կարող է գումարել արտահերթ նիստեր: Արտահերթ նիստ կարող է գումարվել Հանձնաժողովի նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնութ-յամբ: Նախաձեռնող խումբը Հանձնաժողովի նախագահին գրավոր ներկայացնում է նիստի օրակարգը եւ ժամկետը:

4.3. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել Հանձնաժողովի որոշմամբ, որի մասին Հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

4.4. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են:

4.5.Հանձնաժողովի դռնփակ նիստ կարող է անցկացվել Հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է Օրենքով: Դռնփակ նիստի արձանագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:

4.6. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը, Վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:

4.7.  Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի 4.6-րդ  կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, Հանձնաժողովի եւ խմբակցությունների փորձագետները (մասնագետները), պատգամավորների օգնականները, Հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված եւ օրենքով նախատեսված այլ անձինք:

4.8. Հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի կամ օրինագծերի փաթեթի նախագծի կամ որոշման նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել նաեւ Հանձնաժողովի անդամ չհանդիսացող տվյալ փաստաթղթերի հեղինակները:

4.9. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այդ հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները, այլ շահագրգիռ մարմինները եւ պաշտոնատար անձինք նիստի մասին տեղեկացվում են առնվազն երկու օր առաջ:

4.10. Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի նիստում առաջարկում է համապատասխան ոլորտով զբաղվող Հանձնաժողովի անդամին ուսումնասիրել այն նախագիծը, որի համար Հանձնաժողովը համարվում է գլխադասային, ամփոփել տվյալ նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի անդամների 10-օրյա ժամկետում ներկայացրած գրավոր առաջարկությունները, նախապատրաստել Հանձնաժողովի որոշման նախագիծ` Հանձնաժողովի եզրակացությունը կազմելու համար եւ հարցը ներկայացնել Հանձնաժողովի նիստին:
 

Գլուխ 5.  Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման եւ որոշումների ընդունման կարգը

5.1.1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը եւ այն վարում է Հանձնաժողովի նախագահը կամ վերջինիս   բացակայության դեպքում նրա գիտությամբ կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

5.1.2. Հանձնաժողովի անդամը գրանցվում է Հանձնաժողովի գործավարի մոտ՝ համապա-տասխան ձեւաթղթում ստորագրելով, որը կցվում է Հանձնաժողովի նիստի արձանագրությանը։

5.1.3. Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովի նիստի նիստին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ է պահում Հանձնաժողովի նախագահին:

5.2. Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան մեկ ժամ: Նշված ժամկետում քվորումի՝

ա) ապահովման դեպքում՝ նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին,

բ) ապահովման անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

5.3.Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով, որը ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Նիստը վարողը անհրաժեշտության դեպքում կարող է հայտարարել ընդմիջում:

5.4. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ հաջորդականությամբ՝

ա) հիմնական զեկուցողի ելույթը,

բ) հարցեր հիմնական զեկուցողին,

գ) հարակից զեկուցողի ելույթը,

դ) հարցեր հարակից զեկուցողին,

ե) մտքերի փոխանակություն,

զ ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը,

ե) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը,

ը) քվեարկություն:

5.5. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը, նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված եւ անավարտ մնացած օրենքի նախագծերը, Ազգային ժողովի որոշման նախագիծը, որոնց համար Հանձնաժողովը նշանակվել է գլխադասային, Հանձնաժողովի օրակարգ են ընդգրկվում առանց քվեարկության:

5.6. ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը, Հանրապետության Նախագահի առարկություններով եւ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքները քննարկելու մասին հարցերը, Ազգային ժողովի որոշմամբ քննարկման ժամկետ ունեցող հարցերը, նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, օրենքի նախագծերը երրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, հերթական նստաշրջանի օրակարգից չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը սպառած հարցերը Հանձնաժողովի նիստում քննարկվում են արտահերթ: Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մնացած հարցերը քննարկվում են Հանձնաժողովի որոշմամբ, իսկ արտահերթ նիստերում՝ դրա նախաձեռնողի կամ նախաձեռնողների ներկայացուցչի կողմից սահմանված հաջորդականությամբ:

5.7.Օրենքների նախագծերի եւ այլ առաջարկությունների վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են քվեարկությամբ:

5.8 Հանձնաժողովի ներկայացուցիչն  իր ելույթում կարող է առաջարկել՝

ա) հարցի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել դրական կամ ոչ դրական եզրակացություն,

բ) օրենքի նախագիծն այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված ու դեռեւս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ,

գ) հետաձգել օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերում,

դ) հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ,

ե) երկրորդ ընթերցամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակությունը համարել ամբողջությամբ փոփոխված,

զ) փոփոխել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովում քննարկման ժամկետները.

է) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային ժողովում քննարկել երկու ընթերցմամբ:

5.9. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացնում է հեղինակը (հիմնական զեկուցողը) կամ Հանձնաժողովի անդամը եւ որոշումը կայացնում է  Հանձնաժողովը:

5.10. Հանձնաժողովի նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է տվյալ հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:

5.11. Հանձնաժողովի նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ Հանձնաժո-ղովի անդամների առաջարկությամբ: Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկությունը: Եթե դա քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ Հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:

5.12. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

5.13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Հանձնաժողո-վի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել  Հանձնաժողովի անդամների  ընդհանուր թվի առնվազն  1/4-ը:

5.14. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունը ներառում է՝

ա) արձանագրության համարը, նիստի անցկացման ամսաթիվը եւ ժամը,

բ) նիստը վարողի անունը, ազգանունը, նիստին ներկա եւ նիստից բացակայող Հանձնաժողովի անդամների ցուցակը, ըստ որում նշվում է բացակայության պատճառը,

գ) նիստին ներկա, այդ թվում՝ հրավիրված անձանց ցուցակը,

դ) նիստի օրակարգը եւ քննարկված հարցերի ցանկը,

ե) օրակարգային հարցերի քննարկման ժամանակ ելույթ ունեցած անձանց ցուցակը,

զ) հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի քվեարկությունների անվանական արդյունքները,

է) ընդունված որոշումները, առաջարկությունները եւ եզրակացությունները:

5.15.Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում է նրա նախագահը: Հանձնաժողովի նիստի ավարտից անմիջապես հետո նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

5.16.Հանձնաժողովի անդամն իրավունք ունի 10 օրվա ընթացքում ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

5.17. Հանձնաժողովի նիստի ավարտից հետո՝ 20 օրվա ընթացքում, այդ նիստի արձանագրության մեկ օրինակն ուղարկվում է Ազգային ժողովի գրադարան, իսկ 2 ամիս հետո՝ տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ, իսկ մյուս օրինակը պահվում է Հանձնաժողովում մինչեւ տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

5.18. Հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ նստաշրջանի ընթացքում Հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստում:

5.19. Հանձնաժողովը Ազգային ժողովի մյուս հանձնաժողովների հետ կարող է անցկացնել համատեղ նիստեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր Հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին - առանձին:

5.20. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը:

5.20.1. Հանձնաժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումները կազմակերպվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած ժամանակացույցի համաձայն (կազմվում է՝ խորհրդակցելով Վարչապետի հետ, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցության արդյունքում).

ա) Հանձնաժողովում նախնական քննարկման կազմակերպում,

բ) Հանձնաժողովի ու Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստում քննարկումների  անցկացում,

գ) առաջարկությունների ներկայացում,

դ) Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու համար։

5.20.2. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող նոյեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում:

5.20.3. Հանձնաժողովի ներկայացուցիչը, ըստ ցանկության, կարող է Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հանդես  գալիս մինչեւ 30 րոպե տեւողությամբ  հարակից զեկուցումով՝ ներկայացնելով այդ օրենքի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը:

5.20.4. Հանձնաժողովն իր առաջարկություններն ու եզրակացությունը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի աշխատակազմ, որը ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, դրանք ուղարկում է Կառավարություն:

5.20.5. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը Ազգային ժողովում վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ Կառավարությունը բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնում է Ազգային ժողովի աշխատակազմ, որն էլ ապահովում է դրանց տրամադրումը պատգամավորներին։

5.20.6. Հանձնաժողովի ներկայացուցիչը Ազգային ժողովում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները վերսկսելուց հետո. իրավունք ունի՝  հայտ ներկայացնելու դեպքում, մինչեւ 10 րոպե տեւողությամբ մեկ ելույթի։
 

Գլուխ 6. Հանձնաժողովի ենթահանձնաժողովները, աշխատանքային խմբերը  եւ դրանց գործունեությունը

6.1. Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը՝ ընտրելով դրանց ղեկավարներին:

6.2. Աշխատանքային խմբի կազմում կարող է ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաեւ Հանձնաժողովի, խմբակցության փորձագետը, պատգամավորի օգնականը եւ այլ մասնագետներ:

6.3. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

6.4. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիստում:

6.5.Աշխատանքային խումբը կարող է Հանձնաժողովին ներկայացնել ամփոփ եզրակացություն կամ այլընտրանքային երկու տարբերակ, կամ առկա բոլոր տեսակետները:

6.6. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ` Հանձնաժողովի որոշմամբ:

6.7. Աշխատանքային խմբի կազմը հաստատում է Հանձնաժողովը:
 

Գլուխ 7. Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

7.1.Հանձնաժողովի նախագահն ընտրվում է եւ նրա լիազորությունները դադարում են Օրենքի 26-րդ հոդածով սահմանված կարգով:

7.2. Հանձնաժողովի նախագահն Օրենքով եւ սույն Կանոնակարգով սահմանված կարգով՝
ա) նախապատրաստում եւ վարում է Հանձնաժողովի նիստերը,

բ) գումարում է Հանձաժողովի արտահերթ նիստ,

գ) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը,

դ) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը, կարող է մասնակցել եւ վարել դրանց նիստերը,

ե) Հանձնաժողովի, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետների,

զ) ապահովում է Հանձնաժողովի որոշումների կատարումը,

է) Հանձնաժողովին իրազեկում է Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին,

ը) ընթացք է տալիս եւ պատասխանում Հանձնաժողովին ուղղված դիմումներին,

թ) համագործակցում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի եւ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ ապահովելով Հանձնաժողովի բնականոն գործունեությունը,

ժ) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների  հետ,

ժա) ապահովում է Կառավարության, նախարարությունների համապատասխան գերատես-չությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ անհրաժեշտության դեպքում հանդիպելով դրանց ներկայացուցիչների հետ,

ժբ) ներկայացնում է Հանձնաժողովը պետական մարմիններում, հասարակական եւ միջազգային կազմակերպություններում,

ժգ) ղեկավարում է Հանձնաժողովի քարտուղարության (աշխատակազմի) աշխատանքը,

ժդ) կազմակերպում է Հանձնաժողովի քարտուղարության (աշխատակազմի) ամենշաբաթյա թռուցքաժողովներ,

ժե) հանդիպումներ է ունենում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների խորհրդարանների պատվիրակությունների հետ, որոնց ժամանակ կազմվում է արձանագրություն,

ժզ) մասնակցում է ուրբաթ օրը՝ ժամը 17.30-ին հրավիրվող Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին,

ժէ) միջնորդում է տեղեկություն տնօրինող անձանց՝ Հանձնաժողովի անդամների համար գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու հարցում,

ժը) վարում է Հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները,

ժթ) հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում մասնագիտական քննարկումներ,

ժի) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն` հանձնաժողովի անդամների ներգրավմամբ,

ժլ) կարգի է հրավիրում Հանձնաժողովի այն անդամին, որը Հանձնաժողովի նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, խանգարում Հանձնաժողովի աշխատանքները եւ իր այլ գործողություններով խախտում սույն Կանոնակարգով սահմանված կարգը,

ժխ) Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին դուրս է հրավիրում Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա աղմկում է, վիրավորական արտահայտություններ անում եւ չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի պահանջները,

- եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում եւ, նիստը վարողն ի վիճակի չի լինում վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը,

- եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված,

ժծ) հետեւում է սույն Կանոնակարգի պահպանմանը։

7.3. Անհրաժեշտության դեպքում մասնակցում է Կառավարության նիստերին, ներկայացնում Հանձնաժողովի տեսակետը այս կամ այն հարցը քննարկելիս:

7.4. Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահը կարող է ունենալ այլ լիազորություններ:

7.5. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի լիազորված անդամը:

7.6. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է Հանձնաժողովի նիստում՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ:

7.7. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները դադարում են, եթե Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարում են նրա պատգամավորական լիազորությունները կամ Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով հրաժարական է  տալիս:

7.8. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

7.9. Հանձնաժողովի նախագահին փոխարինողի պաշտոնում Հանձնաժողովի անդամների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հանձնաժողովի անդամներին:
 

Գլուխ 8. Հանձնաժողովի անդամը, նրա իրավունքներն ու պարտականությունները

8.1. Օրենքի 25-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի պատգամավորներն Հանձնաժողովում ընդգրկվում են ըստ իրենց դիմումի, իսկ խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

8.2. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի Օրենքով եւ սույն Կանոնակարգով սահմանված կարգով՝

ա) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի ոլորտներին վերաբերող օրենքի, Ազգային ժողովի որոշման նախագծեր,

բ) ելույթներ ունենալ մինչեւ 5 րոպե,արտահայտվել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մինչեւ երկու անգամ, հարցեր տալ մինչեւ 3 րոպե եւ առաջարկություններ անել Հանձնաժողովի նիստերում,

գ) մասնակցել Հանձնաժողովի նիստում անցկացվող քվեարկություններին,

դ) հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց,

ե) մասնակցել ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերին եւ քննարկումներին, ինչպես նաեւ  ղեկավարել ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը,

զ) առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ նրա փոխարինողի պաշտոնում,

է) ընդգրկվել ժամանակավոր հանձնաժողովներում՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություն, տեղեկանք ներկայացնելու համար,

ը) ընդգրկվել  մեկից ավելի  ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի  կազմում, իր ցանկությամբ տեղափոխվել կամ դուրս գալ ենթահանձնաժողովից կամ աշխատանքային խմբից,

թ) Հանձնաժողովի նիստում հանդես գալ Ազգային ժողովի կողմից գործուղման արդյունքների մասին հաղորդումով,

ժ) ծանոթանալ Ազգային ժողովին եւ (կամ) հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել,

ժա) Հանձնաժողովի որոշմամբ ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ(կամ) առաջարկությունն Ազգային ժողովի նիստում։

8.3. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հանձնաժողովի անդամը  պարտավոր է Օրենքով եւ սույն Կանոնակարգով սահմանված կարգով՝

ա) մասնակցել Հանձնաժողովի նիստերին եւ գործավարի մոտ ձեւաթղթում ստորագրել իր անվան դիմաց, իսկ նիստին ներկայանալու անհնարինության դեպքում՝ այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին,

բ) տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական վճարովի աշխատանք կատարելու դեպքում,

գ) կատարել Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները: Աշխատանքից բացակայելու դեպքում տեղեկացնել հանձնաժողովի նախագահին:

դ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին,

ե) ուսումնասիրել եւ Հանձնաժողովին ներկայացնել Հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող ու իրեն առաջարկված օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծեր, Հանձնաժողովի որոշումներ ու այլ փաստաթղթեր,

զ) կատարել քաղաքացիների ընդունելություն Հանձնաժողովի կողմից հաստատված ընդունելության ժամանակացույցի համապատասխան, նրանց դիմումներին եւ առաջարկություններին տալ համապատասխան ընթացք,

է) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբում օրենքի նախագիծը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում  Հանձնաժողովին կից գործող համապատասխան աշխատանքային խմբի ղեկավարի հետ՝ մասնագիտական առաջարկություններ եւ դիտողություններ հավաքագրելու համար,

ը) նախագծերի վերաբերյալ ներկայացնել գրավոր առաջարկություններ՝ Հանձնաժողովի նիստից 2 օր առաջ.

թ) Հանձնաժողովի նիստի ժամանակ անջատել բջջային հեռախոսը:

8.4. Հանձնաժողովի անդամը  կարող է ունենալ Օրենքով նախատեսված այլ իրավունքներ եւ  պարտականություններ:

8.5.Հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակայած, աշխատանքի անհարգելի չներկայացած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:

8.6. Հանձնաժողովի  աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է: Աշխատանքն սկսվում է ժամը 9-ին: Պատգամավորի աշխատանքը նորմավորված չէ:

8.7. Հանձնաժողովի անդամներին տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 աշխատանքային օր տեւողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, 24-ը՝ ամռանը:
 

Գլուխ 9. Խորհրդարանական լսումներ

9.1. Հանձնաժողովը Օրենքով իրեն վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով հերթական յուրաքանչյուր նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լսում (ներ)` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի  նախագահին:

9.2.Լսումների օրը, ժամը եւ անցկացման վայրը, ինչպես նաեւ զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Լսումների անցկացման օրը չպետք է լինի ուրբաթ օրը կամ համընկնի Ազգային ժողովի  նիստի օրվա հետ:

9.3. Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:

9.4. Լսումներն անցկացվում է  Հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգով:

9.5. Լսումները վարում է դա կազմակերպող հանձնաժողովի նախագահը կամ Օրենքով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի լիազորված անդամը։
 

Գլուխ 10. Հանձնաժողովի քարտուղարությունը

10.1. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարությունը, որը Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է եւ գործում է Հանձնաժողովի ու Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

10.2. Հանձնաժողովն ունի Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) եւ  3 փորձագետ (մասնագետ):

10.3. Հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները (մասնա-գետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:

10.4. Փորձագետը՝

ա) մասնակցում է օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խմբերի աշխատանքներին ու  քննարկումներին,

բ) ներկայացնում է եզրակացությունների նախագծեր եւ առաջարկություններ՝ օրենքի նախագծի վերաբերյալ,

գ) մասնակցում է Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման աշխատանքներին,

դ) նախապատրաստում է չորսօրյա նիստերի օրակարգի ձեւավորման համար Հանձնաժողովի նախագահի մոտ հրավիրվող խորհրդակցությունները, Ազգային ժողովի եւ Հանձնաժողովի նիստերում օրինագծերի քննարկման ընթացքում արված առաջարկությունների հիման վրա կազմում է ամփոփաթերթեր ու Հանձնաժողովի նախագահին ներկայացվող այլ նյութեր,

ե) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ մյուս պատգամավորներին ու Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներին կարող է մատուցել խորհրդատվական ծառայություններ՝ Հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ,

զ) մասնակցում է Հանձնաժողովի նախագահի կողմից կազմակերպվող ամենշաբաթյա թռուցքաժողովներին, գրանցում է հանձնարարությունները եւ սահմանված ժամկետներում կատարում  դրանք,

է) իր լիազորությունների սահաններում, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի կամ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր եւ այլ փաստաթղթեր,

ը) համակարգում եւ Հանձնաժողովի անդամներին է տրամադրում Հանձնաժողովի նիստերում քննարկման դրվող օրենքների, Ազգային ժողովի որոշումների նախագծերը եւ այլ փաստաթղթերը, ինչպես նաեւ այդ նախագծերի վերաբերյալ Հանձնաժողովի, Կառավարության  եւ Ազգային ժողովի աշխատակազմի  կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված եզրակացությունները,

թ) կազմում է Հանձնաժողովի նիստի կամ այլ միջոցառումների արձանագրություններ՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,

ժ) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող հասարակական եւ քաղաքական միջոցառումներին, սեմինարներին, կլոր սեղաններին, հասարակական քննարկումներին,

ժա) վերլուծում, ամփոփում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն՝ քաղաքացիներից ու շահագրգիռ կազմակերպություններից Հանձնաժողովի անունով ստացված դիմումների եւ նամակների վերաբերյալ, ընթացք է տալիս այդ դիմում-բողոքներին՝ նախապատրաստելով համապատասխան նամակ Հանձնաժողովի նախագահի ստորագրման համար,

ժբ) ըստ անհրաժեշտության Հանձնաժողովի նախագահին է  ներկայացնում զեկուցումներ եւ հաշվետվություններ՝ համապատասխան մարմինների հետ իր կողմից կատարվող աշխատանքների ընթացքի մասին,

ժգ) համագործակցում է Ազգային ժողովի աշխատակազմի եւ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ ոլորտի հետ առնչվող նախարարությունների, գերատեսչությունների, համապատասխան ստորաբաժանումների եւ պետական այլ մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ,

ժդ) ստանում է ծառայողական պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվություն եւ նյութեր՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

ժե) հետեւում է օրվա զանգվածային լրատվության միջոցներին, հավաքում ու համակարգում է անհրաժեշտ  տեղեկատվությունը եւ ընթացիկ կարեւոր խնդիրները ներկայացնում Հանձնաժողովի նախագահին,

ժզ) գրանցում է քաղաքացիների բանավոր (ընդունելություն, հեռախոսազանգ) առաջարկութ-յունները հիմնահարցերի հաշվառման մատյանում, որոնց Հանձնաժողովում համապատասխան ընթացք է տրվում,

ժէ) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Հանձնաժողովի գործավարության ստեղծմանն՝ իրեն հանձնարարված ոլորտներում,

ժը) սահմանված կարգով կազմում է  օրենքների անձնագրերը,

ժթ) սահմանված կարգով օգտվում է հերթական արձակուրդից, մասնակցում է վերապատրաստման դասընթացներին եւ Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ  կարող է գործուղման մեկնել նաեւ հանրապետությունից դուրս,

ժի) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքացիների ընդունելություններին,

ժլ) կատարում է Հանձնաժողովի նախագահի այլ հանձնարարությունները:

9.5. Փորձագետն ունի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին»  ՀՀ օրենքով ու իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ եւ կրում է այդ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
 

Գլուխ 11. Հանձնաժողովի գործունեության դադարումը

Հանձնաժողովը գործում է մինչեւ տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը կամ մինչեւ Ազգային ժողովի արձակումը։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS