Տպել
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2012 թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՆԻՍՏԻ
ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ

  ԿԱՆՈՆԱԿԱՐԳ


ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով։

2. Հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում եւ գործում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4. Հանձնաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է։ Եթե Հանձնաժողովի նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա նախապես ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

5. Կանոնակարգի 27-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

ԳԼՈՒԽ II

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

6. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում:

7.Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ սույն կանոնակարգին համապատասխան։

8. Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են՝

ա) Սահմանադրության եւ օրենքների գերակայությունը

բ) մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների  ճանաչումն ու հարգումը

գ)  քաղաքական բազմակարծությունը եւ հարցերի ազատ քննարկումն ու կոլեկտիվ լուծումը

դ) հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը։

9.  Հանձնաժողովի գործունեության հիմնական խնդիրներն են`

ա)  Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի, եվրոպական կառույցների  հետ փոխշահավետ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը,

 բ) Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի համակարգումն ու կազմակերպումը,

գ)  Օտարերկրյա պետությունների խորհրդարանների եվրոպական  հարցերով զբաղվող հանձնաժողովների հետ համագործակցությունը,

դ) ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ խնդիրների բազմակողմանի քննարկմանը, հասարակության կողմից արտաքին քաղաքական գործընթացների իրազեկմանն ու ըմբռնմանը, ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ խորհրդարանական տեսակետի ձեւավորմանը նպաստելը:

10. Կանոնակարգով իր առջեւ դրված խնդիրներն ու գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով հանձնաժողովը կարող է`

ա)  հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին,

բ) հրապարակել Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծը, կազմակերպել   խորհրդարանական լսումներ եւ /կամ/ հանրային քննարկումներ,

գ) հանձնաժողովին տեղեկատվություն, եզրակացություններ, առաջարկություններ տրամադրելու եւ  /կամ/ որոշակի հարցերի քննարկման նպատակով հանձնաժողովի նիստերին հրավիրել եվրոպական կառույցներում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների ղեկավարներին,

դ) հաստատել ուղղակի կապեր  օտարերկրյա պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների ոլորտը համակարգող հանձնաժողովների հետ, անհրաժեշտության դեպքում` ստորագրել համագործակցության հուշագրեր, անց կացնել երկու հանձնաժողովների կամ նրանց կողմից լիազորված հանձնաժողովների պատվիրակությունների համատեղ նիստեր /համատեղ նիստերում որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին/:

ԳԼՈՒԽ III

ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

17. Կանոնակարգի 23-րդ հոդվածին համապատասխան՝ Հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը` ընտրելով դրանց ղեկավարներին: 

ԳԼՈՒԽ IV

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

11. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է եւ նրա լիազորությունները դադարում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով։

11.1. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով՝

ա) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը,

բ) ապահովում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի կազմումը,

գ) նախապատրաստում եւ վարում է հանձնաժողովի նիստերը,

դ)  գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ,

ե) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը,

զ) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը,

է) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը,

ը) Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից Հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք,

թ) մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին,

ժ) հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է Հանձնաժողովում քննարկված հարցերի ցանկը,

ժա) ընթացք է տալիս հանձնաժողովին ուղղված դիմումներին ու առաջարկություններին,

ժբ) ղեկավարում է հանձնաժողովի գործավարի եւ փորձագետների (մասնագետների)  աշխատանքը,

ժգ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների եւ Աշխատակազմի հետ:

ժդ) կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացնել առաջարկություն Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ,

ժե) կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծն ուղարկել փորձաքննության,

ժզ) կարող  է հանձնաժողովի, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրել մասնագետների,

ժէ) Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ կարող է ընդգրկվել Հանձնաժողովի փորձագետ (մասնագետի) թափուր պաշտոնն զբաղեցնելու կամ ատեստավորման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի կազմում կամ մասնակցել հանձնաժողովի նիստերին:

12 Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) Կանոնակարգի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները,

բ) նա տվել է հրաժարական:

12.1. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

12.2. Կանոնակարգի 26-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը։

13. Կանոնակարգի 25-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովում Ազգային ժողովի պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

13.1. Կանոնակարգի 25-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Ազգային ժողովի խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

14. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է՝

ա) առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի, նրան փոխարինողի, Հանձնաժողովի ենթահանձնաժողովի եւ /կամ/ աշխատանքային խմբի ղեկավարների պաշտոններում,

բ) ընդգրկվել Հանձնաժողովում ստեղծված ենթահանձնաժողովի կամ ձեւավորած աշխատանքային խմբի կազմում,

գ) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի որոշման նախագծեր եւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ առաջարկություններ,

դ) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ  Հանձնաժողովի, դրա ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում,

ե) Ազգային ժողովի նիստում ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ (կամ) առաջարկությունը,

զ) հրաժարվել Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց,

է) ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել:

15. Հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ անդամը գլխադասային հանձնաժողովի նիստում կարող է հանդես  գալ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով քննարկվող հարցի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը:

16. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով`

ա) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես՝ Հանձնաժողովի նիստերին, իսկ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին.

բ) ուսումնասիրել Հանձնաժողովին հասցեագրած քաղաքացիներից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին.

գ) կատարել Հանձնաժողովի որոշումները եւ Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

Հանձնաժողովի անդամն ունի Կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:

ԳԼՈՒԽ V

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

18. Կանոնակարգի 27-րդ հոդվածին   համապատասխան՝ Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն հրավիրվում են ուրբաթ օրերին՝ ժամը 11-ին:

19. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում: Հանձնաժողովի արտահերթ նիստը չի կարող անցկացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում: Արտահերթ նիստի օրակարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

20. Հանձնաժողովի հերթական կամ արտահերթ նիստն սկսվելուց առաջ Հանձնաժողովի անդամները սույն կանոնակարգի 20.1-ին կետով սահմանված կարգով գրանցվում են: Հանձնաժողովի չգրանցված անդամը գրանցվում է  իր խնդրանքով:

20.1. Հանձնաժողովի անդամների գրանցումը կատարվում է Հանձնաժողովի անդամների ցանկում իրենց անուն, ազգանվան դիմաց ստորագրելու միջոցով։ Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ ձեւաթուղթը Հանձնաժողովի նիստի արձանագրության բաղկացուցիչ մասն է։

20.2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

20.3. Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն:

21. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

22. Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագծում չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի եւ (կամ) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձրած օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու մասին հարցերի առկայության դեպքում Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է  առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ:

22.1. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելու եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթը Հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ձեւաթուղթն անհրաժեշտ քանակի ստորագրություններով հանձնվում է Հանձնաժողովի նախագահին, ապա նա գումարում է  արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

22.2. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են եւ հրապարակային, բացառությամբ Կանոնակարգի 90-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքի։

23. Հանձնաժողովի նիստի ժամանակ արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ հանձնաժողովի նիստերի սենյակում տեղադրված հեռախոսի:

24. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է։

24.1. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներառում է՝

ա) արձանագրության համարը, նիստի անցկացման ամսաթիվը, ժամը եւ վայրը.

բ) նիստը վարողի անունը, ազգանունը, նիստին ներկա եւ նիստից բացակայող Հանձնաժողովի անդամների ցուցակը, ըստ որում՝ բացակայության պատճառը,

գ) նիստին ներկա, այդ թվում՝ հրավիրված անձանց ցուցակը,

դ) նիստի օրակարգը եւ քննարկված հարցերի ցանկը,

ե) օրակարգային հարցերի  քննարկման ժամանակ ելույթ ունեցած անձանց ցուցակը,

զ) քվեարկության անվանական արդյունքները,

է) ընդունված որոշումները, առաջարկությունները եւ եզրակացությունները։

24.2. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը։

24.3. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

24.4. Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

24.5. Հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքը ոչ ուշ, քան ուրբաթ օրվա ժամը 16-ը ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

24.6. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը պահպանվում է Հանձնաժողովի գործավարի (օգնականի) մոտ, իսկ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ։

ԳԼՈՒԽ VI

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

25. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում են Կանոնակարգով  սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահի՝ Հանձնաժողով ուղարկած օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու մասին, ինչպես նաեւ  օրենքով եւ սույն կանոնակարգով նախատեսված այլ հարցեր։

26. Հանձնաժողովի հերթական կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ գումարվող արտահերթ նիստի օրակարգի նախագիծը բաղկացած է չորս մասից՝

ա) հարցեր, որոնք դեռեւս չեն ընդգրկվել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում կամ օրակարգի նախագծում.

բ) հարցեր, որոնք ընդգրկված են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում, բայց դեռեւս չեն ընդգրկվել Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում.

գ) Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում եւ (կամ) արտահերթ նստաշրջանի, նիստի օրակարգում ընդգրկված հարցեր.

դ) Հանձնաժողովի գործունեությանը սույն կանոնանկարգով առնչվող այլ հարցեր։

27. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը Հանձնաժողովի անդամներին են տրամադրվում այդ նիստից առնվազն 24 ժամ առաջ, իսկ Հանձնաժողովի արտահերթ նիստինը՝ այդ նիստից առնվազն 4 ժամ առաջ։

27.1. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին Կառավարությունը, Աշխատակազմը, ինչպես նաեւ այդ նախագծում ընդգրկված հարցի քննարկման համար նշանակված Ազգային ժողովի այլ գլխադասային հանձնաժողովը տեղեկացվում են այդ նիստից առնվազն 3 օր  առաջ:

28. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը։

28.1 Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում այդ նիստը նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:

 29. Եթե սույն կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ.

ա) հիմնական զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե).

բ)  հարցեր հիմնական զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե).

գ) հարակից զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե).

դ) հարցեր հարակից զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե).

ե) մտքերի փոխանակություն (մինչեւ 5-ական րոպե).

զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե).

է) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե):

30. Որպես հիմնական զեկուցող՝ ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը։

31. Եթե օրենքի նախագծի հեղինակը պատգամավոր է, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորած անձը կարող է Հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝ եզրափակիչ ելույթով:

32. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

33. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ Հանձնաժողովի անդամի կողմից եւ քվեարկվում է հարցի վերաբերյալ Հանձնաժողովի քվեարկությունից հետո:

34. Հարցեր տալու ցանկություն ունեցող պատգամավորների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։

34.1. Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության, Հանձնաժողովի նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

34.2. Հանձնաժողովի նիստերի սենյակից բացակայող Հանձնաժողովի անդամը զրկվում է հարց տալու իրավունքից։

35. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։

35.1. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

36. Հարցի քննարկմանը ներկա կամ հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նիստը վարողի թույլտվությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

37. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ հերթագրման հաջորդականության, Հանձնաժողովի նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

38. Հանձնաժողովի նիստերի սենյակից բացակայող Հանձնաժողովի անդամը զրկվում է ելույթի իրավունքից:

39. Հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հիմնական զեկուցողն իրենց ելույթներում հայտնում են իրենց դիրքորոշումը մտքերի փոխանակության ընթացքում Հանձնաժողովի եւ Կառավարության անդամների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

40. Իր եզրափակիչ ելույթում Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է սահմանված կարգով առաջարկել՝

ա) հարցի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել դրական եզրակացություն.

բ) օրենքի նախագիծն այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ.

գ) հետաձգել օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերում.

դ) հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ.

ե) երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակությունը համարել ամբողջությամբ փոփոխված.

զ) փոփոխել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովում քննարկման ժամկետները.

է) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային ժողովում քննարկել երկու ընթերցմամբ։

41. Հանձնաժողովի ներկայացուցչի եւ (կամ) հեղինակ առաջարկությունները քվեարկության են դրվում նրա սահմանած հաջորդականությամբ:

42. Հանձնաժողովի նիuտում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապեu հետո:

43. Հանձնաժողովի նիuտում քվեարկությունները կատարվում են միայն Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մաuին առաջարկությունը: Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի uտանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիuի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ Հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:

44. Հանձնաժողովի անդամը քվեարկում է «կողմ», «դեմ», «ձեռնպահ», կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

45. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է Հանձնաժողովի նիստը վարողը։

46. Քվեարկության ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

47. Եթե Հանձնաժողովի նիuտը վարողի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիuտը վարողի առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:

48. Առանձին հարցի քննարկման համար օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագծի հեղինակի եւ Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:

49. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը:

50. Հեղինակը սույն կանոնակարգի 77-րդ կետում նշված կարգը ներկայացնում է իր զեկուցման ընթացքում, եւ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման: 

ԳԼՈՒԽ VII

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

51. Հանձնաժողովում քննարկվող հարցերի արխիվային փաթեթը ներառում է`

ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու մասին դրա հեղինակի դիմումը.

բ) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրան կից ներկայացվող` օրենքի ընդունման հիմնավորումը եւ օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

գ) օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվող տեղեկանքը, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը.

դ) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը.

ե) պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը.

զ) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունը.

է) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

ը) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

թ) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունները.

ժ) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակի կողմից փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ այդ առաջարկությունների ամփոփաթերթիկը.

ժա) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկը.

ժբ) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

ժգ) երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

ժդ) երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրանում կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը.

ժե) Ազգային ժողովի ընդունած օրենքը.

ժզ) Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքը.

ժէ) Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը.

ժը) Հայաստանի Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան կամ Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

ժթ) Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած եւ հրապարակած օրենքի պատճենը.

52. Սույն կանոնակարգի 51-րդ կետի`

ա) «ժ», «ժա» եւ «ժդ» ենթակետում նշված փաստաթղթերը պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով Հանձնաժողովին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի հեղինակը.

բ) «է», «ժբ» եւ «ժէ» ենթակետերում նշված փաստաթղթերը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմում եւ նրան է ներկայացնում Հանձնաժողովի փորձագետը (մասնագետը):

ԳԼՈՒԽ VIII

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

53. Կանոնակարգով իրեն վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով հանձնաժողովը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:

54. Հանձնաժողովին լսումներ կազմակերպելու մասին առաջարկություն կարող  են ներկայացնել Հանձնաժողովի անդամը եւ ենթահանձնաժողովը:

54.1. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի նախագահի կամ ենթահանձնաժողովի առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում  եւ քննարկվում է արտահերթ:

54.2 Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում նշվում են լսումների թեման, օրը, ժամը, անցկացման վայրը եւ ընթացակարգը, ինչպես նաեւ զեկուցողների ու հրավիրվածների նախնական ցանկը:

55. Լսումներ կազմակերպելու մասին տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն 4 օր առաջ տրամադրվում է Աշխատակազմին, որն այդ տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին:

56. Հանձնաժողովի նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից բացի, լսումներին մասնակցելու կամ ներկա գտնվելու ցանկություն ունեցող այլ անձինք կարող են լսումների անցկացման օրից 2 օր առաջ գրավոր դիմել Հանձնաժողովի նախագահին՝ ներկայացնելով իրենց ելույթի տեքստը կամ ներկա գտնվելու հիմնավորումը: Դիմողը կարող է մասնակցել կամ ներկա գտնվել լսումներին, եթե Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրա մասին նրան նախապես տեղեկացվում է: 

ԳԼՈՒԽ  IX

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

57. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարությունը:

58. Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) եւ 3 փորձագետ (մասնագետ)։

58.1. Հանձնաժողովի փորձագետները (մասնագետներն) Աշխատակազմի պետական ծառայողներ են:

58.2.  Հանձնաժողովի փորձագետ (մասնագետը) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում է Հանձնաժողովի անդամների աշխատանքին:

58.3. Հանձնաժողովի փորձագետի (մասնագետի) աշխատանքն իրականացվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրի համաձայն:

ԳԼՈՒԽ X

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

59. Հանձնաժողովին ուղարկված դիմումները քննարկվում են օրենքով սահմանված կարգով:

60. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելության նպատակով Հանձնաժողովին հատկացնում է կահավորված սենյակ ամսական 2 օր:

60.1. Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելությանը՝ Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով մասնակցում են Հանձնաժողովի մեկական անդամ եւ փորձագետ (մասնագետ):  Ընդունելությանը կարող է մասնակցել նաեւ Հանձնաժողովի անդամի օգնականը: 

ԳԼՈՒԽ XI

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

61. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են  Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

62. Սույն կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի նիստի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ։