National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով
ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությունը
ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին
Էլ. փոստ
Հեռ.




ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
31.08.2012 Թ. ՈՐՈՇՄԱՄԲ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.  Ազգային ժողովի էթիկային հարցերով ժամանակավոր հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվում է  եւ գործում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 24.1-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:

2. Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանձնաժողովը՝

1) Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ.

2) որոշում է կայացնում պատգամավորի կողմից Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ.

3) որոշում է կայացնում պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու` Կանոնակարգի 6.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ.

4) պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա նշած աշխատանքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ.

5) պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա նշած հարցով Կանոնակարգի 6.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության վերաբերյալ:

3. Հանձնաժողովը գործում է սույն կանոնակարգին համապատասխան՝ նիստերի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի, անդամների եւ Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքի միջոցով:

4. Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հանձնաժողովը կարող է`

1) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների եւ դատախազների, պահանջել Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները:

5. Հանձնաժողովի աշխատանքային լեզուն գրական հայերենն է։ Եթե Հանձնաժողովի նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

6. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել Հանձնաժողովի որոշմամբ, որի մասին Հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

7. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով՝

1) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

2) նախապատրաստում եւ գումարում է Հանձնաժողովի հերթական նիստերը.

3) գումարում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

4) վարում է Հանձնաժողովի նիստերը.

5) իրականացնում է Հանձնաժողովին ուղղված դիմումների նախնական ուսումնասիրություն եւ Հանձնաժողովի քննարկման է ներկայացնում հարցի քննությունը մերժելու սույն կանոնակարգի 25-րդ կետում նշված հիմքի (հիմքերի) առկայության կամ բացակայության վերաբերյալ  իր եզրակացությունը.

6) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը.

7) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը.

8) Հանձնաժողովի քարտուղարի հետ համատեղ ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները եւ դրանց քաղվածքները.

9) ղեկավարում է Հանձնաժողովի քարտուղարության՝ քարտուղարի եւ գործավարի (օգնականի) աշխատանքը.

10) կարող է հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրել մասնագետների.

11) Հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին.

12) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները Ազգային ժողովի մյուս հանձնաժողովների եւ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) հետ:

8. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված նրա իրավասություններն իրականացնում է նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

9. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է՝

1) առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի փոխարինող.

2) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ  Հանձնաժողովի նիստերում.

3) նշանակվել Հանձնաժողովի ներկայացուցիչ.

4) հրաժարվել Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց.

5) ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի:,

6) հարցի վերաբերյալ Հանձնաժողովի վերջնական որոշման (եզրակացության) ընդունումից հետո հրապարակել Հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում արտահայտած իր դիրքորոշումը՝ ձեռնպահ մնալով Հանձնաժողովի մյուս անդամների, ինչպես նաեւ հարցի քննարկմանը մասնակցած այլ անձանց արտահայտած կարծիքները հրապարակելուց:

10. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով`

1) մասնակցել Հանձնաժողովի նիստերին եւ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին.

2) կատարել Հանձնաժողովի որոշումները:

11. Ազգային ժողովի կամ Հանձնաժողովի նիստից Հանձնաժողովի ներկայացուցչի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը կամ Հանձնաժողովի նախագահի նշանակած՝ Հանձնաժողովի այլ անդամը:

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

12. Հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Հանձնաժողովին, ինչպես նաեւ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու նպատակով սույն կանոնակարգի 13-րդ կետով սահմանված կարգով նշանակվում է Հանձնաժողովի ներկայացուցիչ:

13. Հանձնաժողովի ներկայացուցիչը նշանակվում է Հանձնաժողովի նիստում առաջադրված Հանձնաժողովի անդամների կազմից` հետեւյալ ընթացակարգով.

1) եթե թեկնածուն մեկն է ապա նա համարվում է նշանակված՝ առանց քվեարկության անցկացման.

2) եթե թեկնածուները մի քանիսն են, , ապա նշանակված է համարվում քվեարկության արդյունքում առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Եթե թեկնածուների ստացած ձայները հավասար են, ապա նշանակված է համարվում այն թեկնածուն, ում օգտին քվեարկել է Հանձնաժողովի նախագահը.

14. Հանձնաժողովի ներկայացուցիչը սահմանված կարգով՝

1) Հանձնաժողովի քարտուղարի հետ մշակում եւ Հանձնաժողովի քննարկման է ներկայացնում Հանձնաժողովի եզրակացության (որոշման) նախագիծ.

2) Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» կամ «գ» կետով նախատեսված հարցի քննարկման ժամանակ Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հիմնական զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության (որոշման) նախագիծը.

3) Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կամ «ե» կետով նախատեսված հարցի քննարկման ժամանակ Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության նախագիծը.

4) Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս հիմնական զեկուցմամբ՝ ներկայացնելով պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը:

5. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

15. Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողով կարող է դիմել`

1) յուրաքանչյուր ոք` Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «գ» կետերով նախատեսված դեպքերում.

2) պատգամավորը` Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ «ե» կետերով նախատեսված դեպքերում:

16. Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հանձնաժողովի իրավասությանը վերապահված դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի`

1) դիմողի անունը, ազգանունը, պատգամավորի դեպքում` նաեւ ընտրատարածքի համարը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

2) դիմողի հասցեն, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը (պատգամավորի դեպքում չի ներկայացվում), ինչպես նաեւ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն, եթե այդպիսին կա.

3) Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «գ» կետերով նախատեսված դեպքերում այն պատգամավորի անունը, ազգանունը եւ ընտրատարածքի համարը, որին վերաբերում է դիմումը.

4) Սահմանադրության, Կանոնակարգի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

5) դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

6) դիմողի, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը.

7) օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով:

17. Հանձնաժողովում դիմումն ստացված է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովի գործավարի (օգնականի) կողմից գրանցվելու պահից։

18. Օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովի էլեկտրոնային հասցեով ուղարկված էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերը ընդունում է Հանձնաժողովի գործավարը (օգականը), որը փաստաթղթի՝ իր կողմից վավերացված պատճենը կամ փաստաթուղթը՝ էլեկտրոնային կրիչի վրա, անհապաղ ներկայացնում է Հանձնաժողովի նախագահին՝ հետագա ընթացք տալու համար:

19. Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Հանձնաժողովի քարտուղարը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Հանձնաժողովի քարտուղարն առաջարկում է սույն կանոնակարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

20. Դիմումի՝ Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանեցումն ապահովում է դիմողը՝ դիմումի անհամապատասխանության մասին Հանձնաժողովի քարտուղարի կողմից տեղեկացվելուց հետո 7-օրյա ժամկետում։ Դիմողը համարվում է դիմումի անհամապատասխանության մասին տեղեկացված հեռախոսագրի հաղորդման ավարտի կամ ֆաքսի ուղարկման հավաստման, կամ էլեկտրոնային նամակն ստանալու մասին հաղորդագրության կամ տեղեկացման գրության՝ ստորագրությամբ իրեն առձեռն հանձնելու պահից։

21. Հանձնաժողովի գործավարը (օգնականը) գրանցված, ինչպես նաեւ սույն Կանոնակարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանեցված (չհամապատասխանեցված) դիմումն անհապաղ ներկայացնում է Հանձնաժողովի նախագահին:

22.  Հանձնաժողովի նախագահը դիմումը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում իրականացնում է դիմումի նախնական ուսումնասիրություն, գումարում է Հանձնաժողովի նիստ եւ Հանձնաժողովի քննարկման է ներկայացնում հարցի քննությունը մերժելու սույն կանոնակարգի 25-րդ կետում նշված հիքի (հիմքերի) առկայության կամ բացակայության վերաբերյալ իր եզրակացությունը:

Եթե Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է սույն կանոնակարգի 25-րդ կետում նշված հիմքի (հիմքերի) բացակայության մասին եզրակացություն եւ հարցի քննությունը սկսելու վերաբերյալ առարկություն չի ներկայացվում, ապա հարցի քննությունը համարվում է սկսված:

Եթե Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է սույն կանոնակարգի 25-րդ կետում նշված հիմքի (հիմքերի) առկայության մասին եզրակացություն կամ այդ հիմքի (հիմքերի) բացակայության վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի եզրակացությունը ներկայացվելուց հետո՝ Հանձնաժողովի անդամը ներկայացնում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ առարկություն, ապա Հանձնաժողովի նախագահի եզրակացության քննարկումից հետո նիստը վարողը հերթականությամբ՝ առանձին-առանձին քվերակության է դնում սույն կանոնակարգի 25-րդ կետում նշված հիմքերի առակայության  մասին հարցերը: Եթե քվեարկության արդյունքում Հանձնաժողովը՝

1) չի հաստատում սույն կանոնակարգի 25-րդ կետում նշված որեւէ հիմքի  առկայությունը, ապա հարցի քննությունը համարվում է սկսված.

2) հաստատում է սույն կանոնակարգի 25-րդ կետում նշված հիմքի (հիմքերի) առկայությունը, ապա հարցի քննությունը համարվում է մերժված:

23. Հանձնաժողովում հարցի քննությունը սկսելուց հետո` 3-օրյա ժամկետում, Հանձնաժողովի քարտուղարը դիմողին, ինչպես նաեւ դիմումում նշված պատգամավորին եւ այլ շահագրգիռ անձանց ծանուցում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հարցի քննությանը ներգրավված իրավասու մարմինների ներկայացուցիչներին ծանուցում է հարցի քննության իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:

24. Հարցի քննությունը սկսվելուց հետո` սույն կանոնակարգի 4-րդ կետում նշված լիազորությունները կիրառելու անհրաժեշտությունն առաջանալու դեպքում՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը եւ քարտուղարը դրա վերաբերյալ գրավոր հարցմամբ  դիմում են Հանձնաժողովի անդամներին: Եթե հարցումն ուղարկվելուց (հարցումը կարող է ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով) հետո՝ 2-օրյա ժամկետում՝

1) Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկն առարկում է Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությանը, ապա Հանձնաժողովի նախագահը սույն կանոնակարգի 4-րդ կետում նշված լիազորությունները կիրառելու վերաբերյալ հարցով գումարում է Հանձնաժողովի նիստ.

2)  Հանձնաժողովի անդամները չեն առարկում Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությանը, ապա Հանձնաժողովի նախագահը սույն կանոնակարգի 4-րդ կետում նշված գործողությունն իրականացնելու առաջարկությամբ գրավոր դիմում է համապատասխան մարմնին:

6. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ

25. Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Հանձնաժողովը մերժում է դիմումի քննարկումը, եթե`

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Հանձնաժողովին.

2) դիմողն իրավասու չէ դիմումում առաջադրված հարցով դիմելու Հանձնաժողով.

3) նույն պատգամավորի եւ նույն հիմքով ներկայացված դիմումի վերաբերյալ առկա է Ազգային ժողովի եւ (կամ) Հանձնաժողովի որոշում (եզրակացություն).

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Հանձնաժողովում իրականացվում է հարցի քննություն:

26. Հանձնաժողովի քարտուղարը դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, մերժման մասին Հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո` 3-օրյա ժամկետում, պատվիրված նամակով վերադարձնում է դիմողին:

7. ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ,ՎԵՐՍԿՍԵԼԸ ԵՎ ԿԱՐՃԵԼԸ

27. Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 8-րդ մասին համաձայն Հանձնաժողովը կասեցնում է հարցի քննությունը, եթե`

1) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը.

2) Հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ: Այդ դեպքում Հանձնաժողովի քարտուղարը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

28. Հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննությունը, եթե դիմումում նշված պատգամավորը հարգելի պատճառներով բացակայում է, եւ Հանձնաժողովը նախքան որոշում կամ եզրակացություն ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` հարցի քննությանն առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար: Հարցի քննությունը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` 3-օրյա ժամկետում:

29. Հարցի քննությունը կարճվում է, եթե Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել են, կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերացել է:

30. Հանձնաժողովի քարտուղարը հարցի քննությունը կարճելու, կասեցնելու եւ վերսկսելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումները 3-օրյա ժամկետում ուղարկում է շահագրգիռ կողմերին:

8. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

31. Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են միայն Հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին:

32. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է Հանձնաժողովի նախագահի կամ անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում: Արտահերթ նիստը կարող է գումարվել առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 3 ժամ առաջ:

33. Արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելու եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթը Հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ձեւաթուղթն անհրաժեշտ քանակի ստորագրություններով հանձնվում է Հանձնաժողովի նախագահին, ապա նա գումարում է  արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում: Արտահերթ նիստի օրակարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

34. Ազգային ժողովի նիստի ընթացքում Հանձնաժողովի նիստեր չեն գումարվում:

35. Հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց:

36. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչները, Հանձնաժողովի քարտուղարը եւ գործավարը (օգնականը), ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք:

37. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն կանոնակարգի 36-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), պատգամավորների օգնականները, Հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված եւ օրենքով նախատեսված այլ անձինք:

38. Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող են բաժանվել միայն Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթեր: Հանձնաժողովի նիստի ժամանակ արգելվում է բջջային հեռախոսների օգտագործումը:

9. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԱՆՑՎԵԼԸ

39. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, եւ այն վարում է Հանձնաժողովի նախագահը կամ սույն կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

40. Հանձնաժողովի նիստում նրա անդամները գրանցվում են ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելով: Գրանցման ձեւաթղթում նաեւ նշվում են նիստի անցկացման ամսաթիվը, ժամը եւ վայրը, ինչպես նաեւ նիստը վարողի անունը, ազգանունը: Գրանցման ձեւաթուղթը Հանձնաժողովի նիստի արձանագրության բաղկացուցիչ մասն է:

41. Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն՝ Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Նշված ժամկետում քվորումի՝

1)  ապահովման դեպքում նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

10. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ՎԱՐԵԼԸ

42. Հանձնաժողովի նիստը վարողը՝

1) բացում, ընդհատում  եւ փակում է նիստը.

2) ձայն է տալիս եւ ավելացնում է ելույթի ժամանակը.

3) կազմակերպում է հարցերի եւ ելույթների հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

4) քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, իսկ հարցի վերաբերյալ Հանձնաժողովի վերջնական որոշման (եզրակացության) նախագծի դեպքում՝ ընթերցում է այդ նախագիծը,

5) զգուշացնում է՝ անունը, ազգանունը հրապարակելով, Հանձնաժողովի այն անդամին, որը նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

6) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

7) Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին հեռացնում է Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սույն կանոնակարգով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

8)  իրականացնում է սույն կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

43.  Եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը: Եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է նիստը փակված:

11. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ

44. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը՝ այդ նիստից առնվազն 3 օր առաջ, իսկ արտահերթ նիստի օրակարգի նախագիծը՝ այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի էջում: Հանձնաժողովի նիստի մասին Հանձնաժողովի անդամը համարվում է տեղեկացված Հանձնաժողովի գործավարի (օգնականի) հեռախոսագրի հաղորդման ավարտի կամ ֆաքսի ուղարկման հավաստման, կամ էլեկտրոնային նամակն ստանալու մասին հաղորդագրության պահից:

45. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը, իսկ արտահերթ նիստինը՝ այդ նիստը նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:

12. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

46. Հանձնաժողովի նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Հանձնաժողովի նիստի օրակարգում առանց քվեարկության ընդգրկվում են, ինչպես նաեւ Հանձնաժողովի նիստում արտահերթ քննարկվում են այն հարցերը, որոնք նախատեսված են Կանոնակարգով եւ (կամ) սույն կանոնակարգով:

47. անձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են հետեւյալ կարգով՝

1) հիմնական զեկուցողի ելույթը՝ մինչեւ 10 րոպե.

2) հարցեր հիմնական զեկուցողին՝ մինչեւ 2-ական րոպե.

3) հարակից զեկուցողի ելույթը՝ մինչեւ 10 րոպե.

4) հարցեր հարակից զեկուցողին՝ մինչեւ 2-ական րոպե.

5) մտքերի փոխանակություն, յուրաքանչյուր հերթագրման դեպքում՝ մինչեւ 2-ական րոպե.

6) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը՝ մինչեւ 7 րոպե.

7) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը՝ մինչեւ 7 րոպե.

8) քվեարկություն:

48. Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «գ» կետերով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Հանձնաժողովի ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ` դիմումում նշված պատգամավորը: Դիմումի հեղինակը, ինչպես նաեւ Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացրած անձինք, ինչպես նաեւ պատգամավորի ներկայացուցիչը իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու Հանձնաժողովի անդամների եւ դիմումում նշված պատգամավորի հարցերին:

49. Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ «ե» կետերով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ` Հանձնաժողովի ներկայացուցիչը: Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով Հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացրած անձինք, ինչպես նաեւ պատգամավորի ներկայացուցիչը իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու Հանձնաժողովի անդամների եւ դիմումի հեղինակի հարցերին:

50. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

51. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում ելույթ ունեցողների՝ երեք անգամ հերթագրմամբ: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամները դիմում են Հանձնաժողովի նիստը վարողին։

52. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալները:

53. Հարցի քննարկմանը ներկա կամ հրավիրված անձանց՝ մտքերի փոխանակության ընթացքում ելույթի իրավունք կարող է տրվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նիստը վարողի թույլտվությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

54. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

55.  Իր եզրափակիչ ելույթում Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է սահմանված կարգով առաջարկել՝

1) Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնել՝ պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ.

2) որոշում կայացնել պատգամավորի կողմից Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ.

3) որոշում կայացնել պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու` Կանոնակարգի 6.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ.

4) պատգամավորին եզրակացություն ներկայացնել նրա նշած աշխատանքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ.

5) պատգամավորին եզրակացություն ներկայացնել նրա նշած հարցով Կանոնակարգի 6.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության վերաբերյալ:

6) հարցի քննության ժամկետը Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետով երկարաձգել.

7) պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ.

56. Հանձնաժողովի նիստում քվեարկությունները կատարվում են միայն Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

57. Հանձնաժողովի նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի նիստը վարողը քվեարկությունից առաջ կրկնում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները։ Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը վարողը։ Քվեարկության պահին Հանձնաժողովի նիստը վարողին դիմելն արգելվում է: Քվեարկության անվանական արդյունքներն արձանագրվում են քվեարկության արդյունքների աղյուսակում, որը Հանձնաժողովի նիստի արձանագրության բացկացուցիչ մասն է:

58. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանում այլ ժամկետ սահմանված չէ։

59. Եթե Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «գ» կետերով նախատեսված հարցերով ներկայացված դիմումը համարվում է մերժված, իսկ Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ «ե» կետերով նախատեսված հարցերով ներկայացված դիմումի քննարկումը համարվում է ավարտված:

60.  Առանձին հարցի քննարկման համար՝ Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչեւ հարցի քննարկումը սկսվելը, եւ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը:

61.  Հանձնաժողովի ընթացակարգային որոշումները գրավոր են, իսկ ըստ էության որոշումները եւ եզրակացությունները` նաեւ պատճառաբանված, բացառությամբ Կանոնակարգի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված դեպքերի:

62.  Հարցի վերաբերյալ Հանձնաժողովի վերջնական որոշում (եզրակացություն) ընդունելիս Հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք` որոշման ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը Հանձնաժողովի նիստի արձանագրության բաղկացուցիչ մասն է:

13. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

63. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներառում է՝

1) նիստում անդամների գրանցման ձեւաթուղթը,

2) նիստի օրակարգը,

3) Հանձնաժողովի որոշման, եզրակացության նախագիծը,

4) նիստում քվեարկության արդյունքների աղյուսակը,

5) Հանձնաժողովի որոշումը, եզրակացությունը,

6) Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը:

64. Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները հրապարակում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվում են Ազգային ժողովի ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի էջում:

65. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները պահպանվում են Հանձնաժողովի գործավարի (օգնականի) մոտ եւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, տեղափոխվում են Ազգային ժողովի արխիվ։

66. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը: Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ վեճի առկայության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ:

14. ԳՈՐԾԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

67. Հանձնաժողովում քննարկված դիմումների գործերն ունեն անձնագրեր, որոնք ներառում են`

1) դիմումը, դրան կցված եւ Հանձնաժողով ներկայացված նյութերը,

2) ուղարկված հարցումները,

3)  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից՝ Հանձնաժողովում քննարկվող հարցի առնչությամբ ստացած նյութերն ու փաստաթղթերը.

4) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից՝ Հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացված ստուգումների, ուսումնասիրությունների, փորձագիտական հետազոտությունների արդյունքները:

5) դիմումի քննարկման վերաբերյալ Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

68. Գործի անձնագիրը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը: Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, գործի անձնագիրը տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ։

15. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

69. Հանձնաժողովի կազմակերպչական, իրավաբանական, փաստաթղթային, տեղեկատվական եւ վերլուծական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված քարտուղար եւ գործավար (օգնական):

70. Հանձնաժողովի քարտուղարը եւ գործավարը (օգնականը) կատարում են Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները եւ իրականացնում են Կանոնակարգով եւ սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

16. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

71. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են  Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

72.  Սույն կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի նիստի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am