National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր, միջխորհրդարանական բարեկամական խմբեր, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ foreign.relations@parliament.am
Հեռ. (374-11) 513271




Հավելված

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
21.07.2017թ. N 4 ՈՐՈՇՄԱՄԲ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գլուխ 1.  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գլուխ 2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Գլուխ 3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Գլուխ 4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

Գլուխ 5. ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

Գլուխ 6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Գլուխ 7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Գլուխ 8. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Գլուխ 9. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Գլուխ 10. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Գլուխ 11. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
 
 

Գլուխ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված իր լիազորություններն իրականացնելիս գործում է Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին, Ազգային ժողովի խորհդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշումներով  եւ սույն աշխատակարգին (այսուհետ՝ Աշխատակարգ) համապատասխան:

2. Սահմանադրության 106-րդ հոդվածին եւ Կանոնակարգի 112-րդ հոդվածին համապատասխան` Հանձնաժողովն ստեղծվել է իր իրավասության մեջ մտնող օրենսդրական ակտերի, նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

3. Կանոնակարգի 14-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում` Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի որոշմամբ, որի մասին Հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

4. ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» ԱԺԽՈ-004-Լ որոշմամբ Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝ ժամը 12-ին:

Գլուխ 2.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

7. «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման համաձայն` Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են` միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր,  միջխորհրդարանական բարեկամական խմբեր, հայրենադարձություն, սփյուքի հետ  կապեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ:

8. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝

1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի լիազորությունները.

2) իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն.

3) կարող է հարցումներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին  ու պաշտոնատար անձանց: Վերջիններս պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել Հանձնաժողովի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել.

4) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ.

5) կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման եւ դրա արդյունքները Հանձնաժողով ներկայացնելու նպատակով իր որոշմամբ ստեղծել ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր: Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել Հանձնաժողովի որոշմամբ.

6) կարող է  Ազգային  ժողովում նախագծի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ:

Գլուխ 3.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Հանձնաժողովը նիստերն անցկացնում է Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին եւ սույն Աշխատակարգին համապատասխան՝, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի եւ Հանձնաժողովի անդամների աշխատանքի միջոցով:

10. Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի հերթական նիստի հրավիրման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի հրավիրման մասին՝ ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ: Հանձնաժողովի քարտուղարությունը Հանձնաժողովի նիստերի հրավիրման մասին Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հեռախոսով եւ էլեկտրոնային հաղորդագրությամբ:

11. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է Հանձնաժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը: Գրությանը կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Եթե գրությունը կամ օրակարգային որեւէ հարց սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Հանձնաժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա Հանձնաժողովի նախագահը, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ:

12. Հանձնաժողովի նիստին ներկա Հանձնաժողովի անդամներին գրանցում է Հանձնաժողովի քարտուղարությունը:

13. Հանձնաժողովի նիստի սկզբում, իրավազորության ապահովման դեպքում, նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված: Եթե գրանցված Հանձնաժողովի անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով Հանձնաժողովի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը նախագահողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

14. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը:

15. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

16. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների ամփոփաթերթը (հավելված 1) կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը:

17. Հանձնաժողովի նիստը նախագահողն ունի Կանոնակարգի 52-րդ հոդվածով սահմանված լիազորություններ՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Հանձնաժողովի նիստը նախագահելու համար:

18. Հանձնաժողովի հերթական նիստում, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է նիստը նախագահողը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

19. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Կանոնակարգի 55-րդ հոդվածի 1-ին մասի եւ սույն Աշխատակարգին համապատասխան: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորներն իրավունք ունեն Կանոնակարգի 59-րդ հոդվածին համապատասխան՝ քվեարկությունից առաջ եւ հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով:

20. Հիմնական զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձը, իսկ հարակից զեկուցմամբ՝ Հանձնաժողովի նախագահի նշանակած Հանձնաժողովի անդամը, ինչպես նաեւ Կանոնակարգով սահմանված կարգով օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություն ներկայացրած մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

21. Հանձնաժողովի ներկայացուցչին՝ Հանձնաժողովի անդամների թվից նշանակում է Հանձնաժողովի նախագահը:

22. Օրենքի նախագծի նախնական քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցողին մեկ անգամ հարցեր տալու իրավունք ունի նաեւ Կառավարության ներկայացուցիչը.

2) Կանոնակարգով սահմանված կարգով նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած անձանց ելույթից հետո մեկական անգամ հարցեր տալու իրավունք ունեն միայն Հանձնաժողովի անդամները եւ հիմնական զեկուցողը.

3) ելույթի ընթացքում նախագծի վերաբերյալ բանավոր առաջարկ ներկայացրած անձը գրավոր ձեւակերպում է իր առաջարկը եւ մինչեւ առաջարկների քվեարկությունը հանձնում է նիստը նախագահողին: Այդ դեպքում բանավոր առաջարկը սահմանված կարգով դրվում է քվեարկության:

23. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով.

1) պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ Կառավարության ներկայացուցչի, հանձնաժողովի անդամների, այլ պատգամավորների, ինչպես նաեւ հրավիրված անձանց ելույթներ.

2) սույն Աշխատակարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ հարցեր ելույթ ունեցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ ելույթ ունեցողի արձագանքները.

3) եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից եւ հիմնական զեկուցողները:

24. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են Հանձնաժողովի նիստը նախագահողին։ Հարցերը տրվում են, ինչպես նաեւ ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ, որտեղ հիշեցվում է հաջորդ հարց տվողի կամ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

25. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական եւ հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչեւ տաս րոպե.

2) հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաեւ արձագանքելու համար հատկացվում է մինչեւ երկու րոպե.

3) ելույթների համար հատկացվում է մինչեւ հինգ րոպե:

26. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ Հանձնաժողովի նախագահը: Արտահերթ ելույթի ժամանակը չի սահմանափակվում:

27. Հարցի քննարկումը կարող է ընդմիջվել Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

28. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը։ Քվեարկության պահին նիստը նախագահողին դիմելն արգելվում է:

29. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերում լրամշակված օրենքի նախագիծը կարող է ներկայացվել Ազգային ժողով եւ Կանոնակարգով սահմանված կարգով ընգրկվել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգի նախագծում՝ Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:

30. Հանձնաժողովի նիստն արձանագրում է Հանձնաժողովի քարտուղարությունը: Արձանագրության քաղվածքը ստորագրում է նիստը նախագահողը:

31. Հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Հանձնաժողովը կարող է սահմանել հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչեւ հարցի քննարկումն սկսվելը: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը կամ չեն կարող կրճատվել Աշխատակարգի 17-րդ կետով սահմանված ժամկետները:

Գլուխ 4.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

32. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է, եւ նրա լիազորությունները դադարում են Կանոնակարգի 138-րդ հոդվածով սահմանված կարգով:

33. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով՝

1) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

2) նախապատրաստում եւ նախագահում է Հանձնաժողովի նիստերը.

3) գումարում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

4) մասնակցում է Ազգային ժողովի խորհրդի նիստերին.

5) ղեկավարում է Հանձնաժողովի քարտուղարությունը.

6) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը.

7) համակարգում է Ազգային ժողովի մարմինների եւ Ազգային ժողովի աշխատակազմի հետ Հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանձնաժողովի քարտուղարության գործունեությունը.

8) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

9) ընթացք է տալիս եւ պատասխանում Հանձնաժողովին ուղղված գրություններին.

10) կարող է Հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով այն ուղարկել գիտական, ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերին հրավիրել մասնագետների.

11) Հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին.

12) Հանձնաժողովի նախագահը տրամադրում է խորհրդատվություն միջազգային խորհրդարանական կազմակերպության հանձնաժողովներում (մարմիններում) եւ բարեկամական խմբերում պատվիրակությւան անդամների ներգրավվածության վերաբերյալ.

13) Հանձնաժողովի նախագահը մասնակցում է Ազգային ժողովի նախագահի կամ պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդակցություններին, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի հրավիրած հատուկ աշխատանքային խորհրդակցություններին.

14)  Հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի խմբակցություններին գրավոր առաջարկություն է ներկայացնում պատվիրակության կամ բարեկամական խմբի կազմում ընդգրկված պատգամավորին փոխարինելու վերաբերյալ եւ այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

34. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է Կանոնակարգի 138-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով՝ Հանձնաժողովի որոշմամբ:

35. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հանձնաժողովի որոշմամբ:

36. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

37. Հանձնաժողովի կազմում Ազգային ժողովի պատգամավորներն ընդգրկվում են Կանոնակարգի 11-րդ հոդվածով սահմանված կարգով՝ խմբակցությունների ներկայացմամբ:

38. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով`

1) մասնակցել Հանձնաժողովի նիստերին, իսկ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին.

2) կատարել Հանձնաժողովի որոշումները:

39. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է`

1) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի որոշման նախագծեր եւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ առաջարկություններ.

2) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ.

3) Ազգային ժողովի նիստում ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ (կամ) առաջարկությունը.

4) ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի:

Գլուխ 5.
ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

40. Կանոնակարգի 12-րդ հոդվածին համապատասխան` Հանձնաժողովը կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման եւ դրա արդյունքները Հանձնաժողով ներկայացնելու նպատակով իր որոշմամբ Հանձնաժողովի կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր` սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը:

41. Ենթահանձնաժողով ստեղծելու եւ (կամ) աշխատանքային խումբ ձեւավորելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում սահմանվում են ենթահանձնաժողովի եւ (կամ) աշխատանքային խմբի խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը:

42. Ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի ղեկավարն ընտրվում է Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ:

43. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել Ազգային ժողովի պատգամավորը, ինչպես նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովների, խմբակցությունների, փորձագետները (մասնագետները), պատգամավորի օգնականները, այլ մասնագետներ, գիտական եւ հասարակական գործիչներ:

44. Աշխատանքային խմբի կազմում Ազգային ժողովի պատգամավոր չհանդիսացող այլ անձնանց ընդգրկելու մասին առաջարկություն Հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել միայն Հանձնաժողովի անդամը:

45. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիստում:

46. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ` Հանձնաժողովի որոշմամբ:

Գլուխ 6.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

47. Հանձնաժողովը Կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով իր իրավասությունների շրջանակում ՝

1) խորհրդարանական վերահսկողություն է իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ.

2) կարող է պահանջել տեղեկություններ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

3) Հանձնաժողովը իր որոշմամբ հաստատում է խորհրդարանական վերահսկողության տարեկան ծրագիրը եւ այն հրապարակում Հանձնաժողովի ինտերնետային էջում:

48. Խորհրդարանական վերահսկողության թեման, ինչպես նաեւ դրա առնչությամբ իրականացվելիք միջոցառումները սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ:

49. Խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ Հանձաժողովը կարող է իր որոշմամբ Հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ Հանձնաժողովի նիստին եւ պատասխանել հարցերին:

50. Խորհրդարանական վերահսկողության արդյունքով Հանձնաժողովը կարող է ընդունել գրավոր եզրակացություն եւ սահմանված կարգով այն ուղարկել Ազգային ժողովի մյուս մարմիններ, ինչպես նաեւ իրավասու մարմիններ եւ պաշտոնատար անձանց:

51. Հանձնաժողովի կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կանոնակարգով սահմանված կարգով:

Գլուխ 7.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հաշվետվությունը քննաարկվում է հանձնաժողովի նիստերի անցկացման կարգի համապատասխան հետեւյալ տարբերությամբ՝

52. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը:

53. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

54. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ ընթացակարգով՝

1) հիմնական զեկուցում.

2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ զեկուցողի արձագանքները.

3) հարակից զեկուցումներ չեն լինում.

4) մտքերի փոխանակություն.

55. Հաշվետվության քննարկման արդյունքում որեւէ որոշում չի ընդունվում : Հաշվետվությունը ընդունվում է ի գիտություն: Հանձնաժողովը կարող է հանդես գալ առաջարկությամբ:

Գլուխ 8.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

56. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի թիվ 009-Լ որոշման «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» հավելվածի 27-րդ կետով սահմանված դեպքում Հանձնաժողովի նախագահը հրավիրում է հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն, պատվիրակության կամ բարեկամական խմբի կազմում ընդգրկված  պատգամավորին փոխարինելու հանձնաժողովի առաջարկությունը քննարկելու  եւ ԱԺ նախագահին գրավոր առաջարկություն ներկայացնելու հարցով:

57. Աշխատանքային խորհրդակցությունները անցկացվում են հանձնաժողովի նիստերի անցկացման կարգին համապատասխան հետեւյալ տարբերությամբ՝

1) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը.

2) հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում.

58. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ ընթացակարգով՝

1) հիմնական զեկուցում.

2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ զեկուցողի արձագանքները.

3) հարակից զեկուցումներ .

4) մտքերի փոխանակություն.

59. Առաջարկությունը համարվում է ընդունված, եթե աշխատանքային խորհրդակցությանը ներկա հանձնաժողովի անդամների կեսից ավելին կողմ է քվեարկել առաջարկությանը:

Գլուխ 9.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ

60. Կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին եւ 125-րդ հոդվածին համապատասխան՝ Հանձնաժողովին վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով Հանձնաժողովը կարող է հրավիրել լսումներ:

61. Լսումները հրավիրվում են Հանձնաժողովի որոշմամբ:

62. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի նախագահի կամ անդամների առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ:

63. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում նշվում են լսումների թեման, օրը, ժամը, անցկացման վայրը եւ ընթացակարգը:

64. Լսումների ընթացակարգով սահմանվում են զեկուցելու, ելույթ ունենալու, հարցեր տալու կարգը եւ ժամկետները, որոնք ապահովում են քննարկվող հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ ներկայացնելու, դրանք քննարկելու, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ հասարակայնության կարծիքը որոշելու հնարավորությունը:

65. Լսումներ կազմակերպելու մասին տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է Ազգային ժողովի աշխատակազմին, որն այդ տեղեկատվությունը տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

67. Լսումներին մասնակցելու կամ ներկա գտնվելու ցանկություն ունեցող  անձինք, լսումների անցկացման օրից ոչ ուշ, քան երկու օր առաջ կարող են մասնակցության հայտ ներկայացնել  Հանձնաժողովի նախագահին: Դիմողը կարող է մասնակցել կամ ներկա լինել լսումներին, եթե Հանձնաժողովի նախագահը համապատասխան հայտ ներկայացրած անձանց հրավիրում է հանձնաժողովի լսումներին՝ որի մասին նրանց  նախապես տեղեկացվում է:

Գլուխ 10.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

68. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովվում է Հանձնաժողովի փորձագետների (մասնագետների) միջոցով, որոնք գործում են Հանձնաժողովի ու Աշխատակազմի Աշխատակարգերով սահմանված կարգով` Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

69. Հանձնաժողովի փորձագետը (մասնագետը) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում է Հանձնաժողովի անդամների աշխատանքին:

Գլուխ 11.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

70. Հանձնաժողով ուղարկված դիմումները եւ առաջարկությունները քննարկվում են օրենքով սահմանված կարգով:

71. Ազգային ժողովի աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիներին ընդունելու նպատակով Հանձնաժողովին հատկացնում է կահավորված սենյակ:

72. Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելությանը մասնակցում են Հանձնաժողովի անդամը եւ փորձագետը (մասնագետը): Ընդունելությանը կարող են մասնակցել նաեւ Հանձնաժողովի անդամի օգնականները: 


ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
       
       

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
       
       



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am