Տպել

Մրցութային խորհուրդըՙ հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10․4-րդ հոդվածի պահանջները՝ հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության նոր մրցույթ:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

  • միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հայերենին տիրապետում,
  • առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

Մրցույթին մասնակցել ցանկացողները Ազգային ժողովի աշխատակազմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության փաստը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ները)ը.
  • հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն),
  • անհրաժեշտ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճեն(ները)ը,
  • արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,
  • բարեվարքության վերաբերյալ լրացված Հարցաթերթիկ,
  • դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,
  • իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ՝ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ,
  • իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին,
  • գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին.
  • համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված անհրաժեշտ տվյալներ և այլ տեղեկություններ ստանալու մասին:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային ստուգման և հարցազրույցի: Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»-ի հիման վրա: 

Ըստ Մրցութային խորհրդի սահմանած Կարգի՝ մրցույթի արդյունքում հավակնորդը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր, որից 60 միավորը մասնագիտական փորձի, անձնական որակների և հմտությունների համար, իսկ 40-ը՝ Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության: 

Թեկնածուի գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը և մասնակցի գնահատման հարցաթերթը սահմանված է Մրցութային խորհրդի Որոշմամբ

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ԱԺ աշխատակազմ հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով (հասցե՝ ք. Երևան, 0095, Բաղամյան 19, Ազգային ժողով, Մրցութային խորհրդին): 

Փաստաթղթերն ընդունվում են  սթ հունիսի 23-ից մինչև հուլիսի 12-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։ 

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սահմանված ժամկետի լրանալը: 

Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ազգային ժողովի աշխատակազմ՝ Սուսաննա Դավթյանին՝ (+374 11) 513670, (+374 94) 909707 հեռախոսահամարներով: 

Մրցույթի հետ կապված այլ մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://www.parliament.am/competition.php?lang=arm

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝

                                                                                                                                                                                                                  ԼԻԱՆԱ ՂԱԼԹԱՂՉՅԱՆ

                                                                             ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

                                                                                        ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

 ԻՐԻՆԱ ՓԻԼՈՅԱՆ