ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առողջապահության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առողջապահության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չունենք:

«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.

1. Նախագծի 4 հոդվածում օգտագործված «պացիենտ» բառը անհրաժեշտ է փոխարինել հայերեն համարժեք բառով («բուժվող հիվանդ», «խնամյալ»):

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 21 հոդվածի 6-րդ մասի1-ին ենթակետին:

2. Նախագծի 8 հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետի «կենսաահաբեկչություն» հասկացությունը մեր կարծիքով անհրաժեշտ է ներառել (բացատրել, մեկնաբանել) նախագծի հասկացություններ նախատեսող 4 հոդվածում:

3. Նախագծի 6 գլխի վերնագրի «եւ» տառը անրաժեշտ է հանել:

4. Նախագծի 6 գլխում ընդգրկված մի շարք հոդվածներ հակասում են «Կրթության մասին» եւ «Բուհական եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներին:

Այսպես, նախագծի 23 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն. «Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական միջին, բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորումն ու պետական հավատարմագրումն իրականացնում է լիազոր մարմինը ` կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ:

Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչները մշակում եւ հաստատում է լիազոր մարմինը` կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ»:

Մինչդեռ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ կետի համաձայն. «ՀՀ կառավարությունը` հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգը», 37 հոդվածի 4 կետի համաձայն. «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝

… 4) իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը եւ պետական հավատարմագրումը.», իսկ 42 հոդվածի 3-րդ մասում իմպերատիվ ձեւով ամրագրված է. «3. Պետական հավատարմագրումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ անկախ ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից եւ կազմակերպական-իրավական ձեւից, ուսումնական հաստատության եւ նրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա»:

Միեւնույն ժամանակ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 3-րդ մասի համաձայն «3. Պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացմամբ (ռազմական, ոստիկանական բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների հետ համաձայնեցված)»: Նույնհոդվածի5-րդ մասի համաձայն. «5. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակում եւ հաստատում են բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը` պետական կրթական չափորոշիչների հիման վրա:»

5. Ինչ վերաբերում է նախագծի 24, 25 եւ 26 հոդվածներով նախատեսված դրույթներին, հարկ ենք համարում նշել, որ դրանցում կարգավորվող հարաբերությունները բերված օրենքի նախագծի ոլորտին չեն պատկանում, դրանք այլ օրենքների եւ իրավական ակտերիկարգավորման առարկա են:

Մասնավորապես, նախագծի 25 հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի տեւողությունը առնվազն 6 տարի է, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթության ծրագրերինը առնվազն 5 տարի, բուժքույրական բարձրագույն կրթական ծրագրերինը առնվազն 4 տարի»: Մինչդեռ, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի 1-րդ, 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն.« 4. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տեւողությունն է`

1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, բժշկական մասնագիտությունների համար՝ առնվազն 5 տարվա.

2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարվա, արվեստի եւ ֆիզիկական կուլտուրայի մասնագիտությունների համար` առնվազն 4 տարվա.

3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարվա, բժշկական մասնագիտությունների համար` մինչեւ 4 տարվա.»:

Ելնելով վերը շարադրվածից առաջարկում ենք նախագծի հեղինակներին վերնայել հիշատակված հակասությունները:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Հ. Իսրաելյան
Մ. Հակոբյան
Մ. Գեղամյան