ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1124 հոդվածի 1 մասի համաձայն` «հեղինակին է պատկանում իր ստեղծագործությունը ցանկացած ձեւով եւ եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը»։Նույն հոդվածի 4 մասի համաձայն` «ստեղծագործության տարածել է համարվում դրա վաճառքը, փոխանակումը, վարձույթով տալը կամ ստեղծագործության օրինակների հետ կատարվող այլ գործառնությունները` ներառյալ դրանք ներմուծելը»։ Սանշանակում է, որ ստեղծագործության հեղինակին եւ նրա մահվանից հետո 50 տարվա ընթացքում` նաեւ նրա իրավահաջորդներին /համաձայն ՀՀ քաղ. օր. 1131 հոդվածի 1 մասի/որեւէ կերպ չի կարող արգելվել տնօրինել հեղինակային իրավունքի օբյեկտները` ներառյալ դրանց արտահանումն ու ներմուծումը: Այս տեսանկյունիցանհրաժեշտ է վերանայել Օրենքի նախագծով առաջարկվող լրացումը, համաձայն որի պետք է կազմվի վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա: Բնականաբար, մահացած հեղինակների համապատասխան իրավունքներից օգտվում են նրանց իրավահաջորդները:

Բացի դա, համադրելով ներկայացված նախագծի լրացումը«Մշակութային արժեքների ապօրինիներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցառումների մասին» 1970 թվականի Կոնվենցիայի պայմանների եւ պահանջների հետ` հարկ է նշել, որ նախագծի 1 եւ 2 հոդվածների առաջարկներն ուղիղ սահմանափակում են մահացած հեղինակների իրավահաջորդների ժառանգական, սեփականության, գույքային իրավունքները, մշակութային արժեքների, մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների արտահանմանկամ ժամանակավոր արտահանման իրավունքը: Ուստի օրենքի նախագծով առաջարկվող ցուցակը կարող է վերաբերել ոչ թե վերջին 50 տարում մահացած հեղինակներին, այլ 50 եւ ավել տարի առաջ մահացած հեղինակներին, որոնց իրավահաջորդներն այլեւս չեն օգտվում համապատասխան հեղինակային իրավունքներից: Նշենք նաեւ, որ այս գաղափարն է արտահայտված նաեւ Մշակութային արժեքների հափշտակմանկամ անօրինական արտահանման մասին 1995 թ. հունիսի 24-ի Կոնվենցիայի7 հոդվածի 1 մասի b) կետում` որպես միջազգային-իրավական ստանդարտ:

Անդրադառնալով «Մշակութային արժեքների ապօրինիներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցառումների մասին» 1970 թվականի Կոնվենցիայի պահանջներին` հարկ է նշել, որ տվյալ դեպքում նախագծի առաջարկները պետք է զուգորդվեն Կոնվենցիայի 6 հոդվածի c) կետի պահանջի ամրագրմամբ, այն է` «սույն արգելքի մասին համապատասխան կարգով տեղեկացնել հասարակությանը եւ, մասնավորապես, այն անձանց, որոնք կարող են արտահանել կամ ներմուծել մշակութային արժեքներ»: Վերջինս սահմանված է պետության պարտավորությունների շարքում: Քանի որ նախագծի առաջարկը կարող է քաղաքացիների սեփականության իրավունքի խախտման առիթ հանդիսանալ (ընդ որում ոչ միշտ` պատշաճ հիմնավորված եւ արդարացված), ապա անհրաժեշտ է նաեւ մշակել Կոնվենցիայի 5 հոդվածի պահանջներից բխող առաջարկ, այսինքն, եթե չի թույլատրվում մշակութային արժեք արտահանել, ապա այն հանրամատչելի դարձնելու նպատակովպարտադիր համապատասխան կարգով կարող է ուղարկվել թանգարան, գրադարան, գիտական կամ այլ համապատասխան հաստատություն:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Հայկյանց
Կ. Հարությունյան
Ա.Մխիթարյան