Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացմանվարչությունում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:
1. Նախագծի 1-ին հոդվածում գենետիկորեն ձեւափոխված մթերքը բնութագրվում է որպես «ցանկալի որակական հատկանիշներ ստացած մթերք»: Հարց է ծագում` ու՞մ համար ցանկալի, արտադրողի՞ համար: Այդպիսի գյուղատնտեսական մթերքն օգտագործելն ամբողջ աշխարհի սպառողների համար բոլորովին էլ ցանկալի չէ: Ավելին, գենետիկորեն ձեւափոխված մթերքի, գենետիկորեն ձեւավորված աղբյուրներից պատրաստված կամ դրանց բաղադրամասերից պատրաստված մթերքի նկատմամբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում արդարացիորեն ձեւավորվել է խիստ բացասական վերաբերմունք: Գենետիկորեն ձեւափոխված մթերք սպառելու դեպքում որոշակիորեն խախտվում են սպառողների` էկոլոգիապես մաքուր եւ առողջ սննդամթերք օգտագործելու, շրջակա միջավայր ունենալու եւ օգտվելու, առողջ սերունդ ունենալու եւ այլ իրավունքները:
2. Նախագծի 3 հոդվածում առաջարկվում է. «Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «կառավարության սահմանած կարգի համաձայն» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով»: Ենթադրվում է, որ «ՀՀ Կառավարության սահմանած կարգ» գոյություն չունի եւ այդ պատճառով էլ այն փոխարինվում է «օրենսդրությամբ սահմանված կարգով»: Հակառակ դեպքում, հաշվի առնելով հարցի բացառիկ կարեւորությունը եւ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին` սննդամթերքի անվտանգությունը, անհրաժեշտ էր հստակ նշել այն ենթաօրենսդրական ակտերի անվանումները, որոնցով պետք է կարգավորվեին համապատասխան հարաբերությունները:
Նույն հոդվածում «կետի» բառը անհրաժեշտ է փոխարինել «մասի» բառով, քանի որ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 2-րդ մասի. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները կարող են բաժանվել «մասեր» կոչվող համարակալված կամ չհամարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են պարունակել կետեր կամ պարբերություններ»:
Նույն դիտողությունը վերաբերվումէ նաեւ Նախագծի 6 հոդվածին, որտեղ «կետում» բառը անհրաժեշտ է փոխարինել «մասում» բառով:
3. Նախագծի 4 հոդվածի 1-ին կետով առաջարկվող լրացման ընդունման դեպքում, խոսքը կվերաբերի ոչ թե սննդամթերքին, այլ իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը, հետեւաբար «(բացառությամբ արտահանվողի)» բառերը անհրաժեշտ է լրացնել ոչ թե «ձեռնարկատերը» բառից հետո, այլ «սննդամթերք» բառից հետո:
Նույն հոդվածի 8-րդ կետում «ի)» տառերը անհրաժեշտ է փոխարինել «ժա)» տառերով, քանի որ «ժ» տառը համապատասխանում է «10» թվանշանին, իսկ «11» թվանշանին համապատասխանում է «ժա) » թիվը:
4. Նախագծի 5 հոդվածով օրենքում առաջարկվող 10 հոդվածի 1-ին եւ 2-րդ նախադասությունները հակասում են իրար, քանի որ, համաձայն 1-ին նախադասության, Հայաստանի Հանրապետությունում իրացվող բոլոր սննդամթերքները ենթակա են համապատասխանության հավաստման, իսկ 2-րդ նախադասության համաձայն. «համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», ինչից բխում է, որ պարտադիր հավաստման են ենթակա ոչ թե բոլոր սննդամթերքները, այլ` միայն ցանկում ընդգրկվածները:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Սարգսյան
Կ. Հարությունյան