Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

1. Նախագծի 1 հոդվածի համաձայն օրենքի կարգավորման առարկա է հանդիսանում նաեւ ոստիկանությունում կարգապահական տույժեր կիրառելու կարգն ու պայմանները:

Մինչդեռ, նախագծի 8 հոդվածում ներառվել է միայն ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի կարգը, իսկ պայմանները բացակայում են:

2. Օրենքի նախագծի 4 հոդվածի 1-ին մասը առաջարկվում է վերախմբագրել` հաշվի առնելով, որ «այլ օրենքները» ներառվում են «այլ իրավական ակտերի կազմում»:

3. Օրենքի նախագծի 7 հոդվածի 2-րդ մասի «ոստիկանության պետի նորմատիվ հրամանով» բառերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին:

4. Օրենքի նախագծի 7 եւ 8 հոդվածների մի շարք դրույթներ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 41 եւ 42 հոդվածների կրկնությունն են:

5. Նախագծի 14 հոդվածի համաձայն. «Ծառայողական քննության ընթացքում օրենքի առջեւ ոստիկանության բոլոր ծառայողները հավասար են` անկախ զբաղեցրած պաշտոնից, կոչումից եւ այլ հանգամանքներից»:

Անհրաժեշտ է հստակեցնել «այլ հանգամանքներից» արտահայտությունը հաշվի առնելով նաեւ, որ պաշտոնը եւ կոչումը հանգամանք չեն:

6. Նախագծի 16 հոդվածի 1-ին մասի վերջում «իրավախախտմամբ» բառը անհրաժեշտ է փոխարինել «կարգապահական խախտմամբ» բառերով, քանի որ իրավախախատումը ավելի լայն հասկացություն է:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 20 հոդվածում օգտագործված «իրավախախտում» բառին:

7. Նախագծի 19 հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հանել «ստորաբաժանման ղեկավարը» բառերը, քանի որ նախագծի 24 հոդվածում նախատեսված են ծառայողական քննության մասնակիցները:

8. Նախագծի 21 հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի քան» բառերը:

Նույն հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «սեղմ ժամկետում» բառերը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրաելյան