ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերում ծառայության մասին» եւ «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն ուսումնասիրվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ ներկայացվում են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1 հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է համապատասխանեցնել նախադասության տարբեր մասերը եզակի կամ հոգնակի թվերի առումով:

2. Նախագծի 1 հոդվածի 1-ին մասում, ինչպես նաեւ 4 հոդվածի առանձին կետերում «այսուհետ` նաեւ» բառակապակցություններից առաջարկվում է հանել «նաեւ» բառը եւ ամբողջ տեքստում օգտագործել միասնական հասկացություն, այլ ոչ թե մեկ հասկացության երկու տերմին:

3. Նախագծի 4 հոդվածի 1-ին մասի 1-ին կետն անհրաժեշտ է հանել, քանի որ «դատական ծառայություն» հասկացության իմաստն արդեն տրված է Նախագծի 1 հոդվածի 2-րդ մասում: Այդ դեպքում 1 հոդվածի 2-րդ մասում «ծառայությունը» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «(այսուհետ` դատական ծառայություն)» բառակապակցությունը:

4. Վերոգրյալը հիմք ընդունելով` անհրաժեշտ է 1 հոդվածի 3-րդ մասն շարադրել նոր` հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության բաղկացուցիչ մասն է:»

5.Առաջարկվում է քննարկել Նախագծի 1, 2 եւ 3 հոդվածների առաջնահերթության խնդիրը:

6. Նախագծի 2 հոդվածում օրենքի անվանումը նշելն ավելորդ է եւ հոդվածը կարելի է սկսել «Սույն օրենքը կարգավորում է …» բառերով:

7. Առաջարկվում է քննարկել Նախագծի 3 հոդվածի 2-րդ մասում ներառված դրույթում շեշտադրումների փոփոխության խնդիրը եւ այդ իմաստով դրույթը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Եթե սույն օրենքով սահմանված չեն Աշխատակազմում դատական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորող առանձնահատկությունները, ապա այդ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»

8. Նախագծի 3 հոդվածի 1 եւ 2 մասերի առկայության դեպքում իմաստը կորցնում է 3-րդ մասը, քանի որ ծառայության ընթացքում ձեւավորվում են նաեւ ծառայողների միջեւ ծառայողական հարաբերությունները:

9. Նախագծի 4 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից, 15 հոդվածի 2-րդ մասից, 20 հոդվածից առաջարկվում է հանել «կատարողականի» բառը:

10. Նախագծի 4 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «օրենքով» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «սահմանված կարգով» բառերը:

11. Նախագծի «Ընդհանուր դրույթներ» վերնագրով 1-ին գլխում անհրաժեշտ է ամրագրել դատական ծառայության սկզբունքները: Դա ունի ոչ միայն տեսական, այլ նաեւ կիրառական նշանակություն, օրինակ, Նախագծի 25 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 33 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման իմաստով:

12. Նախագծի 7 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն դատական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները` «դատական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի դատական խորհրդականի դասային աստիճան»:

Վերոհիշյալ հոդվածի տրամաբանությունից պարզ չէ նախ` դատական ծառայության որ պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին (բացի գլխավոր պաշտոններ զբաղեցնողներից) կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի դատական խորհրդականի դասային աստիճան, ապա` քանի դասերից է բաղկացած դատական խորհրդականի դասային աստիճանը: Ենթադրվում է, որ վերջինս կարող է շնորհվել գլխավորից ավելի բարձր պաշտոն զբաղեցնոց ծառայողներին, որը, սակայն, նախատեսված չէ Նախագծով:

13. Նախագծի 7 հոդվածի մասերի համարակալումը անհրաժեշտ է ճշգրտել:

14.Նախագծի 7 հոդվածի 5-րդ մասի «հոդվածների» բառը անհրաժեշտ է փոխարինել «հոդվածի» բառով:

15.Նախագծի 16 հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը պարզաբանման կարիք ունի:

16.Նախագծի 16 հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետն անհրաժեշտ է հանել, քանի, որ համապատասխան դրույթ ներառված է Նախագծի 11 հոդվածում:

17. Նախագծի 16 հոդվածի 7-րդ մասում, 21 հոդվածի 4-րդ մասում եւ 34 հոդվածի2-րդ մասում «հիմնադրի» բառերն առաջարկվում է փոխարինել «վճռաբեկ դատարանի նախագահի» բառերով` համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի:

18. Նախագծի 33 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ազատազրկման դատապարտվելը» անհրաժեշտ է փոխարինել «օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը» նախադասությամբ:

19. Նախագծի 43 հոդվածից հետո ամրագրված վավերապայմաններն անհրաժեշտ է հանել:

«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան
Ա. Գրիգորյան