ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի
վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Գ. Արսենյանի, Հ. Ավետիսյանի, Ա. Պետրոսյանի, Գ. Ղոնջեյանի եւ Մ. Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) քննարկվել է ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրինագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 1 հոդվածի, ինչպես նաեւ նախագծի մի քանի այլ հոդվածների «վերակազմավորում» բառն անհրաժեշտ է փոխարինել «վերակազմակերպում» բառով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասի համաձայն վերակազմավորումը համարվում է վերակազմակերպման բաղկացուցիչ մասը:

2. Նախագծի 2 հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է վերախմբագրել, քանի որ «սոցիալ-աշխատանքային ոլորտում եւ դրանց հետ կապված տնտեսական հարաբերություններ» հասկացությունը խիստ անորոշ է եւ սահմանման կարիք է զգում:

3. Նախագծի 3 հոդվածի վերնագրից անհրաժեշտ է հանել «բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ աշխատանքային օրենսգրքից, սույն օրենքից ու այլ օրենքներից ու նորմատիվ իրավական ակտերից» բառերը: Առաջարկում ենք հոդվածում ստեղծել նոր 1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1. Գործատուների միությունների մասին օրենսդրությունը «բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ աշխատանքային օրենսգրքից, սույն օրենքից ու այլ օրենքներից եւ նորմատիվ իրավական ակտերից»:

4. Նախագծի 4 հոդվածի 2-րդ մասից առաջարկում ենք հանել «(այդ թվում Երեւանում)» բառերը, քանի որ ՀՀ Սահմանադրության 108 հոդվածի 1-ին մասում ասվում է` «Երեւան քաղաքն ունի մարզի կարգավիճակ» եւ կարիք չկա ծանրաբեռնել նախագծի հոդվածը: Հստակեցման կարիք է զգում նաեւ նույն մասի «գործատուների անմիջական անդամակցում» հասկացությունը:

5. Նախագծի 5 հոդվածում նշված սկզբունքների ցանկը ներկայացված է սպառիչ կերպով, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությամբ, Քաղաքացիական օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով ավելի շատ են սահմանված այդպիսի սկզբունքներ:

6. Նույն հոդվածի 3-րդ մասում «գործընկերակցություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «գործընկերություն» բառով:

7. Նախագծի 6 հոդվածի 1-ին մասը, թեեւ ֆորմալ առումով հակասություն չի առաջացնում, սակայն անհրաժեշտություն է ստեղծում համապատասխանփոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում:

8. Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում եւ 7 հոդվածի 4-րդ մասում շարադրված «գործադիր» բառը փոխարինել «կառավարման» բառով:

9. Նույն հոդվածի 5-րդ մասում «այլ եւ» բառերը շարադրել «կառավարման եւ» բառերով:

10. Նախագծի 7 հոդվածի 1-ին մասի «պետական» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «կառավարման եւ տեղական ինքնակառավարման» բառերը, 4-րդ մասում «մարմիններին» բառն առաջարկում ենք փոխարինել «կառավարման եւ» բառերով:

11. Նախագծի 10 հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե կոնկրետ ո՞ր պատասխանատվության մասին է խոսքը (ՀՀ օրենսդրությամբ նման պատասխանատվություն սահմանված չէ):

12. Նույն հոդվածի 1-ին մասի «նշված օրենքով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նշված կարգով» բառերով:

13. Նախագծի 11 հոդվածի 1-ին մասում «կամ» բառից հետո վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ` « …գործատուների երկու միություններ»:

14. Ավելորդ է նույն հոդվածի 3-րդ մասի «եւ գրանցման մերժումը» բառակապակցությունը, որն առաջարկում ենք հանել:

15. Նախագծի 12 հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ`

«1. Գործատուների միության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է»:

16. Նույն հոդվածի «զ)» ենթակետում շարադրված «ունեցվածքի» բառը փոխարինել «գույքի» բառով, այնուհետեւ «ժ» ենթակետում «վերակազմավորման» բառը փոխարինել «վերակազմակերպման» բառով:

17. Նույն հոդվածի «ժա)» ենթակետն անհրաժեշտ է վերաշարադրել «ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ» բովանդակությամբ:

18. Ավելորդ է նույն հոդվածի 3-րդ մասը, որն առաջարկում ենք հանել:

19. Նախագծի 13 հոդվածի 1-ին մասում «համագումար» բառը նպատակահարմար է փոխարինել «մասնակիցների ընդհանուր ժողով» բառերով:

20. Նույն հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է տեղափոխել 12 հոդվածի 2-րդ մաս:

21. Նախագծի 14 հոդվածի «ժ)» ենթակետի 2-րդ մասը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին, այն առումով, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքները կարող են սահմանվել միմիայն օրենքով:

22. Նախագծի 15 հոդվածի «ա)» ենթակետն ավելի շուտ իրավունք է, քան պարտականություն, ուստի հիշյալ կետն անհրաժեշտ է տեղափոխել նախագծի 14 հոդված:

23. Նույն հոդվածի «բ)» ենթակետում «վերցված» բառն առաջարկում ենք փոխարինել «դրված» բառով:

24. Նախագծի 16 հոդվածի 2-րդ մասը հաշվեկշռված չէ 10 հոդվածի 3-րդ մասի հետ: Ստացվում է, որ գործատուների միությունը պատասխանատու չէ իր անդամի պարտավորությունների համար (ինչը միանգամայն ճիշտ է), իսկ միության անդամը (ըստ 10 հոդվածի 3-րդ մասի) պատասխանատվություն է կրում գործատուների միության « …կնքած եւ այդ ժամանակ գործող բոլոր համաձայնությունների համար», ինչը, բնականաբար ընդունելի չի կարող լինել, եւ առաջարկվում է հանել նշված 3-րդ մասը:

25. Նախագծի 17 հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «կամավոր» բառը, քանի որ ներդրումն արդեն ինքնին կամքի արտահայտում է, նույն մասի «նվիրատվություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «նվիրաբերություն» բառով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով տրվում է նվիրաբերության սահմանումը` «նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով»:

26. Նախագծի 19 հոդվածի «Սույն օրենքի ընդունման պահից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց» բառերով, քանի որ օրենքն ընդունում է Ազգային Ժողովը, վավերացվում է Հանրապետության նախագահի կողմից, հրապարակվում եւ նոր մտնում ուժի մեջ: Սա ժամանակատար գործընթաց է եւ կարող է տեւել առավել երկար, քան նախագծի հոդվածում նշված վեց ամիսը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Գալստյան
Մ. Հակոբյան
Վ. Էլոյան