ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հ. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքի նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Նախագծերի վերաբերյալ կան հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.
1. «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/2 հոդվածում
ա/ «փաստաթղթեր /վավերագիր/ թողարկող» տերմինը բնորոշվում է երկու այլընտրանքային հասկացությամբ, մինչդեռ պետք է լինի մեկ հստակ բնորոշում:
Նշենք, որ այդ պարբերությունում «փաստաթղթեր» բառից հետո նշվում է նաեւ «վավերագիր» բառը, մինչդեռ նույն հոդվածի 2 պարբերության համաձայն ամբողջ Նախագծում պետք է օգտագործվեր «փաստաթուղթ» տերմինը, որի տակ հասկացվելու է նաեւ «վավերագիր»-ը:
բ/ նույն հոդվածի«փաստաթղթեր ստացող» տերմինը բնորոշող պարբերության մեջ որպես «փաստաթղթեր ստացող» ամրագրում է միայն իրավաբանական անձանց, մինչդեռ այդպիսիք կարող են լինել նաեւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, այդ թվում նաեւ հիմնարկները:
Ընդ որում, նախագծի այլ հոդվածներում որպես «փաստաթղթեր ստացող» նշվում են գրադարանները եւ այլ կազմակերպություններ, իսկ 15 հոդվածի 2 մասում` «հիմնարկները եւ կազմակերպությունները»: Այդ կապակցությամբ, անհրաժեշտ է ամբողջ նախագծում որդեգրել մեկ միասնական մոտեցում:գ/նույն հոդվածի«պարտադիր անորակ օրինակ» տերմինը առաջարկում ենք հանել եւ այդ հասկացության իմաստը շարադրել նախագծի 7 հոդվածում, այլապես ստացվում է , որ պարտադիր պետք է թողարկվի կամ առաքվի նաեւ անորակ օրինակը:
2.Նախագծի 4 հոդվածի 2 մասում«նյութի վրա»բառակապացությունից հետո անհրաժեշտ է ավելացնել «բացառությամբ սույն հոդվածի 3 մասով սահմանված դեպքերի» բառակապակցությունը:
3.Նախագծի 8 հոդվածի
ա/ առաջին մասում առաջարկում ենք ամրագրել պարտադիր անվճար օրինակների թիվը, այլապես 2 եւ 3 մասերի ընթերցումից պարզ չի դառնում, թե, ի վերջո, քանի անվճար օրինակ պետք է հատկացնի թողարկողը եւ, արդյոք, լիազորված մարմինը բոլոր անվճար օրինակները փոխանցում է համապատասխան կազմակերպություններին:
բ/ 3 մասում հստակեցման կարիք ունի «մարզային գրադարաններ եւ կազմակերպություններ» բառակապակցությունը: Արդյոք, պարտադիր անվճար օրինակները ուղարկվում են մարզի տարածքում գործող սոսկ մեկ գրադարանի, թե բոլոր գրադարաններին:
գ/ 4 մասում «կետում» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասում» բառով` համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի դրույթների:
4. Նախագծի 10 հոդվածում հստակեցման կարիք ունի «համապատասխան կառույցներին» բառակապակցությունը:
5. Նախագծի 11 հոդվածից անհրաժեշտ է հանել «մեկական» բառը, իսկ 14 հոդվածից` «ստանալ» բառը:
6.Նախագծի 15 հոդվածի վերնագիրը չի համապատսխանում 1 մասի առաջին նախադասությանը, քանի որ վերնագրում խոսքը գնում է «բախշում իրականացնող մարմին»-ի մասին, իսկ հոդվածում` «հավաքող եւ բախշող մարմնի կամ մարմինների» մասին:
7.Նախագծի 16 հոդվածի 3 մասը անհրաժեշտ է հանել, քանի որ այդ մասում արտահայտված դրույթը կրկնում է նույն հոդվածի 1-ին մասում արտահայտված դրույթի իմաստը:
8.Նախագծի 18 հոդվածը ավելորդ է, քանի որ 19 հոդվածի համաձայն «սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրակացնում է լիազոր մարմինը», իսկ «օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը» արդեն իսկ ներառում է նաեւ պարտադիր օրինակի առաքման նկատմամբ վերահսկողությունը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Օրենսգրքում ավելացնել նոր 188 պրիմ հոդված, այն դեպքում, երբ Օրենսգրքի 189 հոդվածը մասնակի /զանգվածային լրատվության միջոցների մասով/ արդեն իսկկարգավորում է այդ հարաբերությունները: Հետեւաբար` առաջարկում ենք ոչ թե 188 պրիմ հոդված ընդունել, այլ 189 հոդվածը շարադրել նոր խմբագրւթյամբ:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Սարգսյան
Մ. Հակոբյան