Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», « ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ « Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվելեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

I. «Կրթության պետական տեսչության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները.

1. Օրենքի նախագծի 4 հոդվածը սկսվում է բուն հասկացություններից: Մինչ հասկացությունները թվարկելն առաջարկվում է ներառել դրույթ, որի համաձայն օրենքում օգտագործվում են նշված հասկացությունները:

2. Նույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն.

«- կրթակարգ` հանրակրթության բնագավառում քաղաքականության միասնա՟կանությունը, կրթության որակի բարելավումը, նախադպրոցական, միջնակարգ եւ հատուկ կրթության առարկայական չափորոշիչների մշակման ընդհանուր սկզբունքները, ուսուցիչներին ներկայացվող հիմնական պահանջներն ապահովող նորմատիվ փաստաթուղթ. »:

Այս պարբերությունում « …նախադպրոցական, միջնակարգ եւ հատուկ կրթության» մասը չի համապատասխանում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 2-րդ մասում ներառված հանրակրթական հիմնական ծրագրերի տեսակներին: Մասնավորապես, չեն ներառվել տարրական ընդհանուր եւ հիմանական ընդհանուր կրթությունները, իսկ միջնակարգ ու հատուկ կրթությունները չեն նշվել որպես «ընդհանուր» կրթություններ:

3. Նույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն.

«- կրթական ծրագրերի տեսչավորում` կրթական չափորոշիչներին, հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխանության, ծրագրերի իրականացման որակի ապահովման եւ վերահսկողության գործընթաց »:

Տվյալ դեպքում անհասկանալի է տեսչավորման ընդհանուր հասկացությունը: Օրենքի նախագծի 10 հոդվածի 5-րդ մասում տեսչավորումը բացատրվում է որպես ստուգումների, ուսումնասիրությունների եւ ստուգայցերի հիման վրա փաստաթղթերի կազմում:

« Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին » ՀՀ օրենքում ստուգայցը` որպես ստուգման տեսակ, հասկացություն չի նախատեսվում: Նման հասկացություն ներառելը « Կրթության պետական տեսչության մասին» օրենքում հակասում է ստուգումների կազմակերպման արդեն իսկ կարգավորված մեխանիզմներին:Ուստի առաջարկվում է կամ վերացնել հակասությունը, կամ էլ առաջարկել փոփոխություն կատարել վերը նշված օրենքում:

4. Նույն դրույթի վերջում «իրականացման» բառն առաջարկվում է տեղադրել «վերահսկողության» բառից առաջ:

5. Նախագծի 5 հոդվածի 2-րդ կետում «օբյեկտիվությունը» բառն առաջարկվում է փոխարինել «օրինականությունը» բառով, իսկ 3-րդ կետում «անկողմնակալ» բառը` «ճշգրիտ» բառով:

6. Օրենքի նախագծի 7 հոդվածում եւ այլ հոդվածներում «իրավասությունները» բառը առաջարկվում է փոխարինել «իրավասություն» բառով` եզակի թվով:

7. Նախագծի 7 հոդվածի 2-րդ կետի համաձայն կրթության մասին օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում ՀՀ կառավարության իրավասությունն է « 2. Կրթության բնագավառի օրենսդրության եւ այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միասնական քաղաքա՟կանության իրականացման ապահովումը »:

Տվյալ դեպքում պարզ չէ, թե ո՞ր մարմինը եւ ին՞չ ակտով պետք է հաստատի վերահսկողություն բնագավառում միասնական քաղաքականությունը: Դա չի կարող նույնացվել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 4-րդ կետում նշված ծրագրի հետ, եթե այդ մասին հատուկ նշում չի կատարվել: Այդ հարցը բաց է մնում նաեւ նախագծի այլ դրույթներում, ներառյալ` 8 հոդվածի 1-ին կետում, որի համաձայն լիազորված մարմնի իրավասությունն է այդ քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

8. Օրենքի նախագծի 8 հոդվածի 4-րդ կետի համաձայն պետական վերահսկողության բնագավառում լիազորված մարմնի իրավասությունն է «4. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության, մասնագիտական կրթության տեսչավորման հրապարակային հաշվետվությունների մշակման ու ներկայացման, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստատումը »:

Առաջարկվում է քննարկել թե ինչին է վերաբերում տեսչավորումը` արդյունքներին, թե գործընթացին: Դա անհրաժեշտ է, քանի որ «տեսչավորման կարգը» ըստ նախագծի 7 հոդվածի 3-րդ մասի պետք է հաստատի կառավարությունը: Որպես տարբերակ առաջարկվում է «տեսչավորման» բառից հետո ավելացնել «արդյունքների» բառը:

9. Օրենքի նախագծի 9 հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն տեսչության նպատակն է. « ա/ Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, հանրակրթական, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի սոցիալական երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը. »: Տվյալ դրույթում «հանրակրթական» հասկացությունը ներառում է 5 տարբեր բաղադրիչներ, որոնք իրավական ռեժիմներով տարբերվում են: Իսկ «նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական կրթություն» հասկացությունները կազմում են հիմնական կրթության տարրերը: Առաջարկվում է օրենքի նախագծում հասկացություններ ներառելիս ցուցաբերել միասնական մոտեցում:

10. Օրենքի նախագծի 9 հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն տեսչության նպատակն է նաեւ «ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության որակի բարձրացմանը նպաստելը»: Հիմք ընդունելով որ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված «վերահսկողությունը» կարող է կատարվել «բ» կետում նշված ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով, եւ այն, որ դրանք ընդամենը մեթոդներ են, գտնում ենք, որ դրանք նպատակի տարրեր չեն կազմում եւ առաջարկում ենք հանել «բ» կետի տեքստից:

11. Նախագծի 10 հոդվածի 2-րդ մասի վերջում «եւ ապահովում դրանց իրականացումը» բառերը առաջարկվում է փոխարինել «ինչպես նաեւ վերահսկում է դրանց իրականացումը» բառերով:

12. Նույն 10 հոդվածի 3-րդ մասում «ընդհանրական» բառը իրավական առումով ճշգրիտ չի արատահայտում դրույթի իմաստը:

13.Մեկ անգամ եւս անդրադառնալով նախագծի 10 հոդվածի 5-րդ մասին, առաջարկում ենք վերանայել ստուգայցերի ձեւով տեսչավորման իրականացումը:

14. Օրենքի նախագծի 13 հոդվածի 1-ին , 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրված են հետեւյալ խմբագրությամբ. «1. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչներ են.

1) Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը.

2) Հայաստանի Հանրապետության կրթության  ավագ պետական տեսուչը.

3) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետն է:

3. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետի տեղակալները, տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների  եւ տարածքային մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչներ են:

4. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների  եւ տարածքային մարմինների աշխատողները Հայաստա՟նի Հանրապետության կրթության պետական տեսուչներ են»:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի «գ» ենթակետի համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները տարածվում են ՀՀ հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերի վրա: Նույն օրենքի 7 հոդվածով դասակարգվել են քաղաքացիական ծառայողների պաշտոնները: Հետեւաբար, կրթության պետական տեսչության պաշտոնները ոչ թե պետք է դասակարգվեին ներկայացված նախագծի 11 հոդվածով, այլ արդեն իսկ դասակարգված են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով, քանի որ կրթության պետական տեսչությունը հանդիսանում է հանրապետական գործադիր մարմնի ստորաբաժանում:

Այդ հիմքով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել օրենքի նախագծի 13 հոդվածը եւ այդ հոդվածում արծարծված դրույթներին առնչվող օրենքի նախագծի այլ դրույթները:

15. Օրենքի նախագծի 14 հոդվածի 1-ին մասի «բ»կետում «պարտադիր» բառն առաջարկվում է տեղադրել «հանձնարարականներ» բառից առաջ:

16. Օրենքի նախագծում չեն սահմանվում «գլխավոր պետական տեսուչի» պարտականությունները:

17. Օրենքի նախագծի 15 հոդվածի 2-րդ մասի վերջում նշված «մեթոդական ցուցումները եւ հրահանգները» կարող են սահմանվել միայն հրամանով, որը ներառվում է այլ իրավական ակտերի համակարգի մեջ: Ուստի, առաջարկվում է, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի պահանջներով, վերախմբագրել վերը նշված դրույթը:

18. Օրենքի նախագծի 18 հոդվածի 5-րդ մասում նշված է, որ «5. Թեմատիկ ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով »: Իսկ նախագծի 19 հոդվածում, որը վերաբերում է ուսումնասիրություններին, նման վերապահում չի կատարվում: Առաջարկվում է օրենքի նախագծի 17 հոդվածում ներառել մեկ ընդհանուր դրույթ եւ այդ դեպքում 18 հոդվածի 5-րդ մասը հանել նախագծի տեքստից:

19. Օրենքի նախագծով նախատեսվող կրթության պետական տեսչության ստեղծումը վերջինիս պահպանման համար ենթադրում է համապատասխան ծավալով բյուջետային հատկացումների իրականացում, ինչը, ըստ էության, պետք է նախատեսված լիներ 2005 թվականի պետական բյուջեով (քանի որ օրենքի նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից): Նախագծին կից ներկայացված տեղականքում բերված այն պնդումը, որ այդ ծախսերը նախատեսվում է իրականացնել տնտեսումների հաշվին (ինչը, ի դեպ, վկայում է նաեւ ծախսերի ոչ արդյունավետ պլանավորման մասին), մեր կարծիքով, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, առավել եւս, որ 2005 թվականի բյուջետային տարին գրեթե նոր է սկսվել եւ այդ առումով, դժվար է հստակ կանխատեսել այդ տնտեսումների չափը:

20. Խմբագրական բնույթի եւ այլ դիտողությունները կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

II . «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ « Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Գ. Կիրակոսյան