ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիվերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերըքննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

  1. Օրենքի հոդված 19-ի 1-ին մասում նախագծի հոդված 12-ով առաջարկվող լրացումների պարագայում կառավարության պահուստային ֆոնդը դառնում է տվյալ տարվա պետական բյուջեում չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման, ինչպես նաեւ բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման աղբյուր:Բացի այդ, առաջարկվում է նաեւ մասնակիորեն վերացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում ամրագրված պահուստային ֆոնդի չափի սահմանափակումը` հնարավորություն տալով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում սահմանելու այն: Մեր կարծիքով, տվյալ տարվա բյուջեով արդեն իսկ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման իրականացումը պահուստային ֆոնդի միջոցների հաշվին արդարացված չէ, քանի որ այդ դեպքում պահուստային ֆոնդը որոշակիորեն կորցնում է իր իմաստը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա փուլում հանրապետությունում որոշակի քայլեր են ձեռնարկվում ծրագրային բյուջետավորման համակարգին անցում կատարելու ուղղությամբ (ինչի մասնակի վկայություն պետք է համարել նաեւ միջինժամկետ ծախսային ծրագրի ինստիտուտի ներդրումը), ինչը ենթադրում է բյուջետային ծախսերի առավել արդյունավետ պլանավորում եւ կառավարում, նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման իրականացումը պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, կարծում ենք, կարող է ներկայանալ որպես հետընթաց քայլ այդ ուղղությամբ: Բացի այդ, առաջարկվող լրացման ընդունման պարագայում որոշակի հակասություն է առաջանում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի 1-ին մասի 1-ին նախադասությունում, քանի որ պահուստային ֆոնդը, ըստ էության, չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման (եւ ոչ թե նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման) աղբյուր է:Միաժամանակ, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում պահուստային ֆոնդի ծավալի սահմանման հնարավորությունը որոշակիորեն իմաստազրկում է նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանված պահուստային ֆոնդի առավելուգույն չափի մասին դրույթի անհրաժեշտությունը:Մեր կարծիքով, համոզիչ չի ներկայանում նաեւ հիմնավորման մեջ բերված այն պնդումը, որ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել պետական կառավարման մարմինների կողմից իրենց կանոնադրական լիազորությունների կատարումն ապահովելու նպատակով:
  2. Նախագծի հոդված 15-ով առաջարկվում է հանել պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմինի ղեկավարի կողմից կառավարության սահմանած կարգով այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումների իրականացման սահմանափակումը: Մեր կարծիքով, նման քայլը որոշակիորեն նվազեցնում է բյուջետային ծախսերի կանոնակարգվածության աստիճանը` տվյալ մարմնի ղեկավարին առավել լայն հնարավորություններ ընձեռելով իրականացնելու այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով ներքին վերաբաշխումներ` տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջեւ: Արդյունքում, պետական բյուջեի կատարման ընթացքում, մախատեսված եւ օրենքով հաստատված պետական ծախսերի չափերն ու կառուցվածքը էականորեն կարող են տարբերվել գործնականում կատարված պետական ծախսերի չափերից ու կառուցվածքից, ինչը բնականաբար, կնվազեցնի պետական բյուջեի մասին օրենքի դերն ու նշանակությունը:
  3. Նախագծի հոդված 14-ով առաջարկվում է սահմանել, որ պետական լիազորված մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ` պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի եւ պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմատիվների եւ նորմերի (ըստ անհրաժեշտության) մասին: Այս առումով, կարծում ենք,պետք է հստակեցնել, թե լիազորված մարմնի կողմից ըստ անհրաժեշտության նորմատիվների տրամադրման սխեմայի անցնելու պարագայում ինչպես պետք է հաշվարկվեն այն լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը, որոնց համար նորմատիվներ չեն տրամադրվում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ա. Սարգսյան