ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ կան հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Նախագծի 1 հոդվածով առաջարկվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածը լրացնել 7-րդ մասով, որի համաձայն «7. Ատոմային էներգիայի օգատգործման բնագավառում տրվող լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են լիցենզավորման կարգերով»:

Նկատի ունենալով, որ լիցենզիաների գործողության ժամկետում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար սահմանվում են որոշակի իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներ, ինչպես նաեւ պարտականություններ, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն.

« 4. Միմիայն օրենքով պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված հարցերը, այդ թվում` 1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.», ուստի նախագծով բերված փոփոխությունը ուղղակիորեն հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հիշյալ հոդվածին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Հ. Իսրաելյան
Ա. Գրիգորյան