ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները.
1. Օրենքի նախագծի 2 հոդվածի 1 կետով տրվում է նախադպրոցական կրթության հասկացությունը: Առաջարկում ենք բովանդակությունը համադրել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ:
2. Նույն հոդվածի 2-րդ կետում, ինչպես նաեւ օրենքի նախագծի այլ հոդվածներում նշվում են «0-6» եւ «0-3» թվերը: Առաջարկում ենք 0 թիվը փոխարինել «մինչեւ» բառով, քանի որ 0 տարեկան երեխա չի կարող լինել:
3. Սույն օրենքի նախագծով սահմանվում է նախադպրոցական ուսումնական հաստատության տարատեսակները` մսուր-մանկապարտեզ, մանկապարտեզ, նախակրթարան: Սա հակասում է «Կրթության մասին» ՀՀ օրենքին, որտեղ տրվում է միայն մսուր-մանկապարտեզի եւ մանկապարտեզի հասկացությունները: Առաջարկում ենք այս օրենքի նախագծի հետ մեկտեղ ներկայացնել լրացում «Կրթության մասին» ՀՀ օրենքում` սահմանելով նաեւ «նախակրթարանի» հասկացությունը:
4. Նախագծի 2 հոդվածի 1-ին մասի 10 եւ 11 կետերում տրված են ատեստավորման եւ պետական կրթական չափորոշիչի հասկացությունները: Սրանք տառացիորեն կրկնում են «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածում տրված նույն հասկացությունների սահմանումները: Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածը` անհրաժեշտ է հոդվածից հանել այս հասկացությունները:
5. Օրենքի նախագծի 3 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նորից տրվում է նախադպրոցական կրթության հասկացությունը: Եզրակացության 1-ին կետում արդեն ասվել է, որ անհրաժեշտ է վերոնշյալ հասկացության սահմանումը վերախմբագրել:
Հոդվածի 3-րդ մասում սահմանվում է հավասար իրավունք, ինչպես նաեւ, թե որտեղ կարող է երեխան կրթություն ստանալ: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-ին մասում արդեն սահմանվում է կրթության իրավունքը: Իսկ երեխայի կրթություն ստանալու տեղը մեր կարծիքով սահմանափակել չի կարելի կամ հնարավոր է որ դաստիարակություն ստանալու ցանկություն արտահայտվի եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունում, եւ ընտանիքում:
Հաշվի առնելով այս ամենը` առաջարկում ենք 3 հոդվածն ընդհանրապես հանել նախագծից:
6. Նախագծի 5 հոդվածի 2-րդ մասի ա) կետում նշվում է. «ցուցաբերում է բազմակողմանի օգնություն»: Առաջարկում ենք «բազմակողմանի» բառը հանել, քանի որ չի հասկացվում բառի իմաստը:
Նույն հոդվածի 2-րդ մասի բ) կետում գրված է «պետական պահանջների (պետական կրթական չափորոշիչների)» բառերը: Առաջարկում ենք «պետական պահանջների» բառերը հանել, իսկ փակագծերը բացել, քանի որ պետական կրթական չափորոշիչներն արդեն իսկ պետական պահանջ են:
7. Նախագծի 6 հոդվածով սահմանվում է նախադպրոցական տարիքը: Նույն օրենքի նախագծի 2 հոդվածի 2-րդ մասում արդեն իսկ տրվում է «նախադպրոցական տարիք» հասկացությունը: Բացի այդ հոդվածը սկսվում է 3 մասից:
Նշենք նաեւ, որ հոդվածում անհասկանալիորեն տրվում է նաեւ նախադպրոցական կրթության համակարգի հասկացությունը, որը հոդվածի վերնագրի հետ տրամաբանական կապ չունի: Հոդվածից անհրաժեշտ է նախադպրոցական տարիքի սահմանումը հանել եւ հոդվածը վերնագրել «Հոդված 6. Նախադպրոցական կրթության համակարգը»:
Նույն հոդվածի դ) կետում առաջարկում ենք հանել «կրթությունը եւ դաստիարակությունն ընտանիքում» բառերը` սահմանելով այն նոր`ե) կետով: Ընտանիքը, որպես տվյալ համակարգի առանձին սուբյեկտ անհրաժեշտ է ավելացնել նաեւ օրենքի նախագծի 2 հոդվածի 8 կետում:
8. Նախագծի 7 հոդվածի ա) կետի «ծառայությունների» բառն առաջարկում ենք փոխարինել մեկ այլ բառով:
Հոդվածի դ) կետի «համադասվածությունը» բառն առաջարկում ենք փոխարինել «համատեղությունը» բառով:
Հոդվածի ե)կետի «եւ տարրական» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ դա սույն օրենքի կարգավորման առարկա չի հանդիսանում:
9. Նախագծի 8 հոդվածի գ) կետի «մշակույթի տարրերի» բառակապակցությունից անհրաժեշտ է հանել «տարրերի» բառը, քանի որ ծանոթանում են ոչ թե մշակույթի տարրերին, այլ մշակույթին:
Հոդվածի ե) կետն առաջարկում ենք վերախմբագրել հետեւյալ կերպ. «Հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի եւ շրջակա միջավայրի նկատմամբ հարգալի վերաբերմունքի ձեւավորումն ու արմատավորումը»:
Հոդվածի է) կետի «հարմարման» բառն անհրաժեշտ է փոխարինել մեկ այլ մատչելի եւ հասկանալի բառով, քանի որ խախտվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված լեզուն:
10. Նախագծի 9 հոդվածի 1-ին մասի «եւ այլ ուսումնական» բառերը անհրաժեշտ է հանել, քանի որ սույն օրենքը կարգավորում է միայն նախադպրոցական հաստատությունները:
Հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաեւ օրենքի նախագծի բազմաթիվ այլ հոդվածներում«ծնողները (այլ օրինական ներկայացուցիչները)» բառերը փոխարինել «ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները» բառերով: Դա է պահանջում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ մասը:
Անհրաժեշտ է նաեւ «նրանց» բառը փոխարինել «նրա» բառով, քանի որ «երեխայի» բառն օգտագործված է եզակի թվով:
11. Նախագծի 10 հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է հանել, քանի որ նախադպրոցական ուսումնական հաստատության սահմանումն արդեն տրված է օրենքի նախագծի 2 հոդվածի 3-րդ մասում:Բացի վերոգրյալից առաջարկում ենք. հոդվածի 2-րդ մասի ա) կետի «պահանջները» բառը փոխարինել մեկ այլ բառով,հոդվածի 2-րդ մասի դ) կետի «անվտանգ» բառը փոխարինել «պատշաճ» բառով:
Հոդվածի 2-րդ մասի զ) կետն անհրաժեշտ է վերախմբագրել, քանի որ նախադպրոցական ուսումնական հաստատությունը ծնողների շրջանում գիտելիքներ չի կարող տարածել:
Հոդվածի 3-րդ մասն անհրաժեշտ է ներկայացնել առանձին կամ համապատասխան այլ հոդվածով, քանի որ հոդվածի վերնագրի հետ տրամաբանական կապ չունի:
Հոդվածի 4-րդ մասից անհրաժեշտ է հանել «պետական կառավարաման լիազորված մարմինների» բառերը, քանի որ յուրաքանչյուր մարմնի ընդունած իրավական ակտը կարող է հարել սույն օրենքի նախագծով ներկայացվող իրավահարաբերություններին:
Հոդվածի 5-րդ մասի «նորարարական» եւ «այլընտրանքային» բառերի միջեւ դրված է թեք գծիկ: Դրա կիրառումն անհասկանալի է, ուստի առաջարկում ենք փոխարինել մեկ այլ կետադրական նշանով կամ շաղկապով:
Հոդվածի նույն մասի «կարգավիճակ» բառն անհրաժեշտ է փոխարինել «իրավունք» բառով, քանի որ տրվում է ոչ թե գործունեության կարգավիճակ, այլ գործունեության իրավունք:
12. Նախագծի 11 հոդվածի 1-ին մասում սահմանվում են նախադպրոցական ուսումնական հաստատության տիպերը: Սա արդեն սահմանված է նախագծի 2 հոդվածի 4, 5, 6 մասերում: Իսկ 2-րդ մասն առաջարկում ենք ներկայացնել որպես լրացում «Կրթության մասին» ՀՀ օրենքում:Հաշվի առնելով վերոշարադրյալը առաջարկում ենք 11 հոդվածն ընդհանրապես հանել:
13. Նախագծի 14 հոդվածի 1 եւ 2 մասերն առաջարկում ենք տեղերով փոխել, քանի որ 2-րդ մասով է սահմանվում նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը` ինչպես վերնագրված է հոդվածը: Միաժամանակ, անհրաժեշտ է տվյալ հոդվածում, ինչպես նաեւ նախագծի մի քանի այլ հոդվածներում «սեփականության մասնավոր ձեւի» բառակապակցությունից հանել «սեփականության» եւ «ձեւի» բառերը, քանի որ դրանք համահունչ չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքին:
14. Նախագծի 3 գլխի վերնագրում բաց է թողնված «համակարգի» բառը:
15. Նախագծի 16 հոդվածից անհրաժեշտ է հանել դ) կետը, քանի որ հիմնադիրը չի կարող նախադպրոցական կրթության համակարգը կառավարել:
16. Նախագծի 17 հոդվածի բ) կետի «պահանջմունքների» բառն առաջարկում ենք փոխարինել մեկ այլ բառով:
17. Նախագծի 18 հոդվածի 1-ին մասի գ) կետը անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«մշակում եւ հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսական եւ նյութական ապահովման, ինչպես նաեւ նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները»:
Հոդվածի 1-ին մասի վերջում «պետական» բառից հետո ավելացնել «կառավարման» բառը: 2-րդ մասի ա) կետի «համապատասխան տարածքում» բառերն առաջարկում ենք հանել: Իսկ թ) կետի «օրենքներով» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենսդրությամբ» բառով:
18. Նախագծի 19 հոդվածի բոլոր 3 մասերում օգտագործվում է «հսկողություն» բառը: Քանի որ հոդվածի վերնագրում օգտագործված է «վերահսկողություն» բառը, ուստի նպատակահարմար է հոդվածի մասերում այն փոխարինել վերոնշյալ բառով:
19. Նախագծի 20 հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է հանել, քանի որ պետական կրթական չափորոշիչի հասկացությունը տրված է նախագծի 2 հոդվածի 11 կետում, ինչպես նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ մասում:
20. Նախագծի 21 հոդվածի 1-ին մասում «կրթության» բառը առաջարկում ենք փոխարինել «կրթական ծրագրերի» բառերով:
21. Նախագծի 22 հոդվածի 2-րդ մասում «գերատեսչական» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «ենթակայության» բառը:
22. Նախագծի 23 հոդվածի ա) կետում օգտագործվում է «կրթության բնագավառի լիազորված պետական մարմին» տերմինը, որի հասկացությունը չի տրվում («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42 հոդված):
23. Նախագծի 6 գլխի 1-ին հոդվածը համարակալված չէ:
Վերոնշյալ չհամարակալված հոդվածում տրվում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների ցանկը: Այսօր նման հաստիքներ չկան: Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների հաստիքները սահմանված են «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպութան օրինակելի կանոնադրությամբ, որը ՀՀ Կառավարության կողմից հավանության է արժանացել 26.12.2002թ., ուստի անհրաժեշտ է հաստիքացուցակը հստակեցնել:
Նույն հոդվածի դ) կետից անհրաժեշտ է հանել «մսուրներում» բառը, քանի որ սույն օրենքով նման կատեգորիա չի սահմանվում:
24. Նախագծի 24 հոդվածի ա) կետում «համայնքային» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «ենթակայության» բառը: Նույն կետի անվտանգ ուսուցում, խնամք, դաստիարակություն, զարգացում հասկացությունները պարզաբանման եւ ճշգրտման կարիք ունեն:
Հոդվածի բ) կետիցառաջարկում ենք հանել «առողջությունը» բառը, քանի որ տեղեկատվության եւ քարոզչության առողջությանը վնասելն անհասկանալի է:
25. Նախագծի 26 հոդվածը բաղկացած է մեկ պարբերությունից, ուստի այն կարիք չկա համարակալելու: Հոդվածի «(այդ թվում ղեկավարի)» բառերն առաջարկում ենք տեղադրել նաեւ հոդվածիվերնագրի «մանկավարժների» բառից հետո:
26. Նախագծի 27 հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը» բառերը:
27. Նախագծի 28 հոդվածը բաղկացած է մեկ պարբերությունից, ուստի կարիք չկա համարակալելու:
Հոդվածի «կրում» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «են ուսումնական հաստատությունների տնօրենները` օրենքով սահմանված կարգով»:
28. Նախագծի 29 հոդվածի 1-ին մասի ա) կետից հանել «եւ երեխայի կրթություն ստանալու ձեւը» բառերը, քանի որ հաստատությունն ընտրելուց հետո կրթություն ստանալու ձեւ ոչ ոք չի կարող կամայականորեն ընտրել:
Հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք վերանայել, քանի որ սահմանված պարտավորությունների խախտումը որեւէ պատասխանատվություն այն խախտողի համար չի կարող առաջացնել, դրանք կրում են դեկլարատիվ բնույթ, ոչինչ չեն ասում եւ ավելորդ ծանրաբեռնում են օրենքի տեքստը:
29. Նախագծի 30 հոդվածի 2-րդ մասի ա) կետում, ինչպես նաեւ 31 հոդվածի 1-ին մասում «հիմնադիրների» բառից հետո ավելացնել «կամ» բառը եւ բացել «(սեփականատերերի)» բառի փակագծերը(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ մաս): Նույն մասի բ) կետից հանել «կամավոր» բառը, քանի որ հանգանակությունն ինքնին կամավոր է: դ) կետի «շտկողական» բառը պարզաբանման կամ փոփոխման կարիք ունի:
30. Նախագծի 34 հոդվածով սահմանված անցումային դրույթը հստակեցման կարիք ունի:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Հայկյանց
Մ. Հակոբյան