ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԺՈՂՈՎՆԵՐԻ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎԴՐԱ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ «ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Թորոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունման առնչությամբ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Ստորեւ ներկայացնում ենք վարչության կողմից արված դիտողություններն ու առաջարկությունները`

1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի(այսուհետ` Օրենքի նախագիծ) վերաբերյալ

1.1. Օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվելէ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1 հոդվածի 1-ին մասում«ստեղծել» բառից հետո դնել վերջակետ, իսկ հաջորդող բառերը փոխարինել հետեւյալով` « Այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որեւէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության եւ հասարակական անվտանգության, անկարգությունները եւ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսելուն զինված ուժերի, ոստիկանության եւ պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ», որն ըստ էությանՀայաստանի Հանրապետության կողմից վավարեցված «Մարդուիրավունքների եւհիմնարար ազատություններիպաշտպանության մասին»Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 11 հոդվածի 2-րդ մասի բառացի կրկնությունն է:

Չնայած դրան, հիշյալ դրույթի«պետական անվտանգության» եւ«անկարգությունները» բառերից հետո Կոնվենցիայում ամրագրված է «կամ» բառը, իսկ առաջարկվողփոփոխությունում «եւ» շաղկապը, որն ըստ էության հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ մասին, համաձայն որի` «Այն պայմանների թվարկման ժամանակ, երբբոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամկետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը»:

Առաջարկվող դրույթից ակնհայտ է, որ այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունն է պարտադիր, քանի որ այդ պայմաններն իրարից բաժանված են «եւ» շաղկապով: Մինչդեռ, այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը, քանի որ թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը:

Այս առումով հստակեցմամն կարիք ունի նաեւ Օրենքի նախագծի 12 հոդվածի 5-րդ կետով առաջարկվող Օրենքի 14 հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրությունը:

1.2. Կոնվենցիայի հիշյալ դրույթում ամրագրված է «հասարակության անվտանգության» եւ ոչ թե «հասարակական անվտանգության» բառերը, ինչպես նշված է առաջարկվող փոփոխությունում, քանի որ այն վերաբերվում է հասարակական կարգի պահպանությանը :

1.3. Օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվող փոփոխության 2-րդ պարբերությունը` «Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսելուն զինված ուժերի, ոստիկանության եւ պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ », վերաբերվում է Կոնվենցիայի 11 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերինհավասարապես, եւ ոչ թե Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան սահմանող Օրենքի 1 հոդվածին: Օրենսդրական տեխնիկայի կանոնների համաձայն` չի կարելի իրավական ակտում կրկնել ավելի բարձր կամ հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթները, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղակացուցիչ մասն են, իսկ Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Այսպիսով` Հայաստանի Հանրապետության Սահմանդրությունն ամրագրում է ուղղակի տրանսֆորմացիայի սկզբունքը , համաձայն որի` պետության կողմից կնքված եւ վավարեցված պայմանագրերի նորմերն անմիջականորեն վերածվում են ներպետական իրավունքի նորմերի :

1.4. Օրենքի նախագծի 4 հոդվածով առաջարկվել է դադարեցնել Օրենքի 6 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 3-րդ մասի գործողությունը, համաձայն որի`

«2. Կազմակերպիչը պարտավոր է.

...

6) կրել կազմակերպիչի համար սույն օրենքով սահմանված այլ պարտականություններ:

3. Կազմակերպիչներից առնվազն մեկը պարտավոր է անձամբ ներկա լինել հրապարակային միջոցառման բացմանը եւ չբացակայել հրապարակային միջոցառման անցկացման վայրից մինչեւ դրա ավարտը»:

Առաջարկվող փոփոխությամբ կազամկերպիչների պարտականությունները, ըստ էության չեն վերանում, ավելին` պարզ չէ, թե ինչպես կարող է կազմակերպիչներից առնվազն մեկը ներկա չգտնվել հրապարակային միջոցառմանը եւ միաժամանակ իրականացնել Օրենքի 6 հոդվածով նախատեսված մյուս պարտականությունները:

1.5. Օրենքի նախագծի 11 հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է օրենքի 13 հոդվածի 1-ինմասի 6-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ, որտեղ գործածվում է «ողջամիտ» բառը: Այստեղ այս բառի գործածումն ունի շատ հարաբերական իմաստ, ուստի առաջարկում ենք սահմանել կոնկրետ ժամանակահատված, որի ընթացքում կսահմանափակվի այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:

1.6. Առաջարկում ենք Օրենքի նախագծի 14 հոդվածի 1-ին մասի վերջում ավելացնել «եթե» բառը:

2. «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի(այսուհետ` Օրենքի նախագիծ) վերաբերյալ

2.1. Օրենքինախագծի 1հոդվածով առաջարկվել է ՀՀ Քրեական օրենսգրքի(այսուհետ` Օրենսգիրք) 2251 հովածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը» իսկ նույն հոդվածի 2-րդ մասերի «Անօրինական» բառը փոխարինել «Օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող» բառերով:

Առաջարկվող փոփոխության վերաբերյալ առարկություններ չունենալով` առաջարկում ենք քննարկել հոդվածի դիսպոզիցիայի եւ վերնագրի համապատասխանության հարցը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Մ. Հակոբյան
Ա. Քոչարյան
Ա. Գրիգորյան