ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում եւ նախագծի ամբողջ տեքստում «խնամքի» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «կապակցությամբ» բառը:

2. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում տրվում է «ընտանիքի» հասկացությունը, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. «Չի թույլատրվում իրավական ակտով տալ հասկացության կամ տերմինի սահմանումը, եթե այդ հասկացությունը կամ տերմինը չի գործածվելու տվյալ իրավական ակտում կամ հանրահայտ է: »

Միաժամանակ նշենք, որ եթե, այնուամենայնիվ, «ընտանիք» հասկացության բնորոշումը նախագծում մնալու է, ապա նախագծի 10 հոդվածը իմաստային առումով անհրաժեշտ է վերախմբագրել որպես 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերություն:

3. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է նշել, թե ընտանիքի մյուս չափահաս անդամներ համաձայնությունը ինչպես պետք է արտահայտվի, իսկ 3-րդ եւ 4-րդ մասերում «դիմողը» բառից հետո ավելացնել «կամ նրա չափահաս անդամներից որեւէ մեկը» բառակապակցությունը:

4. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «երկրորդ» բառը առաջարկում ենք փոխարինել «առաջին» բառով, քանի որ դպրոց ընդունվելու կապակցությամբ հիմնական ծախսերը կատարվում են առաջին կիսամյակում եւ նպատակահարմար կլինի օգնությունը տրամադրել առաջին կիսամյակում:

5. Նախագծում հստակեցված չէ այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված եւ նախագծի 12-րդ հոդվածով սահմանված կարգով երեխայի ծննդյան միանվագ օգնություն ստացած քաղաքացին կարող է ստանալ նաեւ նախագծի 21-րդ հոդվածով սահմանվող երեխայի ծննդյան նպաստ:

6. Սույն նախագծով լուծում չի տրվում ներկայումս առկա այնպիսի կարեւոր սոցիալական հարցին, ինչպիսին է ընտանիքի անապահովության աստիճանի աննշան փոփոխության արդյունքում (օրինակ` կենսաթոշակառուների հետ կապված) ընտանեկան նպաստից զրկվելու հնարավորությունը: Այսպիսի դեպքերում ընտանեկան նպաստի համակարգը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ նպաստառուի եկամտի (այդ թվում` կենսաթոշակի) կամ անապահովության աստիճանը որոշող մյուս պայմանների փոփոխության արդյունքում ընտանիքի անապահովության սահմանային միավորից տվյալ ընտանիքի անապահովության միավորն իջնելուն զուգահեռ այդ ընտանիքի եկամուտը կարող է լինել ավելի ցածր, քան բուն ընտանեկան նպաստի չափն է: Արդյունքում, նապաստառու ընտանիքը, որոշ բարելավում արձանագրելու դեպքում կարող է հայտնել ավելի ծանր սոցիալական վիճակում, քան ուներ մինչ այդ բարելավումը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք սույն նախագծի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետի հիմքով ընտանեկան նպաստի վճարումը չի կարող դադարեցվել, եթե ընտանիքի անդամների եկամտի ընդհանուր չափը (առանց ընտանեկան նպաստի) լինում է ավելի փոքր, քան ընտանեկան նպաստի սահմանված չափն է: Այս դեպքում տվյալ ընտանիքը շարունակում է ստանալ ընտանեկան նպաստը` մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընտանեկան նպաստի նոր չափի սահմանումը:»:

7. Առաջարկում ենք նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում ավելացնել «եթե ծնողը մինչեւ երեխայի ծնվելը աշխատում էր» բառակապակցությունը, քանի որ բազմաթիվ դեպքերում ծնողը կարող է մինչեւ երեխայի ծնվելը չաշխատել, ինչը նրան չպետք է զրկի այդ նպաստը ստանալու իրավունքից:

Նույն պատճառաբանությամբ ավելորդ ենք համարում նաեւ 24-րդ հոդվածի 10-րդ կետի «դ» ենթակետը:

8. Նախագծի 5-րդ գլուխն անհրաժեշտ է վերնագրել որպես «Սույն օրենքն խախտելու համար պատասխանատվությունը»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Ա. Սարգսյան