ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Միաժամանակ կից ներկայացվում է Վարչության Տնտեսական քաղաքականության վերլուծության եւ Հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության վերլուծության բաժինների կողմից նախապատրաստված 2004 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ցուցանիշների վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ա. Գալստյան
Ա. Սարգսյան
Ժ. Աբրահամյան
Ա. Սարգսյան

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ցուցանիշների վերլուծության արդյունքների վերաբերյալ

1.Հաշվետու տարում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները փաստում են, որ հանրապետության ֆինանսատնտեսական իրավիճակը բնութագրվել է ընդհանուր առմամբ կայունությամբ, կանխատեսելիությամբ եւ դինամիկ աճով, ինչն ամրապնդել է 2000-2003թթ. ձեւավորված տնտեսական զարգացման ու բյուջետային կուտակված պարտավորությունների թեթեւացման միտումները: Մասնավորապես, 2004թ. գրանցվել է 10.1% տնտեսական աճ /ծրագրավորված 7%-ի փոխարեն/, անվանական ՀՆԱ-ն կազմել է 1.893.4 մլրդ. դրամ` 6% դեֆլյատորի պայմաններում, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը, նախորդ տարվա համեմատ աճելով 17%-ով, հասել է 1104 ԱՄՆ դոլարի: Ինչ խոսք, նման պատկերը, տվյալ տարվա պետբյուջեի կատարման տեսանկյունից, կարելի է գնահատել որպես նպաստավոր եւ հուսադրող, սակայն օրինագծի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բյուջետային եկամուտների գերակատարման պայմաններում հաշվետու տարում տեղ են գտել նաեւ որոշ հոդվածների գծով նախատեսված ծախսերի թերֆինանսավորման դեպքեր` հիմնականում կապված ֆինանսավորման արտաքին աղբյուրներից ակնկալվող միջոցների թերստացման հետ:

2. Նախորդ տարում իրականացված տնտեսական քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք ոլորտներում արձանագրվել են ինչպես դրական արդյունքներ, այնպես էլ որոշակի բացթողումներ: Որպես կարեւոր արդյունքներ կարելի է նշել 2004 թվականի ընթացքում թողարկված ՀՆԱ-ի մեջ փոքր եւ միջին ձեռնարկատիրության տեսակարար կշռի թեկուզեւ փոքր, սակայն աճը (տվյալ ոլորտի բաժինը ՀՆԱ-ում կազմել է 39%), հանրապետություն այցելող զբոսաշրջիկների թվաքանակի ավելացումը (նախորդ տարվա համեմատ 27.5%), օտարերկրյա ներդրումների ծավալի աճը, (33.1%, ընդ որում ուղղակի ներդրումների աճը կազմել է 47.7%):

3. 2004 թվականի պետբյուջեի եկամտային մասը ՀՀ կառավարության կողմից փաստացի գերակատարվել է 2.4 %-ով` եկամուտների ու գրանտների գծով ծրագրված 295.1 մլրդ դրամի դիմաց հավաքագրելով 302.2 մլրդ դրամ: Սակայն, ընդհանուր եկամուտների կազմում մոտ 6.1 մլրդ դրամը կազմել են չնախատեսված մուտքերը /այդ թվում` նաեւ ՀՀ կառավարությանն առնթեր Հարկային պետական ծառայության եւ Մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդերի միջոցները/, առանց որի ապահովվել է եկամտային մասի 100.4 տոկոս կատարողական:

4. Պետբյուջեի հարկային եկամուտների առումով, որպես բացասական միտում, հարկ է արձանագրել նախորդ տարվա համեմատությամբ հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության ծրագրային մակարդակից արձանագրված շեղումը: 2003 թվականի համեմատությամբ հարկեր եւ տուրքեր/ՀՆԱ ցուցանիշը չի նվազել եւ կազմել է 14.1% այն դեպքում, երբ պետական բյուջեում այն կանխատեսվել է 15.1%-ի մակարդակում: Իսկ հարկերի սահունության գործակիցը կազմել է 1.05 2003 թվականի 0.76-ի դիմաց: Փաստորեն, նախորդ տարվա ընթացքում արձանագրված բարձր տնտեսական աճն իր համապատասխան արտացոլումը չի ստացել հարկային եկամուտների աճի մեջ: Այս հանգամանքը, մեր կարծիքով, պետք է բացատրել երկու գործոններով. ա/ Համախառն ներքին արդյունքի աճը էապես պայմանավորված է հարկման դաշտից դուրս գտնվող ոլորտների ունեցած տեսակարար կշռով, ինչի արդյունքում այդ ոլորտների զարգացումն իր ուղղակի արտացոլումը չի ստանում հարկային եկամուտների մեջ, բ/ հանրապետությունում հարկային վարչարարության ցածր արդյունավետությամբ, չնայած այդ ուղղությամբ գործնական քայլեր եւ միջոցառումներ ձեռնարկելու կառավարության շարունակական հավաստիացումներին: Մեր կարծիքով, նշված երկու հանգամանքներն էլ պետք է առաջիկա տարիներին դառնան կառավարության կողմից լուրջ քննարկման առարկա եւ տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը զուգընթաց իրականացվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի Համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքի բարելավմանը եւ հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը:

5. Նախորդ տարվա համեմատությամբ հարկային եկամուտների կառուցվածքը գրեթե փոփոխություն չի կրել: Մասնավորապես, միայն ավելացված արժեքի հարկից եւ ակցիզային հարկից ստացված մուտքերը կազմել են պետական բյուջեի հարկային եկամուտների 63.4%-ը, իսկ շահութահարկից եւ եկամտահարկից ստացված մուտքերը` 21%-ը: Ընդ որում,2004 թվականին կտրուկ փոփոխություն է արձանագրվել շահութահարկի մուտքերում` տարեկան կանխատեսվող մակարդակից պետական բյուջե ավելի է մուտքագրվել 9.3 մլրդ դրամ կամ 41% նախորդ տարվա 19.3% թերակատարման դիմաց:Հատկանշական է, որ վերջին մի քանի տարիներին շարունակաբար դրսեւորվել է շահութահարկի տարեկան ծրագրված մակարդակիթերապահովման միտում: ՀՆԱ-ի նկատմամբ շահութահարկի հարաբերակցությունն աճել է` նախորդ տարվա 1.1 %-ի դիմաց կազմելով 1.7%: Հարկային եկամուտներում շահութահարկի տեսակարար կշիռը 2003 թվականի 9.4%-ից նվազել է մինչեւ 8.3%: Չնայած 2004 թվականի ընթացքում ուղղակի եւ անուղղակի հարկերի հարաբերակցությունը որոշակիորեն բարելավվել է (արձանագրվել է ուղղակի հարկերի տեսակարար կշռի աճ), միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ուղղակի հարկերի մակարդակը դեռեւս ցածր է անցումային շրջանի շատ երկրների համեմատ:

6. Ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ գծով 2004 թվականի պետբյուջեի մուտքերը կազմել են 117.9 մլրդ դրամ` ինչպես միշտ ապահովելով հարկային եկամուտների զգալի /47.1%/ մասը: ՀՆԱ-ի նկատմամբ ավելացված արժեքի հարկի հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատությամբ 6.6%-ից նվազել է եւ կազմել 6.2%: Չնայած դրան, անուղղակի հարկերի բաժինը հարկային եկամուտների կազմում դեռեւս շարունակում է մնալ շատ բարձր /63.4%/, որը հիմնականում պայմանավորված է հենց ԱԱՀ-ի մեծ տեսակարար կշռով: Ակնհայտ է, որ այս հանգամանքը հիմնականում պայմանավորված է անցումային տնտեսության պայմաններում ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման անհրաժեշտությամբ: Ըստ էության, տնտեսության բնականոն զարգացման արդյունքում այս հիմնախնդրի լուծման ակնկալումը շատ երկարատեւ կարող է լինել: Ուստի, ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրմանը զուգահեռ, մեր կարծիքով, այս հիմնախնդրին նույնպես կարելի է ծրագրային լուծում տալ, մասնավորապես` մշակելով եւ հետեւողականորեն իրականացնելով հարկային եկամուտների կառուցվածքի օպտիմալացման երկարաժամկետ ծրագիր` ապահովելով հարկային վարչարարության բարելավման եւ ստվերային տնտեսության ծավալների կրճատման ռազմավարության հետ դրա համահունչ բնույթը:

7. Ընդհանուր առմամբ 2004 թվականի պետական բյուջեի ծախսերի 96.4% կատարողականը, մեր կարծիքով, վկայում է նախորդ տարում իրականացված բյուջետային քաղաքականության ցածր արդյունավետության մասին: Ծրագրային մակարդակից շեղումը, որը կազմել է 12.6 մլրդ դրամ, հիմնականում առաջացել է արտաքին ֆ ինանսավորմամբ իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի, թերակատարման արդյունքում: Փաստորեն, եթե հաշվի առնենք նաեւ դրամի փոխարժեքի տատանումների արդյունքում առաջացած խնայողությունները, ապա կարծում ենք, որ թերակատարումների ծավալը ավելի մեծ կլիներ: Ծախսերի թերակատարման, ինչպես նաեւ ՀՆԱ-ի ծրագրվածից բարձր աճի արդյունքում 2004 թվականին պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցղությունը կազմել է 17.6%` նախատեսված 20.5%-ի դիմաց: Հատկանշական է այն, որ 2003 թվականին այդ ցուցանիը կազմել է 19.3%: Կարծում ենք, որ պետական բյուջեի ծախսային մասի նման կատարողականը լուրջ մտահոգություններիք տեղիք է տալիս, քանի որ նման գործընթացը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել պետական ծախսերի իրականացման սահունության, բյուջետային պարտքերի չկուտակման եւ հատկապես նախորդ տարիներից կուտակված բավականաչափ մեծ ծավալի բյուջետային պարտքերի զգալի մասի մարման հետ:

8. 2004 թվականի պետական բյուջեի ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին ֆինասավորման միջոցների թերստացմամբ: Մասնավորապես, 2004 թվականին արտաքին աղբյուրներից ստացվել են շուրջ 13.7 մլրդ դրամի պաշտոնական տրանս ‎‎ ֆերտներ, որոնք կազմել են ծրագրային մուտքերի 78.9%-ը: Նախատեսված եւ փաստացի հատկացումների միջեւ շեղումը կազմել է շուրջ 3.7 մլրդ դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել Լինսի հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ճապոնիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող մի շարք նպատակային ծրագրերի թերֆինանսավորմամբ` պակաս է ստացվել շուրջ 1.8 մլրդ դրամ: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ արտաքին ֆինանսական միջոցների նման ծավալի նախատեսումը պետական բյուջեում միշտ էլ ի վիճակի է լուրջ դժվարություններ առաջացնել դրանց չստացման դեպքում, առավել եւս այն պարագայում, երբ նախատեսված չեն դրանց չստացման դեպքում ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ կամ ծախսերի կատարման այլընտրանքային ծրագրեր: Խնդիրը կայանում է նրանում, որ նախորդ տարիների փորձը հստակ ի ցույց է դրել ֆինանսավորման արտաքին աղբյուրների ոչ այնքան «վստահելի» լինելու հանգամանքը, ուստի ամբողջ ոլորտներ եւ ճյուղեր հիմնականում այդ աղբյուների հաշվին պահպանելու ռազմավարությունն ի սկզբանե արդեն ռիսկային մոտեցում է եղել, եւ այս հանգամանքն անհրաժեշտ է նկատի ունենալ առաջիկա տարիներին բյուջետային պլանավորման գործընթացում: Ուստի, կարծում ենք, որ պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ անհրաժեշտ է մշակել բյուջետային ֆինանսավորման այլընտրանքային սցենար՝ կապված արտաքին ֆինանսավորման աղբյուրներից նախատեսված միջոցների չստացման հետ:

9. Պետբյուջեի ծախսային մասի կատարման առումով, որպես ընթացիկ եւ առաջիկա տարիների բյուջետային գործընթացի կազմակերպման առաջնային խնդիրներ, անհրաժեշտ ենք համարում, այնուամենայնիվ, ընդգծել կապիտալ ծախսերի եւ տնտեսության որոշ ճյուղերի գծով թերֆինանսավորման հանգամանքները: Կապիտալ ծախսերը հաշվետու տարում կատարվել են 83 %-ով, ինչը կազմել է ընդհանուր ծախսերի 19.8%-ը: Սա դեռեւս բավականին ցածր ցուցանիշ է մեր երկրի համար` հաշվի առած այն հիմնախնդիրները, որոնք առկա են մեզ մոտ եւ պահանջում են կապիտալ բնույթի մեծածավալ ներդրումներ:

10. Ինչ վերաբերում է պետական բյուջեի պակասուրդին, նշենք, որ դրա փաստացի ծավալը կազմել է 31.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այն աճել է 53.5%-ով կամ 11.1 մլրդ դրամով: Բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 1.7 %-ը` նախորդ տարվա 1.9%-ի եւ ծրագրով նախատեսված 3%-ի փոխարեն: Ընդ որում, 2004 թվականին պետական բյուջեի պակասուրդը արտաքին աղբյուրների հաշվին ‎‎ ֆինանսավորվել է 34.9 մլրդ դրամի չափով, կազմելով տարեկան ծրագրով նախատեսված ֆինանսավորման 105.6%-ը: 2003 թվականի համեմատ արտաքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը նվազել է 9.3%-ով: Միաժամանակ, հարկ է արձանագրել նաեւ այն հանգանանքը, որ հաշվետու տարում, պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրների կառուցվածքում 2003 թվականի համեմատությամբ 5.3 անգամ կամ 11.5 մլրդ դրամով աճել է միջինժամկետ պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը, որը բավականաչափ ողջունելի միտում է:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ա. Գալստյան
Ա. Սարգսյան
Ժ. Աբրահամյան
Ա. Սարգսյան