ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Դանիելյանի, Հերմինե Նաղդալյանի, Գալուստ Սահակյանի եւ Սամվել Նիկոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:
1. Նախագծի 2 հոդվածով առաջարկվում է « Օրենսգրքի 117-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված117. Աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կնոջ հետ` հղիության ամբողջ ժամանակահատվածում (բժշ-կական եզրակացության առկայության դեպքում), ծննդաբերության արձակուրդի եւ դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաեւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-7-րդ եւ 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի»:
Մեր կարծիքով, «(բժշկական եզրակացության առկայության դեպքում)» արտահայտությունը կարող է անցանկալի խնդիրներ առաջացնել հետեւյալ իմաստով. այսպես, եթե ակնհայտ երեւում է հղիության փաստը, ապա բժշկական եզրակացություն պահանջելը կարող է ավելորդ լինել, քանզի տարբեր պատճառներով (այդ թվում նաեւ բժշկական) չի կարելի ստիպել հղի կնոջը ենթարկվել տարբեր հետազոտությունների, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ հղիության ընդհատմանը: Բժշկական եզրակացության առկայությունը կարելի է նախատեսել միայն անհրաժեշտ դեպքերում, օրինակ երբ հղիությունը ակնհայտ չի երեւում: Ուստի, առաջարկում ենք «բժշկական եզրակացության առկայության դեպքում» արտահայտությունը փոխարինել «անհրաժեշտության դեպքում բժշկական եզրակացության հիման վրա »:
Բացի այդ, նույն 117 հոդվածում բացառություն կազմող հոդվածներում օրինակ Օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերը իրենց էությամբ հակասում են աշխատող հղի կնոջ առանձնահատկություններին, որոնք բացատրվում են ժամանակավոր ֆիզիոլոգիական փոփոխություններով եւ որոնցով կարող է պայմանավորված լինել նրա կողմից իր աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարումը: Հետեւաբար, նշված կետերը չեն կարող հիմք հանդիսանալ գործատուի նախաձեռնությամբ աշխատող հղի կնոջ աշխատանքային պայմանագրի լուծման համար:
Նույն հոդվածի «5-7-րդ» թվերից հետո բաց է թողնված «կետերով» բառը:
Բացի սա, նույն հոդվածին վերաբերող բացառությունների շարքում նշված է նաեւ Օրենսգրքի 123 հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը, համաձայն որոնց.
«1. Աշխատանքային պայմանագիրն առանց ծանուցման ենթակա է լուծման հետեւյալ դեպքերում, եթե՝
1) առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը:
2) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու համար հատուկ իրավունքներից.
3) աշխատողը, բժշկասոցիալական փորձաքննականհանձնաժողովի եզրակացությանը համապատասխան, չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը կամ կատարել այդ աշխատանքը.
4) աշխատողը տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան է, եւ ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի պետական տեսուչը պահանջում են աշխատանքային պայմանագրի լուծում:»
Տվյալ պարագայում վիճելի է դառնում 123 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի կիրառման դեպքում հնարավոր են աշխատանքային վեճեր: Օրինակ` ոսկերչական արտադրամասերում աշխատողները գործ ունեն թունավոր, վնասակար նյութերի հետ, սակայն բժշկի եզրակացության հիման վրա հղի կնոջը կարող է չթույլատրվել կատարել իր նման բնույթի աշխատանքային պարտականությունները: Եվ քանի որ դա չի բխում գործատուի շահերից, ապա նա առանց ծանուցման կարող է լուծել հղի կնոջ աշխատանքային պայմանագիրը:
Մեր կարծիքով, համաձայն ՀՀ Սահմանադրության 32 հոդվածի.
« մայրությունը եւ մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո », օրենքի նախագծի 123 հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերը չեն կարող վերաբերել այն բացառություններին, որոնք հիմք են հանդիսանում աշխատող հղի կնոջ աշխատանքային պայմանագրի լուծման համար:
ՀՀ ԱԺԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Կ. Հարությունյան