ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Առաջարկում ենք անդրադառնալ Օրենսգրքի 327 հոդվածի` «ժամկետային զիանվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը` այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում» առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում նախատեսող սանկցիայի համաչափությանը` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության օրենդրությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամկետային զինվորական, այլընտրանքային (զինվորական եւ աշխատանքային) ծառայությունների, վարժական հավաքների եւ զորահավաքների համար սահմանված են ծառայության տարբեր ժամկետներ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47 հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:

Այդ պարտականությունը չկատարելու համար Օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն` որոշակի առավելագույն ժամկետով , սակայն նկատի ունենալով, որ նույն Օրենսգրքի 10 հոդվածի` Արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքի համաձայն` «Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար» եւ հնարավոր է, որ անձը պետության առջեւ օրենքով սահմանված իր պարտավորությունը չկատարելու համար դատապարտվի մինչեւ առավելագույն ժամկետի, իսկ հետագայում կրկին զորակոչվելու եւ դրանից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության չենթարկվի, ուստի առաջարկում ենք քննարկել ազատազրկման այլ նվազագույն պատժաչափի հարցը, քանի որ Օրենսգրքի 59 հոդվածի համաձայն` ազատազրկման նվազագույն չափ է սահմանված 3 ամսից, որը կարող է առաջ բերել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու զանգվածայինբնույթ:

Առաջարկում ենք քննարկել նաեւ «վարժական հավաքներ կամ զորահավաքներ » հոգնակի բառերը եզակի դարձնելու հարցը, քանի որ Օրենսգրքի 327 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու համար, որից ենթադրվում է, որ վարժահավաքից կամ զորահավաքից խուսափելը քրեական պատասխանատվություն չի առաջացնում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան
Ա. Քոչարյան