ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»,«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգիրքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգիրքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Ներկայացված նախագծերի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկությունները եւ դիտողությունները.

«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի 15 հոդվածում«կապիտալում» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «կամ արտադրական կոոպերատիվի փայահավաք կապիտալում» բառակապակցությունը:

Նախագծի 32 հոդվածում «հրաժարվել» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «անորոշ ժամկետում կնքված» բառակապակցությունը, այլապես ստացվում է, որ անգամ որոշակի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը կարող է կամայականորեն լուծվել մյուս կողմին` մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում` երեք ամիս առաջ տեղեկացնելով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի 1 հոդվածի վերջին մասում անհրաժեշտ է հստակեցնել «շարունակելը» բառը, արդյո՞ք, այն վերաբերվում է ինքնակամ կառուցված շենքերի եւ շինությունների շինարարության շարունակմանը, թե, նաեւ, նոր ինքնակամ կառույցի շինարարություն սկսելուն:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենքի նախագծի 8 հոդվածից անհրաժեշտ է հանել «ինչպես» բառը:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 6 հոդվածում տրված է «անշարժ գույքի» բնորոշում, որը էապես տարբերվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում սույն փաթեթով առաջարկվող «անշարժ գույքի» բնորոշումից:

2. Նախագծի 9 հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունը ավելորդ է, քանի որ համապատասխան դրույթը արդեն իսկ ամրագրված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում:

3. Նախագծի 10 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, կարծում ենք ավելորդ է: Ըստ էության պայմանագրի կողմերից որեւէ մեկի համար նշանակություն չպետք է ունենա, թե ինչ նպատակով է կատարվելու գնահատումը: Պատվիրատուն կարող է գույքը գնահատելիս նպատակ ունենալ այն ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ գնահատումից հետո մտադրությունը փոխել եւ գնահատման արդյունքը օգտագործել այլ նպատակներով:

4. Նախագծի 11 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում, որպես անշարժ գույքի գնահատման հաշվետվության պարտադիր վավերապայման, սահմանում է «անշարժ գույքի լավագույն եւ առավել արդյունավետ օգտագործման վերլուծությունը», մինչդեռ, մեր կարծիքով, սա որպես հաշվետվության պարտադիր վավերապայման պետք է նշվի միայն այն դեպքում, երբ պատվիրատուն նման վերլուծության մասին ցանկություն հայտնի:

5. Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը հակասում է հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, համաձայն որի հնարավոր են դեպքեր, երբ անշարժ գույքի գնահատման դասական երեք դեպքերից կիրառվեն մեկը կամ երկուսը` պատճառաբանելով մյուս մեթոդների կիրառման անհնարինությունը:

6. Նախագծի 12 հոդվածի վերնագիրը, ըստ էության, իրենից ներկայացնում է անշարժ գույքի գնահատման հաշվետվություն սահմանում եւ հետեւաբար պետք է տեղ գտնի նախագծի 4 հոդվածում:

7. Նախագծի 17 հոդվածի 3-րդ մասում «անշարժ գույքի» բառակապակցությունը անհրաժեշտ է փոխարինել «տվյալ անշարժ գույքի սեփականատեր կամ տվյալ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի» բառակապակցություններով:

8. Նախագծի 19 հոդվածի 2-րդ մասով լիցենզավորող հանձնաժողովի կազմում ընգրկվում են նաեւ լիցենզավորված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց ներկայացուցիչները (գնահատողները), սակայն հստակեցված չէ թե նրանք ի՞նչ կարգով, ի՞նչ համամասնությամբ են ընդգրկվելու: Հնարավոր են դեպքեր, երբ նման մեկ կազմակերպության ներկայացուցիչները մշտապես ներկայացված լինեն հանձնաժողովում, իսկ մյուս կազմակերպությունը ընդհանրապես երբեւէ ներկայացված չլինի: Կարծում ենք, որ նրանց ընդգրկումը պետք է կատարվի ռոտացիոն կարգով:

9. Միաժամանակ վերոհիշյալ հոդվածում անհրաժեշտ է ավելացնել դրույթ, համաձայն որի, եթե լիցենզավորող հանձնաժողովի նիստում քննարկվում է այն կազմակերպությանը լիցենզիա տալու, լիցենզիայի գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցը, որի ներկայացուցիչը հանձնաժողովի անդամ է, ապա վերջինս քվեարկությանը չպետք է մասնակցի:

10. Նախագծի 22 հոդվածի 2-րդ մասի համաձայն, վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է մասնակցել մասնագիտական որակավորման նոր քննությունների: Կարծում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատավճռի առկայության դեպքում անձը պետք է հնարավորություն ունենա մասնակցել մասնագիտական որակավորման քննության միայն եթե վերացել են դադարեցման համար հիմք ծառայած հանգամանքները, օրինակ` բեկանվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ դատարանի դատավճիռը:

11. Ընդ որում, ինչպես նշեցինք, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանը կայացնում է վճիռ, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում` դատավճիռ:

12. Նախագծի 23 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «գ» ենթակետում պարզ չէ թե ինչ ասել է «կասեցնում է անշարժ գույքի գնահատման գործունեությունը», քանի որ անշարժ գույքի գնահատման լիցենզիան կարող է կասեցնել միայն նշված լիցենզիա տրամադրող մարմինը` լիցենզավորման հանձնաժողովը:

13. Նախագծի 24 հոդվածում անհրաժեշտ է ավելացնել դրույթ, համաձայն որի օրենքի պահանջները չպահպանելու համար պատասխանատվության է ենթարկվում նաեւ լիազոր մարմինը եւ նրա պաշտոնատար անձինք:

Փաթեթում ներկայացված մյուս օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չունենք:

ՀՀ ԱԺԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
 Ա. Հայկյանց
Ա. Երեմյան
Ա. Սարգսյան