Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1) Նախագծի 19 հոդվածով առաջարկվում է «Վարչական իրավավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 305 հոդվածը լրացնել նոր նախադասությամբ, որի համաձայն. «Սույն օրենսգրքի 123-129-րդ , 132-134.1-րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակվելուց, իսկ տուգանքը նշանակվելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում, բողոքն առանց բավարարման թողնելուց հետո 30-օրյա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է»:

Սույն օրենսգրքի 123-129-րդ , 132-134.1-րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակվելուց, իսկ տուգանքը նշանակվելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում, բողոքն առանց բավարարման թողնելուց հետո 60-օրյա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման:»:

Այսինքն, հիշյալ լրացմամբ առաջարկվում է օրենսգրքում ստեղծել նախադեպ, որով տուգանք է նախատեսվում տուգանք չվճարելու համար: Մինչդեռ նշենք, որ տուգանքը որպես պատժի տեսակ կայուն է, այն որոշվում է պատժամիջոցը սահմանելու պահին եւ դրա չափը կարող է նվազել, սակայն չի կարող ավելանալ` ելնելով վարչական իրավունքի սկզբունքներից:

Օրենսգրքի 23 հոդվածի համաձայն տուգանքը տույժի վարչական պատժի տեսակ է: Բացի տուգանքից, հիշյալ հոդվածի համաձայն կան նաեւ տույժի այլ տեսակներ, որոնց մեջ կա տուգանքից ավելի խիստ պատժի տեսակներ: Ուստի, առաջարկում ենք քննարկել զանցանք կատարած անձանց տուգանք չվճարելու դեպքում պատիժը խստացնելու նպատակահարմարությունը ` այն է տուգանքը փոխարինել մեկ այլ տույժով:

Օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 51 հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն.

«1. Տուգանքը դրամական տուժանք է, որը սահմանվում է պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձի) երեսնապատիկից հազարապատիկի չափով:

3. Եթե դատապարտվողը, անձնական կամ նյութական դրությունից ելնելով, ի վիճակի չէ անհապաղ եւ ամբողջությամբ վճարել տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասերը ժամանակին չի մուծում:

4. Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը կարող է տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինել հանրային աշխատանքներով՝ հանրային աշխատանքի տասը ժամը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:

Բացի վերոգրյալից հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծի 19 հոդվածով նախատեսվել է օրենսգրքի 305 հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ, սակայն հիշյալ հոդվածը լրացվել է երկու նոր մասերով, որը հստակեցման կարիք ունի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ `
Հ. Իսրաելյան
Մ. Հակոբյան